չորեքշաբթի, 5 հոկտեմբերի 2011
Վարչապետն Ուսուցչի օրվա կապակցությամբ այցելել է Անանիա Շիրակացու անվան ճեմարան և նախակրթարան
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ուսուցչի օրվա կապակցությամբ այցելել է Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան և նախակրթարան: Կառավարության ղեկավարին է ներկայացվել ուսումնական հաստատությունների կրթական գործունեությունը և առաջիկա ծրագրերը: Ճեմարանում ուսում են ստանում 600 աշակերտներ, իսկ նախակրթարանում՝ 300 երեխաներ:
Շնորհավորելով ներկաներին Ուսուցչի օրվա կապակացությամբ՝ վարչապետը նշել է, որ ուսուցիչը մեր ժողովրդի համար մեր ազգի ողջ պատմության ընթացքում զբաղեցրել է առանձնահատուկ տեղ և մշտապես վայելել մեր հանրության հարգանքը: «Դա պատահական չէ, քանի որ մեր ժողովրդի միտումները միշտ ուղղված են եղել դեպի ապագան: Մենք մշտապես լի ենք եղել հույսերով, որ մեզ հաջողվելու է կառուցել մեր երազած երկիրը, հաջողվելու է ունենալ անկախ պետականություն: Մեր այդ հույսերի իրականացման կարևորագույն պատասխանատվությունը մշտապես դրված է եղել ուսուցիչների վրա: Ինչպիսի սերունդ որ ուսուցիչները կդաստիարակեն՝ այդպիսին էլ լինելու է մեր պետության ապագան»:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Անանիա Շիրակացու անվան կրթահամալիրն իր ուրույն տեղն է զբաղեցնում մեր երկրի կրթական համակարգում և իր 20 տարվա պատմության ընթացքում կատարած աշխատանքի արդյունքներով կարողացել է վայելել հանրության վստահությունը: Տիգրան Սարգսյանը ճեմարանի աշակերտներին և ուսուչական անձնակազմին մաղթել է հետագա հաջողություններ ուսումնական գործընթացում:
Անանիա Շիրակացու անվան ճեմարանի առաջընթացին նպաստելու համար վարչապետ Տիգրան Սարգսյանը Ճեմարանի տնօրինության խորհրդի որոշմամբ պարգևատրվել է հուշամեդալով: Այն վարչապետին է հանձնել ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը:
***
2010 թ. ճեմարանը ճանաչվել է «Մայքրոսոֆթ» համաշխարհային ընկերության «Նորարար դպրոցներ» միջազգային ծրագրի աշխարհի ամենաառաջավոր 56 դպրոցներից մեկը: Ճեմարանի նախակրթարանն առաջինը Հայաստանում 2010թ-ի սեպտոմբերից սկսել է աշխատել միջազգային բակալավրիատի տարրական կրթության կազմակերպման կրթական ծրագրով: Ճեմարանում հայաստանաբնակ սովորողներից բացի ուսում են ստացել և այսօր էլ ստանում են օտարազգի աշակերտներ՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Անգլիայից, Իտալիայից, Մեքսիկայից, Կիպրոսից, Իսրայելից, Իրանից, Լիբանանից, Ավստրիայից, Լեհաստանից, Հնդկաստանից, Սիրիայից, Շվեյցարիայից, Շվեդիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, և այլն: