ուրբաթ, 30 սեպտեմբերի 2011
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ստեղծման 20-ամյակի առթիվ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
ՀՀ կառավարության անունից շնորհավորելով ներկաներին բուհի 20-րդ տարեդարձի առթիվ` վարչապետ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Այն, որ մենք մեր պետության անկախության 20-ամյակը համադրում ենք Հայաստանի ամերիկյան համալսարանի 20-ամյակի հետ, ունի հետևյալ խորհուրդը. ժամանակակից արագ փոփոխվող աշխարհում մեր անկախ պետականության ամրապնդման հիմնական գործիքը պետք է լինի գիտելիքը: Ուրախ եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ունենք Ամերիկյան համալսարան, որը 20 տարի մեզ հետ միասին փորձություններով է անցել և այսօր մշակում է իր զարգացման նոր արդիական ծրագիր: Ամերիկյան համալսարանը պետք է ընդլայնվի, նրա գործառույթները պետք է դառնան ավելի բազմազան, ծառայությունները պետք է հասանելի լինեն մեր երիտասարդների համար: Սա է ժամանակի պահանջը և այն խնդիրը, որ կառավարությունն այսօր դնում է Հայաստանի ամերիկյան համալսարանի առաջ: Գիտելիքն է ժամանակակից աշխարհի պահանջը, և մրցունակ են այն ազգերը, որոնք հասկանում են դա, զինվում են գիտելիքով և արտադրում նոր գիտելիք: Համոզված եմ, որ Ամերիկյան համալսարանը շարունակելու է այդ առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում»:
Վարչապետը գոհունակություն է հայտնել առ այն, որ Հայաստանի Ամերիկյան համալսարանն ունի Միացյալ Նահանգների արտոնագիր, ինչը վկայում է, որ այն այսօր գործընթացներն իրականացնում է ԱՄՆ-ում ընդունված չափանիշներին համապատասխան: Ընդգծելով, որ տարածաշրջանում Հայաստանի Ամերիկյան համալսարանի առկայությունը մեր երկրի հարաբերական առավելություններից է, կառավարության ղեկավարն ասել է. «Մենք պետք է լրացուցիչ ջանքեր գործադրենք համալսարանի գործառույթների ընդլայնման առումով` հասկանալով, որ ապագա մրցակցության մեջ մենք կարող ենք հաղթել` տաղանդաշատ երիտասարդներին կրթելով»:
Այնուհետև Տիգրան Սարգսյանը հանդիպել է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին: Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Հայաստանի Ամերիկյան համալսարանի հիմնադրման 20-ամյակի առթիվ և կրթության ու գիտության բնագավառներում ներդրած ակնառու ավանդի համար ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետի պրոֆեսոր, «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Յուրի Սարգսյանը պարգևատրվել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով։
***
Հայաստանում ամերիկյան կրթական համակարգի օրինակով մագիստրոսի կոչում շնորհող համալսարանը հիմնադրվել է 1991 թ. սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ նախարարների խորհրդի որոշմամբ: Համալսարանի հիմնման նպատակն իրականացել է ՀՀ կառավարության և ԱՄՆ-ի երկու խոշոր հաստատությունների՝ Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Կալիֆոռնիայի համալսարանի աջակցությամբ: Վերջինս արժեքավոր փորձագիտական օգնություն է ցույց տվել համալսարանին՝ դասախոսական կադրերով ապահովման և համագործակցության ծրագրերի զարգացման հարցերում:
Համալսարանի հիմնադրման նպատակը տարածաշրջանում բարձրագույն կրթության ամերիկյան համակարգին և չափանիշներին համապատասխան կրթության և հետազոտական աշխատանքներ կատարելու հնարավորություն ստեղծելն է: Որպես բարձրագույն ուսումնական հաստատություն, Հայաստանի ամերիկյան համալսարանն իրականացնում է կրթական, հետազոտական ծրագրեր և ծառայություններ: