հինգշաբթի, 29 սեպտեմբերի 2011
Եկող տարվանից կենսաթոշակը և նպաստը կբարձրանան, քաղծառայողներին կտրամադրվի սոցիալական ապահովության փաթեթ. վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքը ՀՀ կառավարության նիստում
Հարգելի գործընկերներ,
2012 թվականին մեզ լարված աշխատանք է սպասվում, և ես ցանկանում եմ նաև ավելացնել, որ պետական բյուջեի նախագիծը քննարկվել է Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի հետ, որոնք մեր հիմնական դոնորներն են։ 2012 թվականին մենք նրանցից լրացուցիչ օժանդակություն ենք ակնկալում, ինչպես նաև 2012 թվականի բյուջեի կատարողականի ռիսկերը նվազեցնելու համար` աջակցություն Եվրամիությունից։ Սկզբունքը, որով այսօր միջազգային կազմակերպություններն առաջնորդվում են, (և այդ սկզբունքը համահունչ է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին), հետևյալն է. պետությունները պետք է ձեռնարկեն իրենց սեփական ռեսուրսները բացահայտելու և բարեփոխում իրականացնելու լրացուցիչ միջոցառումներ։ Այն պետությունները, որոնք դա կիրականացնեն, կստանան ավելի շատ լրացուցիչ ֆինանսավորում։ Այս սկզբունքով են պայմանավորված Արժույթի միջազգային հիմնադրամի հետ մեր բանակցությունները` ավելի շատ ռեֆորմ, ավելի շատ ֆինանսավորում, և նույն սկզբունքն ամրագրվել է Եվրամիությունում։ Դա նշանակում է, որ եթե մենք մեր բարեփոխումների ծրագիրն արագ իրականացնենք, մեզ շատ հեշտ կլինի 2012 թվականի խնդիրները լուծել։ Բայց, իհարկե, լարվածությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքով. Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն 10 տարուց ավելի է մշտապես մեր առջև դնում է հետևյալ հարցը` պետական բյուջեի միջոցով բարելավել մեր ֆինանսական միջոցների վերաբաշխումը։ ՀՆԱ-ի մեջ պետական բյուջեի ծախսերի և պետական բյուջեի եկամտի հարաբերակցությունը մեզ մոտ ցածր է, և ամեն տարի Արժույթի միջազգային հիմնադրամում տնօրենների խորհուրդն այս հարցը բարձրացնում է։ Եթե Հայաստանի Հանրապետությունը չի ավելացնելու իր բյուջեի միջոցով ֆինանսական միջոցների վերաբաշխման տոկոսը, ապա դոնորները հրաժարվում են մեզ լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել, որովհետև այդ ռեսուրսները Հայաստանի Հանրապետությունում առկա են։ Ինչո՞ւ պետք է մենք ֆինանսավորենք (սա է նրանց պնդումը) պետական բյուջեի դեֆիցիտը, եթե այդ ռեսուրսները Հայաստանի Հանրապետությունում կան, և իշխանությունները պարտավոր են այդ ռեսուրսները հավաքել։ Մեկ տարվա մեջ 0.6 տոկոսով հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարձրացնելը լուրջ խնդիր է։ Երբեք այդպիսի բեռ պետությունն իր վրա չի վերցրել։ Մեր միջնաժամկետ ծրագրով միշտ նախատեսվում էր 0.3-0.4 տոկոս։ Այս խնդիրը լուծելու համար է, որ մենք Արժույթի միջազգային հիմնադրամի հետ պատրաստել ենք հարկային փաթեթ, որը ենթադրում է, որ այն ոլորտները և այն եկամուտները, որոնք մենք նախկինում չէինք հարկում, բայց այդ եկամուտները կարելի է հարկել, մենք այդ օրենսդրական փոփոխություններով այդ եկամուտները պետք է բացահայտենք և հարկենք, որպեսզի կարողանանք պետական բյուջեով ավելի շատ ֆինանսական միջոցներ վերաբաշխել։ Սա է հարկային փաթեթի տրամաբանությունը, որն արդեն բավական երկար ժամանակ քննարկվում է Պետական եկամուտների կոմիտեի, ֆինանսների նախարարության, էկոնոմիկայի նախարարության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև։ Իհարկե, այս հարցերը քննարկվել են նաև ՀՀ Նախագահի հետ, որովհետև հասկանալի է, որ հարկային փաթեթը, բացի տնտեսականից, ունի նաև քաղաքական բովանդակություն։ Շատ եկամուտ` շատ հարկային վճարումներ – սա պետք է լինի մեր սկզբունքը։ Դա նշանակում է, որ հարկային օրենսդրության մեջ փոփոխություն անելու համար պետք է երկու ճանապարհով գնալ, առաջինը` հարկային բազան պետք է ավելացնենք, և երկրորդը` հարկային վարչարարությունը պետք է բարելավենք։
Հարկային վարչարարության բարելավման հնարավորությունները մենք գնահատել ենք 10-15 մլրդ դրամ այն պարագայում, երբ հարկերը 2011 թվականի համեմատ ավելանալու են շուրջ 100 մլրդ դրամով, իսկ սա լուրջ մարտահրավեր է մեզ համար։ Մեզ առաջին հերթին պետք է օգնի 4.2 տոկոս համախառն ներքին արդյունքի տնտեսական աճը և ծրագրված 4.6 տոկոս դեֆլյատորը, որը նոմինալ կերպով նոր ստեղծված արժեքն ավելացնում է։ Այդ պարագայում լրացուցիչ 40-50 մլրդ դրամ պետք է հավաքենք, եթե նույնիսկ որևէ հարկային բազայի ռեժիմ չփոխվի, քանի որ նոմինալ այդքան աճ է տեղի ունենալու։
Այնուամենայնիվ, մենք պետք է լրացուցիչ հավաքենք մոտավորապես 60 մլրդ դրամ, որը լուրջ խնդիր է։ Այդ տեսակետից հանձնարարական է տրված բոլոր նախարարներին` ամբողջությամբ տիրապետել իրենց ոլորտների հարկային բազային։ Սա լինելու է նրանց անձնական պատասխանատվության խնդիրը 2012 թվականի ընթացքում։ Նախարարները պետք է ամբողջությամբ տիրապետեն, թե իրենց ոլորտներում որքան ՀՆԱ է արտադրվում, նոր ստեղծված արժեքը և հարկման բազան ինչպիսին է, և այդ հարկման բազայից որքան գումար է մուծվում պետական բյուջե։ Ֆինանսների նախարարությունը մյուս նախարարություններից ստացել է իրենց վերլուծությունները և առաջարկությունները, որոնք մենք պետք է ամփոփենք։ Անհրաժեշտ կլինի, որպեսզի նաև միկրոմակարդակով այս խնդրին ևս մեկ անգամ անդրադառնանք։ Եթե մենք հաջողենք այդ խնդրում, ապա երկու անգամ ավելի ֆինանսավորում կստանանք։
Պետական բյուջեում ներդրված սցենարի համաձայն` այդ լրացուցիչ ֆինանսավորումն ստանալու ենք Արժույթի միջազգային հիմնադրամից, Համաշխարհային բանկից և Եվրամիությունից, բայց միայն մեկ պայմանով` մենք պետք է կատարենք մեր ծրագրերը։ Այդ լրացուցիչ ֆինանսավորումը մեզ հնարավորություն է տալու ավելացնել մեր սոցիալական ծախսերը` առաջին հերթին թոշակները, երկրորդ հերթին` սոցիալական նպաստները։ Երրորդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ իրականացնելու ենք աշխատավարձի բարեփոխում։ Քաղծառայողներին տրամադրելու ենք սոցիալական ապահովության փաթեթ։ Նրանք հնարավորություն են ունենալու 2012 թ. օգտվել այդ փաթեթից, մասնավորապես, իրականացնել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման վճարում, ապահովագրական փոլիսների միջոցով իրականացնել իրենց առողջական խնդիրների լուծման ծախսերի փակում, մասնավորապես, միջին հաշվով չորս անդամից բաղկացած ընտանիքը պետության կողմից այդ փոլիսի շնորհիվ ամբողջությամբ ստանալու է անվճար բուժսպասարկում։ Եվ երրորդը, նրանք հնարավորություն են ունենալու իրենց ընտանիքի ուսանողների ուսման վարձերը վճարել այդ միջոցների հաշվին։ Հասկանալի է, որ սա սոցիալական ուղղվածություն ունեցող փաթեթ է, և առաջին հերթին այս փաթեթից շահելու են ցածր եկամուտ ունեցող քաղծառայողները, քանի որ փաթեթը հավասարաչափ է տրամադրվելու նրանց։
Այդ բոլոր միջոցառումները լրացուցիչ ֆինանսավորում են պահանջում, և այդ լրացուցիչ ֆինանսավորումն է մեզ դրդում էապես ավելացնել հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը։
Բացի այդ, 2012 թվականն ունի մեկ այլ առանձնահատկություն ևս. այն է` միջազգային տնտեսական ռիսկերն ավելանում են։ Տեղյակ եք, որ վերջին շաբաթվա ընթացքում Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը ևս մեկ անգամ անդրադարձել են համաշխարհային տնտեսության կանխատեսումներին, և այդ ցուցանիշները նույնպես նվազել են։ Այսինքն, համաշխարհային տնտեսության վիճակն այս պահին բարվոք չէ և այդ ռիսկերը կարող են դրսևորվել 2012 թվականի ընթացքում։ Դա նշանակում է, որ 2012-ին մենք շեշտը դնելու են մեր ռեզերվների և ռեսուրսների բացահայտման վրա։ Բոլոր գերատեսչությունների ղեկավարները պարտավոր են առաջնորդվել հենց այս սկզբունքով։
Հարգելի գործընկերներ,
մենք դեռևս շարունակելու ենք, ինչպես այսօր ձեր բարձրացրած հարցերի, այնպես էլ լրացուցիչ այլ խնդիրների, մասնավորապես, հարկային փաթեթի քննարկումները, քանի որ, իհարկե, հարկային բազան ավելացնելուն ուղղված միջոցառումներում մենք պետք է լինենք շատ զգուշավոր, որպեսզի չհարվածենք տնտեսական աճին, իսկ այդտեղ մենք լուրջ խնդիրներ ունենք։ Մի կողմից` մենք պետք է բացահայտենք այն ոլորտները, որտեղ կան եկամուտներ, և այն եկամուտներն ու շահույթները, որոնք մենք վատ ենք հարկում, բայց մյուս կողմից էլ պետք է նայենք, որ այդ հարկային բազայի ավելացումը չխոչընդոտի տնտեսության զարգացմանը։ Այնպես որ, 2012 թվականին մեր առջև բարդ խնդիր է ծառացած, և մենք պարտավոր ենք հաղթահարել այն։