հինգշաբթի, 8 սեպտեմբերի 2011
Տիգրան Սարգսյան. «Հայաստանի կրթական ոլորտի զարգացման տեսլականը համահունչ է Բոլոնիայի գործընթացի էությանը»
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի և Լեհաստանի Բոլոնիայի գործընթացի համանախագահության շրջանակում Երևանում մեկնարկած «Բարձրագույն կրթության ֆինանսավորում» խորագրով երկօրյա միջազգային համաժողովի բացմանը: Համաժողովի նպատակը բարձրագույն կրթության ֆինանսավորման մեխանիզմների, կրթության որակի, հավասարության, արդյունավետության և մի շարք այլ հարցերի շուրջ տեսակետների ու կարծիքների փոխանակումն է: Համաժողովի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն Բոլոնիայի գործընթացի շրջանակում Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի զարգացումները և ռազմավարական ծրագրերը:
Կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համաժողովն իր ներդրումն է ունենալու մեր երկրում բոլոնյան գործընթացի խորացման և զարգացման գործում: «Մեզ համար մեծ պատիվ է այս տարվա ընթացքում Լեհաստանի հետ համատեղ համանախագահել բոլոնյան գործընթացը: Այս համաժողովի՝ Երևանում անցկացնելու խորհուրդն այն է, որ մենք այս տարի նշում ենք Հայաստանի անկախության 20-ամյակը: Այդ տեսակետից կրթական համակարգը հանդիսանում է մեր կառավարության ծրագրային առաջնահերթ ուղղություններից մեկը», - ասել է գործադիրի ղեկավարը:
Տիգրան Սարգսյանն ընդծել է, որ Հայաստանի ապագան կառավարությունը տեսնում է միայն գիտելիքահեն տնտեսության և հասարակության ձևավորման մեջ: «Գաղտնիք չէ, որ գիտելիքահեն հասարակություն կարելի է կառուցել՝ ունենալով ժամականակից համալսարաններ: Մեր այս տեսլականը համահունչ է այն զարգացումներին, որոնք այսօր տեղի են ունենում Եվրոպայում և համահունչ են բոլոնյան գործընթացի էությանը: Մեր կրթական հաստատություններն իրենց օրենսդրությամբ և կառուցվածքով համապատասխանում են այն չափանիշներին, որոնք առկա են Եվրոպայում, սակայն բովանդակային առումով դեռևս ունեն լրջագույն մարտահրավերներ, և առաջին հերթին խոսքը գնում է կրթության որակի մասին», - ասել է վարչապետը:
Ըստ նրա` կառավարության համար կրթության ոլորտում թիվ մեկ սկզբունքն արդար մրցակցության ապահովումն է: «Դա նշանակում է, որ մենք չպետք է խտրական մոտեցում դրսևորենք պետական և մասնավոր բուհերի նկատմամբ, և պետության ֆինանսավորումը պետք է հասանելի լինի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բուհերին` ելնելով նրանից, թե ինչ աստիճանի որակյալ ծառայություններ են նրանք առաջարկում»,- ընդգծել է վարչապետը` ավելացնելով, որ այդ տեսակետից խստացվում է բուհերի լիցենզավորման գործընթացը: Այս առումով հավատարմագրման ինստիտուտի կայացումն ունի կարևոր նշանակություն:
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ այս շաբաթ հրապարակված Ազգային մրցունակության զեկույցում Հայաստանն արձանագրել է առաջընթաց, մասնավորապես, վարկանիշային աղյուսակում մեր երկրի դիրքը բարձրացել է 6 կետով: «Հայաստանի կրթական համակարգի` զեկույցում բնութագրվող ցուցանիշները կրթության հասանելիության տեսակետից գերազանցում են մեր երկրի ընդհանուր վարկանիշը: Ե՛վ բարձրագույն, և՛ միջնակարգ կրթության հասանելիության տեսակետից մենք ամրապնդել ենք դիրքերը: Այս առումով կարող ենք ասել, որ Հայաստանում հիմնական խնդիրը ոչ թե կրթության մատչելիության ապահովումն է, այլ կրթության որակը: Կառավարության ջանքերը պետք է միտված լինեն հենց որակի բարձրացմանը», - նշել է վարչապետը՝ տեղեկացնելով, որ կրթության և գիտության նախարարության կողմից ընտրված համակարգային զարգացման ռազմավարությունը հիմնված է եվրոպական չափանիշների վրա: «Բոլոնյան գործընթացն էապես օժանդակում է մեզ այդ բարեփոխումների իրականացման գործում»,- նշել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ ներկայում մեզ համար դեռևս բանավեճային խնդիր է, թե որն է կրթության ոլորտի ֆինանսավորման լավագույն մեխանիզմը: Նա համոզմունք է հայտնել, որ համաժողովի մասնակիցները կստանան իրենց հետաքրքրող պատասխանները և կգտնեն այն միջոցները, որոնք կնպաստեն կրթական ոլորտի զարգացմանն ու արդիականացմանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը և դրանց ուղիները: «Բարձրագույն կրթական համակարգը ոչ միայն գիտելիքներ ստեղծող, այլև զարգացած, կիրթ քաղաքացիներ պատրաստող համակարգ է, ինչը կարևոր է նաև պետականության հիմքերի ամրապնդման, յուրաքանչյուր քաղաքացու հաջողության և բարեկեցության տեսակետից: Այս առումով ՀՀ կառավարության ընդունած բարձրագույն կրթության ֆինանսավորման նոր ռազմավարությունը ենթադրում է երեք տարվա գործողությունների ծրագիր, որը կարևոր է նաև կրթական ոլորտում մեր երկրի եվրաինտեգրման տեսակետից: Բոլոնիայի գործընթացն այն հարթակն է, որտեղ եվրաինտեգրման ուղին առավել արագ և ավելի մեծ հաջողություններով է հնարավոր անցնել: Այն հնարավորություն է տալիս Հայաստանին հաղորդակցվել եվրոպական լավագույն կրթական փորձին և դառնալ եվրոպական կրթական համակարգի լիիրավ անդամ»,- նշել է Արմեն Աշոտյանը:
Համաժողովին մասնակցում են նաև Լիտվայի կրթության և գիտության նախարար Գինտարաս Ստեպոնավիչիուսը, բուհերի ռեկտորներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: