չորեքշաբթի, 7 սեպտեմբերի 2011
Տիգրան Սարգսյանը ներկա է եղել Անդրանիկ Մարգարյանի 60-ամյակին նվիրված ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղին
Վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է եղել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպվող ֆուտբոլի մրցաշարի մարզային փուլի եզրափակիչ խաղին, որը տեղի է ունեցել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում: Ֆուտբոլային առաջնությունն անցկացվում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության տարածքային կազմակերպությունների միջև՝ նվիրված Անդրանիկ Մարգարյանի 60-ամյակին:
Մրցաշարի մարզային փուլի առաջին տեղի համար պայքարում էին Կոտայքի մարզի «Հրազդան» և Արմավիրի մարզի «Մեծամոր» թիմերը, որոնց մրցապայքարում 2:1 հաշվով առավելության է հասել Արմավիրի «Մեծամորը»: Հաղթանակ տարած թիմի ֆուտբոլիստներին հաղթական գավաթը հանձնել է անձամբ վարչապետը: Կառավարության ղեկավարը շնորհավորել է ֆուտբոլիստներին և մաղթել նորանոր հաղթանակներ:
Մարզային փուլում առաջին տեղը զբաղեցրած թիմը մրցաշարի եզրափակիչում կմրցի «Երևանի գավաթ» մրցաշարում հաղթանակ տարած «Մալաթիա-Սեբաստիա» թիմի հետ։
Առաջնության անցկացման նպատակը երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի սերմանումն է, ինչպես նաև ֆուտբոլի մասսայականացումն ու զարգացումը: