Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 8 սեպտեմբերի 2011

Բարձրացել է Հայաստանի ազգային մրցունակության վարկանիշը





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Բացելով նիստը, վարչապետը կառավարության անդամների անունից փայլուն հաղթանակների կապակցությամբ շնորհավորել է ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներին, ֆուտբոլասերներին, երախտիքի խոսք հղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և ֆեդերացիայի նախագահին։ Տիգրան Սարգսյանն արձանագրել է, որ ֆուտբոլը փուլ առ փուլ ավելի մասսայական է դառնում Հայաստանում, ինչը շատ ուրախալի է։
Այնուհետև վարչապետն անդրադարձել է ազգային մրցունակության զեկույցին, որի տվյալներով Հայաստանն զգալիորեն բարելավել է իր վարկանիշը, նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել հնարավորինս աջակցել պետեկամուտների կոմիտեին` հարկերի հավաքման գործընթացն արդյունավետ կազմակերպելու գործում (Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը կայքում տեղադրված է առանձին)։
Օրակարգի հաստատումից հետո կառավարությունը ձեռնամուխ է եղել նախատեսված հարցերի քննարկմանը։


Օրակարգում է հիդրոէներգետիկայի հետագա զարգացումը

ՀՀ կառավարությունն իր նիստում հաստատել է ՀՀ «Հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագիրը», որտեղ ամրագրվել են հիդրոէներգետիկայի զարգացման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող հստակ նպատակները, դրանց իրականացման սկզբունքները, ինչպես նաև համապատասխան թիրախները։ Ակնկալվում է, որ փաստաթղթի ընդունմամբ երկրում լրացուցիչ կստեղծվի էլեկտրաէներգիա արտադրող 450 Մվտ հզորություն, կընդլայնվի սեփական վերականգնվող էներգառեսուրսների օգտագործումը, զգալիորեն կնվազի Հայաստանի էներգետիկ կախվածությունը ներկրվող ածխաջրածնային վառելիքից, կկրճատվի դրա այրումից առաջացող ջերմոցային գազի արտանետումը մթնոլորտ։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկվել է ոլորտի կարգավորման իր գործառույթներն իրականացնելիս առաջնորդվել սույն որոշմամբ հաստատված ռազմավարությամբ։
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ գազաքիմիական ճյուղի վերակառուցման ծրագրին, մեկ այլ որոշմամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկել փոքր ՀԷԿ-երի համար առավելագույն հզորություն սահմանել մինչև 30 Մվտ տեղակայված հզորությունը։
Ավելի վաղ ընդունած մի շարք որոշումներում կատարած փոփոխություններն ու լրացումներն ուղղված են ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող «Արգելոցապարկային համալիր», «Խոսրովի անտառ» պետական արգելոց», «Շիկահող» պետական արգելոց», «Արփի լիճ» ազգային պարկ», «Արևիկ» ազգային պարկ», «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ների կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը։ Նախատեսվում է ստեղծել կոլեգիալ կառավարման մարմին` խորհուրդ` դրան վերապահելով կառավարչական և վերահսկողական որոշ գործառույթներ։


Հաստատվել է հողի բերրի շերտի օգտագործման կարգը

Կառավարությունը հաստատել է հողի բերրի շերտի օգտագործման կարգը և հաշվառման ձևը։ Որոշման նպատակն է պարզեցնել և մատչելի դարձնել Հայաստանի հողի բերրի շերտի հանման, տեղափոխման, պահպանման, հաշվառման ու վերահսկման գործընթացները, հստակեցնել հողամասերի սեփականատերերի իրավասությունները։
Արմավիրի մարզի սոցիալ-տնտեսական հրատապ լուծում պահանջող խնդիրները մեղմելու նպատակով գործադիրը մարզպետարանին է հատկացրել 100 մլն դրամ։
Փոփոխելով իր նախկին որոշումներից մեկով հաստատած «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը», կառավարությունը հեշտացրել է մաքսային հսկողության ընթացքում կարագը մարգարինից և սփրեդից տարբերելու գործընթացը` կարգավորելով հանրապետություն ներկրվող կաթնամթերքի նույնականացումը և մեծացնելով պետական վերահսկողության արդյունավետությունը։
Կառավարության որոշմամբ փոփոխվել է նաև «Ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման և վնասազերծման կարգը», որով ապահովվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մասնակցությունը ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքին։ Մեկ այլ որոշման փոփոխությամբ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը նշանակվել է Հայաստանի ականազերծման ծրագրի իրականացման` ՀՀ կառավարության անունից համագործակցող մարմին։
Գործադիրը հաստատել է անձնական հաշվի քարտից հատուկ անձնական հաշվի քարտ (և հակառակը) հաշվանցում կատարելու կարգը, որի դրույթները տարածվում են 2011 թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված արտերկրի երաժիշտների մասնակցությամբ համերգաշարի կազմակերպման նպատակով «Հայ ժամանակակից երաժշտության կենտրոն» հասարակական կազմակերպությանը որպես նվիրատվություն տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացվել է 50 մլն դրամ։
Նիստում հաստատվել է «Աջակցություն գրականության հրատարակմանը» ծրագրով նախատեսված հատկացումների բաշխումն ըստ առանձին հրատարակումների և իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտների։ Որոշման հիմնական նպատակն ստեղծագործողներին և հրատարակչություններին աջակցություն ցուցաբերելն է` հրատարակելու ժամանակակից գեղարվեստական, մանկական, թարգմանական, ինչպես նաև գիտահանրամատչելի գրականություն։
Կառավարության որոշմամբ «Տերյան» մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությանն անհատույց 10 տարի ժամկետով 145 քառ. մետր տարածք է տրամադրվել Երևանի Տերյան 72 հասցեում գտնվող 2-րդ մասնաշենքի կիսանկուղային հարկում։
Գործադիրը հաստատել է ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման արտոնագիր ստացած անձանց կողմից արտոնագրող մարմին ներկայացվող հաշվետվության կարգը և ձևը։


Փոխվում է ուսուցիչների ատեստավորման ընթացակարգը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, ինչը պայմանավորված է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների ատեստավորման և որակավորման տարակարգերի շնորհման, ուսուցիչներին հավելավճար սահմանելու գործընթացներն առավել արդյունավետ դարձնելու անհրաժեշտությամբ։ Կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ արդարադատության ակադեմիայի մասին» և ևս հինգ օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով կկարգավորվեն ակադեմիայի գործունեության հետ կապված հասարակական հարաբերությունները, կիրականացվի դատական ու դատախազական համակարգերի կադրերի պատրաստման միասնական պետական քաղաքականություն։
ՀՀ կառավարությունը քննության է առել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արա Բաբլոյանի և Մկրտիչ Մինասյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Երեխաների կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի, ևս ՀՀ յոթ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը։ Արձանագրելով նախաձեռնության կարևորությունը և հրատապությունը, գործադիրն իր հերթին ներկայացրել է մի շարք առաջարկություններ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի նախագծերը։
Վերը նշված օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։


Այլ հարցեր

Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը և նկատի առնելով, որ 2011 թ. սեպտեմբերի 21-ին նշվում է Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձը, կառավարությունը որոշել է սահմանել, որ 2011 թվականին Երևանի օրը բացառության կարգով նշվելու է սեպտեմբերի 21-ին։
Իր նիստում գործադիրը փոխել է Արմավիրի մարզի Արևաշատի գյուղական համայնքի հողերի մի մասի օգտագործման կատեգորիան` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով թռչնաֆաբրիկա կառուցելու համար։
Կառավարությունը երեք տարի գործողության ժամկետով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և ՀՀ կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր է տվել Աբովյան քաղաքի «Կոտայք» ՍՊԸ-ին։
Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում է տրվել աշխարհի մի շարք առաջատար բուհեր ընդունված ՀՀ 26 քաղաքացու։
Գործադիրը հաստատել է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» և «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» ՊՈԱԿ-ների ռեկտորների պաշտոններում համապատասխանաբար Շահեն Շահինյանի և Արա Ավետիսյանի ընտրության արդյունքները։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ