հինգշաբթի, 4 դեկտեմբերի 2003
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Կառավարությունը հաստատել է տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը, դրա իրականացման ժամանակացույցն ու առողջապահական ազգային ծրագրերը համակարգող հանրապետական միջգերատեսչական խորհրդի կազմը: Ծրագրի նպատակն է հանրապետության բնակչությանը պաշտպանել այդ հիվանդության տարածման վտանգից, ապահովել տուբերկուլյոզի կանխարգելման, հայտնաբերման և բուժման միջոցառումների անընդմեջ և համակարգված իրականացումը:
Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավմանն աջակցելու նպատակով, գործադիրը որոշել է համայնքի թվով 66 վարկառու ընտանիքի ազատել 1998թ. նոր բնակարան գնելու համար կառավարության որոշմամբ հատկացված վարկերի վերադարձման պարտավորություններից՝ ընտանիքի անդամների թվի նորմերին համապատասխանող տվյալ բնակավայրերում արտոնությունների տրամադրման պահին ձևավորված շուկայական արժեքի չափով: Վարկի մնացած մասի և հաշվարկվող տոկոսագումարների վճարման սկիզբը նախատեսվել է 2007 թ.-ից:
Այսօրվա նիստում կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ նախագահին՝ 2003թ. դեկտեմբերի 12-ին, ժամը 10:00-ին գումարել ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ընդգրկելով «ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը (քննարկման շարունակությունը); պետբյուջեի կատարումն ապահովող մի շարք օրենքների նախագծեր և այն օրինագծերը, որոնք կառավարության որոշմամբ համարվել են անհետաձգելի:
ՀՀ 2003 թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2003 թ. փետրվարի 6-ի «ՀՀ 2003թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելով, գործադիրը որոշել է 2003թ. պետական բյուջեով Մուղնիի կամրջիշինարարության ավարտի համար հատկացված 14 մլն 500 հազար դրամը ուղղել 2003թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսված «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» ծրագրին: Որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ Մուղնիի կամրջի շինարարությունը 2003 թ. իրականացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով: Ազատված գումարից 8965,42 հազար դրամը որոշվել է տրամադրել Սյունիքի մարզի Ույց գյուղի կամրջի, իսկ 5534,58 հազար դրամը՝ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի կամրջի հիմնանորոգման աշխատանքների ավարտմանը:
Փոփոխություն և լրացում է կատարվել նաև ՀՀ կառավարության 2002 թ. դեկտեմբերի 13-ի N2034-Ն որոշման մեջ, որի նպատակը գործատուների մոտ վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքից ազատման իրավահարաբերությունների կանոնակարգումն է:
Ելնելով «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտը և Արփա-Սևան ջրատարը որպես մեկ միասնական համակարգ՝ Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույց, շահագործելու անհրաժեշտությունից, կառավարությունը որոշել է օբյեկտի շահագործման հանձնման նախատեսվող ժամկետ սահմանել 2004 թ. մայիս ամիսը, իսկ օբյեկտի վերջնական հանձնում-ընդունումը նախատեսել մինչև 2004 թ. հունիսի 30-ը:
Մեկ այլ որոշմամբ, գործադիրը հաստատել է միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ կազմելու կարգը: Որոշումն ընդունվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատելու, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, անմեղսունակ կամ սահմանափակ մեղսունակ ճանաչելու, ինչպես նաև բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետ կապված հարցերը կանոնակարգելու նպատակով:
Փոփոխություններ կատարելով ՀՀ կառավարության 2001 թ. դեկտեմբերի 1-ի «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N1192 որոշման մեջ, կառավարությունը որոշել է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել է հանձնաժողովի անհատական կազմը: Միջգերատեսչական հանձնաժողովն ստեղծվել է քաղաքացիների ամրագրման կարգն ու ամրագրման ենթակա մասնագիտությունների և պաշտոնների ցանկը մշակելու նպատակով: Գործադիրը հավանություն է տվել նաև «ՀՀ զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին:
Ղեկավարվելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Հռոմի 1950թ. Կոնվեցիայով և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունն ապահովելու նպատակով կառավարությունը ՀՀ արդարադատության նախարարության կազմում հիմնել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոն և հաստատել լիազոր ներկայացուցչի վերաբերյալ կանոնակարգը:
Գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ:
Կառավարությունը որոշումներ է ընդունել ՀՀ Արմավիրի և Կոտայքի մարզերի մի շարք գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու մասին:
Նիստում հաստատվել են նաև ՀՀ Շիրակի մարզի Մեղրաշենի, Կոտայքի մարզի Զովաշենի, Արմավիրի մարզի Նորապատի, Մայիսյանի և մի շարք այլ գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները: