ուրբաթ, 30 սեպտեմբերի 2011
Բացվել է «Հայաստանը՝ ձեր գործընկեր 2011» խորագրով միջազգային տնտեսական ցուցահանդեսը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված «Հայաստանը՝ ձեր գործընկեր 2011» խորագրով միջազգային տնտեսական ցուցահանդեսի բացմանը, որը տևելու է մինչ հոկտեմբերի 2-ը:
Ցուցահանդեսին մասնակցում են առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, ապահովագորության, արդյունաբերության, ինովացիոն և տեղեկատվական տեխնոլոգիաների, շինարարության, սննդաարդյունաբերության ոլորտներում գործող հայրենական և արտասահմանյան շուրջ 200 կազմակերպություններ` ներկայացնելով ավելի քան 500 ապրանքատեսակ:
Կազմակերպությունների ներկայացուցիչները վարչապետին են ծանոթացրել իրենց ընկերությունների գործունեությունը և ցուցահանդեսում ներկայացված ապրանքատեսակները:
Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ ցուցահանդեսի միջոցով հայրենական արտադրողները հնարավորություն կունենան իրենց արտասահամանյան գործընկերներին լավագույն կերպով ներկայացնել մեր երկրում արտադրվող ապրանքատեսակներն ու ծառայությունները: «Ցուցահանդեսը հարթակ է, որի միջոցով տեղական ընկերությունները կկարողանան համագործակցության պայմանագրեր ստորագրել արտասահմանյան գործընկերների հետ՝ ընդլայնելով իրենց համագործակցության ուղիները: Ցուցահանդեսի միջոցով կարող ենք նաև ամփոփել մեր պետության 20 տարիների ընթացքում անցած ճանապարհը՝ տնտեսական առումով, բացահայտել այդ համակարգի ուժեղ և թույլ կողմերը, շեշտադրում անելով մեր ներքին կարողությունների բացահայտման և դրանց օգտագործման վրա: Համոզված եմ, որ այս միջոցառումը կծառայի նաև այս նպատակին»:
Ցուցահանդեսի նպատակն է՝ ամրապնդել հայրենական արտադրանքի և ծառայությունների վստահությունը հայկական շուկայում, ստեղծել նոր գործնական կապեր, ինչը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական աճի վրա` բարձրացնելով պահանջարկը, ստեղծելով նոր աշխատատեղեր: Ցուցահանդեսի առաջնահերթ ծրագրերից է նաև խթանել հայրենական արտադրողներին արտահանման հարցում` ստեղծելով ակտիվ գործնական միջավայր:
Ցուցահանդեսին մասնակցում են նաև ընկերություններ՝ Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, Բուլղարիայից, Չեխիայից, Մեծ Բրիտանիաից:
Ցուցահանդեսը լավ հնարավորություն է տալիս նաև ներդրողներին՝ ուսումնասիրություններ կատարելու հայաստանյան շուկայում, բանակցելու արտադրողների հետ նոր ներդրումային ծրագրերի վերաբերյալ: