հինգշաբթի, 8 սեպտեմբերի 2011
Վարչապետն ընդունել է Լիտվայի կրթության և գիտության նախարարին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության կրթության և գիտության նախարար Գինտարաս Ստեպոնավիչիուսին:
Ողջունելով հյուրերին` կառավարության ղեկավարը կարևորել է այսօր Երևանում մեկնարկած «Բարձրագույն կրթության ֆինանսավորում» խորագրով երկօրյա միջազգային համաժողովի աշխատանքները, որի նպատակը բարձրագույն կրթության ֆինանսավորման մեխանիզմների, կրթության որակի, հավասարության, արդյունավետության շուրջ կարծիքների և փորձի փոխանակումն է: Վարչապետ Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Ուրախ ենք, որ Հայաստանը Լեհաստանի հետ համանախագահելու է Բոլոնիայի գործընթացում: Մեզ համար պատիվ է Հայաստանում ընդունել տարբեր երկրների պատվիրակություններին և քննարկել նրանց հետ կրթության ոլորտի ֆինանսավորման հարցերը»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պարոն Ստեպոնավիչիուսը նշել է, որ նմանատիպ միջոցառումները հնարավորություն են տալիս ամրանդել և խորացնել երկկողմանի կապերը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կրթության և գիտության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները: Այդ համատեքստում վարչապետն անդրադարձել է Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ընդգծել բուհերի միջազգային հավատարմագրման կարևորությունը: Իր հերթին Լիտվայի կրթության և գիտության նախարարը մանրամասներ է ներկայացրել իր երկրում կրթական բարեփոխումների իրականացման ընթացքի, բուհերի հավատարմագրման գործընթացի, բարձրագույն կրթության ֆինանսավորման մեխանիզմների և արդյունքների վերաբերյալ:
Խոսելով ընդհանուր պատմական անցյալի մասին՝ կողմերն ընդգծել են բարեփոխումների հաջող իրականացման գործում խորհրդային մտածելակերպի փոփոխության անհրաժեշտությունը:
Գինտարաս Ստեպոնավիչիուսն ընդգծել է, որ Լիտվան պատրաստակամ է աջակցելու Հայաստանին եվրոպական ինտեգրման ու բարեփոխումների իրականացման գործընթացներում և կիսվել իր լավագույն փորձով: Նա տեղեկացրել է, որ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել 1915 թ. Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` ընդգծելով, որ Լիտվայի խորհրդարանը 2005 թ. դեկտեմբերի 15-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: