ուրբաթ, 12 դեկտեմբերի 2003
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի է ունեցել վարչապետին առընթեր երիտասարդության հարցերի խորհրդի նիստ: Նիստի սկզբում Անդրանիկ Մարգարյանը շնորհավորել է Լիլիթ Ասատրյանին՝ ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար նշանակվելու և երիտասարդության հարցերի խորհրդի նախագահի պարտականություններն ստանձնելու առթիվ: Վարչապետը շնորհավորել է նաև խորհրդի նախկին նախագահ Վահրամ Բարսեղյանին՝ ՀՀ նախագահի աշխատակազմում պատասխանատու աշխատանքի անցնելու կապակցությամբ: Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ նոր պաշտոններում նրանք կշարունակեն իրենց ջանքերը հանրապետության երիտասարդությանը հուզող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: Մանավանդ որ, ըստ նրա, անցնող տարվա արդյունքներն առավել քան գոհացուցիչ են և լավ նախադրյալներ են ստեղծված հետագա աշխատանքներն ավելի գործնական դարձնելու համար:
Այնուհետև խորհրդի նախագահ Լիլիթ Ասատրյանը ներկայացրել է 2003թ. անցած ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը: Նա նշել է, որ տարեկան ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները հիմնականում կատարվել են: Մասնավորապես, իրականացվել է «Բազե» համահայկական երկրորդ հավաքը, տեղի են ունեցել բազմաթիվ տեղական ու միջազգային երիտասարդական միջոցառումներ մարզերում և մայրաքաղաքում, մեծ աշխատանքներ են կատարվել նաև հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ:
Ամփոփելով հաշվետվության քննարկումը՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է 2004թ. սկզբին 2003թ. կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվությունը խորհրդի քննարկմանը ներկայացնելիս ուշադրություն դարձնելով նաև կառավարության տարեկան միջոցառումների ծրագրի շրջանակներում համապատասխան նախարարությունների կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վրա, որի քննարկումից հետո մեկ ամսվա ընթացքում կմշակվի և խորհրդի հաստատմանը կներկայացվի 2004թ. միջոցառումների ծրագիրը:
Նիստի ավարտին վարչապետը շնորհակալագրեր և պարգևներ է հանձնել երիտասարդության շրջանում տարվող աշխատանքներում իրենց ակտիվ մասնակցությամբ աչքի ընկած երիտասարդներին և նրանց հետ համագործակցած պաշտոնյաներին: