ուրբաթ, 23 սեպտեմբերի 2011
ՀՀ վարչապետ. Եթե մենք չթարմացնենք մեր իդեալները, անհնար կլինի հասնել արդարության մեր ընկալմանը
Նախօրեին կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի բյուրոյի ընդլայնված նիստին և Եվրոպական ժողովրդական կուսակցության ամառային համալսարանի և Եվրոպական գաղափարների ցանցի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բուխարեստում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանը զեկույցով հանդես է եկել նաև համաժողովի առաջին՝ «Սևծովյան տարածաշրջան. Եվրոպական ազդեցության ձևավորումը» խորագիրը կրող լիագումար նիստին:
Տիգրան Սարգսյանն անդրադարձել է արդար հասարակության ձևավորման մարտահրավերներին, նշելով, որ արդարության հաստատումն ամենից առավել վերաբերում է պետությունների արժեքային համակարգերին ու այսօր պարզ է դառնում, որ տնտեսական և սոցիալական բարեկեցությունը պետք է համահունչ լինի հոգևոր արժեքներին: Հասարակություններում արդարության մթնոլորտի ձևավորումը համարելով հույժ կարևոր խնդիր, Տիգրան Սարգսյանն արձանագրել է, որ Եվրոպայի դերը մեծանում է, որպես տարածաշրջանում կայունության երաշխավորի: Անդրադառնալով Եվրոպական արժեքների արմատավորմանը, վարչապետն ասել է, որ անհրաժեշտ են նոր ջանքեր, որպեսզի եվրոպական արժեքներն արմատավորվեն անցումային հասարակությունների քաղաքացիների մոտ: Ունենալով լայն խզում հռչակված և իրականում հանրության մտածողության մեջ գոյություն ունեցող արժեքների մեջ, որոշ խմբեր հենարան են գտնում` առաջարկելու զարգացման հակաժողովրդավարական ավտորիտար մոդելներ: Այս առումով կառավարության ղեկավարը կարևորել է Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը, ինչը կլինի բարեփոխումների նկատմամբ Եվրոպայի վստահության փաստաթղթային ապացույցը: «Այսօր Հայաստանն առավել, քան երբևէ, կարիք ունի այն բանի, որ Եվրամիության հետ համատեղ ծրագրերը տան չափելի արդյունքներ, ինչը կոգեշնչի մեր քաղաքացիներին»: Նշելով, որ Հայաստանն աստիճանաբար վերականգնվում է համաշխարհային ֆինանսական ճգնաժամից, վարչապետն ասել է. «Մեր թիմը լրջորեն խթանել է ջանքերը մեր համատեղ նախագծերի` նոր ինստիտուտների ձևավորման, արդյունավետ կառավարման զարգացման, եվրոպական չափանիշների ներդրման գործում»: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ տեխնիկական օժանդակությունը և ուղղակի բյուջետային աջակցությունը Եվրամիությունից հույժ կարևոր է այս ջանքերն արդյունավետ դարձնելու համար: «Մենք ակնկալում ենք քսանմեկերորդ դարում մարդկության առջև ծառացած հիմնախնդիրներին Եվրոպայի պատասխանին: Հիմնական արժեքներն ու գաղափարները, որ հետապնդում ենք, պետք է վերանայվեն: Այժմ մեր առջև ծառացել է ռեյլատիվիզմի և չափազանցված պահպանողականության իրական վտանգը: Եթե մենք չթարմացնենք մեր իդեալները, անհնար կլինի հասնել արդարության մեր ընկալմանը»,- ամփոփել է Տիգրան Սարգսյանը:
***
Եվրոպայի Ժողովրդական կուսակցության ստեղծվել է 1976թ. որը կոչված է ժողորդավարական թափանցիկ և արդյունավետ Եվրոպա ստեղծելու համար: Լիիրավ անդամներ են` Ավստրիա (Ավստրիայի ժողովրդական կուսակցություն), Բելգիա (Ֆլանդրիա-քրիստոնյա դեմոկրատներ և ֆլանդրիացիներ, Վալլոնիա-Մարդասիրական ժողովրդական կենտրոն), Բուլղարիա (Ժողովրդավարները հանուն ուժեղ Բուլղարիայի), Ժողովրդավարական ուժերի միություն, Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման, Ժողովրդավարական կուսակցություն, Բուլղարիայի ժողովրդական ագրարային միություն- Ժողովրդական միություն¤, Կիպրոս (Ժողովրդավարական ընթացք), Չեխիա (Քրիստոնյա-Դեմոկրատական միություն- Չեխոսլովակիայի ժողովրդական կուսակցություն), Դանիա (Պահպանողական ժողովրդական կուսակցություն, Քրիստոնյա դեմոկրատներ), Էստոնիա (Հայրենասիրական ու հանրապետական միություն), Ֆինլանդիա (Ազգային կոալիցիայի կուսակցություն), Ֆրանսիա (Ժողովրդական շարժման միություն), Գերմանիա (Քրիստոնյա դեմոկրատական միություն, Բավարիայի քրիստոնյա-սոցիալիստական միություն): ԵԺԿ-ի նախագահն է Ուլիֆրեդ Մարթենսը: