երեքշաբթի, 20 սեպտեմբերի 2011
Տիգրան Սարգսյան. «Մեր ժողովուրդը 21-րդ դարում կերտելու է ամուր, ուժեղ և ժողովրդավարական պետություն»
«Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է էապես ավելացնել ջանքերը՝ բարեփոխումների ոլորտում, որպեսզի կառավարության կողմից հռչակված նպատակներն ավելի արագ տեմպերով ներդրվեն մեր երկրում»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ սեպտեմբերի 19-ին Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում «European press club»-ում հայկական և եվրոպական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Վարչապետն անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին, հայ-բելգիական բիզնես կապերի զարգացմանն ու հեռանկարներին, ինչպես նաև վերջին 20 տարիների ընթացքում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, կառավարության առաջիկա քայլերին և նպատակներին:
Կառավարության ղեկավարը նշել է, որ ԵՄ-ին ներկայացված նոր բարեփոխումների փաթեթը նշանակում է ծրագրերի և Եվրամիությունից Հայաստանին տրամադրվող ֆինանսական միջոցների առնվազն եռապատկում:
«Մենք այսօր ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին ներկայացրեցինք Հանրապետության Նախագահի կողմից նախանշված բարեփոխումների նոր փաթեթը, որն ընդգրկում է 33 ուղղություն: Այս միջոցառումները համահունչ են մեր ազգային ծրագրի բովանդակությանը և նպատակ ունեն՝ օժանդակելու մարդու իրավունքների պաշտպանության, դատական համակարգի, դատախազության, սննդի անվտանգության, մաքսային, հարկային վարչարարության և այլ ոլորտներում բարեփոխումների իրականացմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, որ նոր հայտի նպատակն է ավելացնել Հայաստանի կարողությունները բարեփոխումների իրականացման համար և ձևավորել ենթակառուցվածքներ, որոնք կհամապատասխանեն եվրոպական չափանիշներին:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ Շտեֆան Ֆյուլեի հետ քննարկվել են այն բոլոր միջոցառումները, որոնք նախապայման են հանդիսանում ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկի համար: «Բոլոր այն միջոցառումները, որոնք ծրագրել ենք Եվրամիության մեր գործընկերների հետ, Հայաստանի կառավարությունը ժամանակին է իրականացնում և չկա որևէ մի կետ, որտեղ չունենք հնարավորություն՝ կատարելու մեր պարտավորությունները: Երևանում շուտով իր աշխատանքները կսկսի ՀՀ կառավարության և ԵՄ-ի համատեղ հանձնաժողովը, որն ըստ ժամանակացույցի գնահատելու է մեր կատարողականը: Այն փաստերը, որ ունենք, հույս են ներշնչում, որ այսօր առկա են բոլոր նախապայմանները՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի շուրջ բանակցությունների սկսման համար: Մենք պատրաստ կլինենք շուտով հայտարարելու այդ մասին»,- նշել է կառավարության ղեկավարը:
Նրա խոսքով՝ ներկայում Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգն իր մեջ ներառում է տասնյակ կետեր, որոնց շրջանակում են մեր երկրում եվրոպական չափանիշներին համապատասխան երեք մաքսային անցակետեր կառուցելու, նրանցում մեկ պատուհանի սկզբունք ներդնելու և հաճախորդների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու ծրագրերը: Բարեփոխումների երկրորդ ուղղությամբ հարկային և մաքսային վարչարարության շուրջ պետք է իրականացվեն օրենսդրական փոփոխություններ, որոնք իրենցից ներկայացնում են տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմանների ստեղծում՝ պետության հետ հարաբերություններում և այլն:
Նոյեմբերին Երևանում տեղի է ունենալու հայ-բելգիական տնտեսական համաժողով, որի կազմակերպման նախաձեռնությունը հայ-բելգիական առևտրային պալատինն է: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ արդեն իսկ ձևակերպվել են համաժողովում քննարկվելիք բիզնես ուղղությունները (դեղագործություն, գյուղատնտեսական ապրանքների վերամշակում, քիմիական արդյունաբերություն, մեքենաշինություն, ապահովագրություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ), ինչպես նաև հստակեցվել դրանց նկատմամբ հետաքրքրություն ունեցող ձեռնարկությունների ցանկը:
Անդրադառնալով Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին և կառավարության ծրագրերին՝ վարչապետը նշել է. «Մենք դեռևս բազմաթիվ չլուծված խնդիրներ ունենք: Մեր կողմից հռչակված արժեքները դեռեևս ամբողջությամբ չեն կիրառվում և իրականացվում, մեր գաղափարները, նպատակները և իրականությունը դեռևս չեն համընկնում, բայց համոզված ենք, որ հաղթահարելով այս 20 տարիների աննկարագրելի դժվարություններն ու բարդությունները՝ մենք ի վիճակի ենք լուծել այսօրվա խնդիրները: Մեր ժողովուրդը 21-րդ դարում կերտելու է ամուր, ուժեղ և ժողովրդավարական պետություն: Ընդամենը պետք է հավատալ և սիրել սեփական հայրենիքը»: