երկուշաբթի, 8 դեկտեմբերի 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել մեր երկրի հետ ՀԲ-ի համագործակցության ընթացքին, իրագործվող ծրագրերի արդյունավետությանը տեղում ծանոթանալու, ինչպես նաև համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները քննարկելու նպատակով:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ մեր երկրի փոխգործակցությունը, որի արդյունքները, ըստ նրա, այսօր տեսանելի են Հայաստանի տնտեսության վերջին տարիների զարգացման տեմպերում:
Տեղեկացնելով, որ այս տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը հաստատել է երկու խոշոր կարևորագույն փաստաթուղթ՝ Աղքատության հաղթահարման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարական ծրագրերը, վարչապետը կարևորել է այն փաստը, որ ՀԲ-ն ոչ միայն այս տարվա նոյեմբերին քննարկել և բարձր գնահատականի է արժանացրել Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, այլև հայտնել է նշված ծրագրերի իրականացման հարցում կառավարությանն աջակցելու իր պատրաստակամությունը:
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ արդեն սկսվել են 2004 թ-ից ՀԲ-ի կողմից Հայաստանին աջակցության հերթական միջինժամկետ ծրագրի քննարկումները: Կարևորելով այդ ծրագրի մշակման հաջողությունը, նա հույս է հայտնել, որ դրա իրագործմամբ Հայաստանում բանկի աջակցությամբ իրականացվող բարեփոխումները նոր թափ կստանան:
Հանդիպման ընթացքում Անդրանիկ Մարգարյանն անդրադարձել է նաև Ադրբեջանից բռնագաղթած փախստականների խնդրին, նշելով, որ փախստականների հարցը, նրանց վիճակը քաղաքականացնելու փոխարեն՝ մեր երկիրը զբաղված է այդ մարդկանց սոցիալական խնդիրների լուծմամբ և արդեն բավականին աշխատանք է կատարել:
ՀԲ-ի գործադիր տնօրենների խնդրանքով, ՀՀ վարչապետը ներկայացրել է մեր երկրի տնտեսության ներկայիս վիճակը, խոսել նաև տարածաշրջանային համագործակցության հեռանկարի մասին ու պարզաբանումներ տվել նրանց հետաքրքրող տնտեսական, քաղաքական մի շարք հարցերի շուրջ: