հինգշաբթի, 6 հոկտեմբերի 2011
Լուծվում են Արարատի մարզի հիմնախնդիրները
Այսօր Արարատի մարզում` Արտաշատ մարզկենտրոնում, տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստն սկսվել է Արարատի մարզի 2011 թ. ութ ամիսների սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ մարզպետ Էդիկ Բարսեղյանի հաշվետվությամբ։ Նա ըստ բնագավառների ներկայացրել է նաև մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները, որոնք արտացոլվել են մարզի սոցիալ-տնտեսական զարգացման 2011-2014 թթ. ծրագրում։ ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել մարզպետի հաշվետվությունը։ Ի գիտություն է ընդունվել նաև մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքներն ամփոփող ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հաղորդումը։
Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրման 2200-ամյակին նվիրված տոնակատարության կազմակերպման և գովազդային նյութերի պատրաստման նպատակով կառավարությունը հատկացրել է մոտ 15 մլն դրամ։
Հաստատվում են պարզեցված հաշվարկի ձևերը
ՀՀ կառավարությունը հաստատել է ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հաշվարկի ձևը։ Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի պարզաբանման` սույն որոշմամբ փաստորեն 15 հազար պետական ծառայողներից այլևս չեն հավաքվելու հայտարարագրեր։ Ընդունված օրենքի տրամաբանությունն այն է, որ նրանք, եթե դրա անհրաժեշտությունը կա, իրենց եկամուտների մասին գործող օրենքով հարկման նպատակով տեղեկություն կներկայացնեն պարզեցված կարգով տարեվերջին, իսկ թիրախն արդեն դառնում են 500 բարձրաստիճան պաշտոնատար անձինք, և նրանց նկատմամբ էլ արդեն հսկողությունն իրականացնելու է նոր ձևավորվող էթիկայի հանձնաժողովը։
ՀՀ կառավարությունը «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2011 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2012 թ. օգոստոսի 1-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2014 թ. սեպտեմբերի 1-ը, հավանություն տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության և նշված ՍՊԸ միջև կնքվելիք պայմանագրի նախագծին։ «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ»-ն զբաղվում է դեղերի մանրամեծածախ առևտրային գործունեությամբ և նախատեսում է ՀՀ տարածքում ստեղծել սննդի և դեղերի անվտանգության փորձագիտական լաբորատորիա, որը կունենա միջազգային համապատասխան կառույցների հավատարմագրում։ Ընկերությունը ներմուծելու է ժամանակակից սարքավորումներ, ստեղծելու է ավելի քան չորս տասնյակ աշխատատեղ։
Գործադիրը թույլատրել է «ԱՄԱ կոմպրեսոր» ՀՁ ՍՊԸ կողմից ներմուծված և չվերաարտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2012 թ. մարտի 4-ը։ Սույն որոշման ընդունումը պայմանավորված է ներմուծված կոմպրեսորային կայանների համար անհրաժեշտ համալրող մասերի և սարքավորումների արտահանման անհրաժեշտությամբ և միտված է գործարար միջավայրի բարելավմանն ու արտահանման խթանմանը։
ՀՀ կառավարությունն իր ընդունած հինգ որոշումներով քաղաքաշինության բնագավառին վերաբերող նախկին որոշումներում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց շնորհիվ ավելի բարենպաստ և մատչելի պայմաններ են ստեղծվում արտոնագիր ստացող կազմակերպությունների համար։ Բացի այդ, արտոնագրման կարգերը համապատասխանեցվում են այդ խնդրին վերաբերող որոշումների պահանջներին։ Մեկ այլ որոշմամբ վերացվում են համալիր փորձաքննության ենթակա հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը սահմանող մի շարք իրավական ակտերում եղած անհամապատասխանությունները, ինչի նպատակն է բարելավել գործարար միջավայրը, խթանել ներդրումային գործընթացները։
Կառավարության որոշմամբ ՀՀ պետական սահմանի «Զվարթնոց» և «Բագրատաշեն» անցման կետերը համարվում են միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների պահանջներին համապատասխան կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգների դիմակայման հիմնական կարողություններ ապահովող անցման կետեր։ Սահմանվել է, որ այդտեղ կանոնների գործադրման հարցերի իրավասու մարմիններն են ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետական սահմանի «Զվարթնոց» և «Բագրատաշեն» անցման կետերի սանիտարական կարանտինային կետերը։
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացում, որոնցով հստակեցվել են ՀՀ սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարմանն ուղղված 2011-2015 թթ. միջոցառումների ծրագրի որոշ կետեր, միջոցառումների կատարմանն ուղղված գործողությունները և պատասխանատու մարմինները։ Մեկ այլ որոշման փոփոխությամբ գործադիրն օտարերկրյա պետություններ գործուղվող աշխատողների գործուղման ծախսի չափերը համապատասխանեցրել է ՄԱԿ քաղաքացիական ծառայողների միջազգային հանձնաժողովի հաստատած նորմատիվներին։
Հստակեցվում են ԱՊՀ շրջանակում ընդունված որոշումները
Իր հինգ որոշումներով կառավարությունը համաձայնություն է տվել փոփոխություններ և լրացումներ կատարել ԱՊՀ շրջանակում արտադրական վտանգավոր օբյեկտներում արդյունաբերական անվտանգության ապահովման, հիդրոօդերևութաբանության, մշակութային բնագավառներում համագործակցության, ԽՍՀՄ գոյության ժամանակաշրջանում գաղտնագրված տեղեկությունների գաղտնիության աստիճանի վերանայման կարգին վերաբերող համաձայնագրերում, ինչպես նաև «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների նմուշների հանձնման կարգի մասին» համաձայնագիր կնքելու առաջարկություններին։
Փոփոխելով ՀՀ պետական (գանձապետական) պարտատոմսերի թողարկման պայմանները, դրանց տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգերը, կառավարությունը նպատակ ունի կրճատել պետական պարտատոմսերի տեղաբաշխման ծավալների վերաբերյալ շուկային տեղեկացնելու օրերը, ինչի շնորհիվ կբարձրանա պարտատոմսեր թողարկողի` ՀՀ ֆինանսների նախարարության ճկունությունը և դրամավարկային քաղաքականության համակարգման հետ կապված միջոցառումների արդյունավետությունը։
Կառավարությունը որոշել է ՀՀ ԳԱԱ «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ից հետ վերցնել Աշտարակ քաղաքի Գիտավանի 3, 7, 9 մասնաշենքերի բնակելի տարածքները և սահմանված կարգով սեփականաշնորհել այդտեղ բնակվող 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց։
«Երևանի ծանրամարտի մասնագիտական մարզադպրոց» ՊՈԱԿ-ը գույքով ապահովելու նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարարությանը տրամադրվել է 50 մլն դրամ։
Գործադիրը Երևանի քաղաքապետին լիազորել է ՀՀ անունից «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ հետ կնքել Երևան քաղաքի Պուշկինի, Տերյան, Եզնիկ Կողբացու և Հին Երևանցու փողոցներով, Երևան քաղաքի Նալբանդյան, Պուշկինի, Աբովյան փողոցներով և Սախարովի հրապարակով պարփակված տարածքներում, Երևան քաղաքի Պռոշյան և Դ. Դեմիրճյան փողոցներին և Սիրահարների զբոսայգուն հարակից տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրեր։ Դրանից հետո հնարավոր կլինի նշված տարածքների նկատմամբ ճանաչել նոր բացառիկ` գերակա հանրային շահ և ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը։
Հաշվի կառնվի նաև բնամթերային ձևով ստացված եկամուտը
ՀՀ կառավարությունը հաստատել է`
- բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտը ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի առնելու կարգը,
- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Հրատարակչական ծառայություններ» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2011 թ. նախահաշիվը, ըստ որի ՅՈՒՆԵՍԿՕ-ի տրամադրած միջոցներով հրատարակվելու են «Քիմիայի լաբորատոր աշխատանքներ» և «Բիոէթիկա. հարց ու պատասխան» ձեռնարկները։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել՝
- «Լիտվայի Հանրապետությունում ՀՀ դեսպանություն ստեղծելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծին,
- ապօրինի շինարարությունների բացահայտման, ինքնակամ կառույցների կասեցման և վերացման, ինչպես նաև այդ ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու և իրենց պարտականությունները չկատարելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի, այդ թվում՝ կառուցապատողների (ապօրինի շինարարություն իրականացողներ) և համապատասխան լիազոր մարմինների՝ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ուղեցույցին,
- տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունվող փաստաթղթերի նախագծերի մշակման մեթոդական ուղեցույցին։
Օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանում է քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակույթի և հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման երաշխիքները և կարգավորում դրանց առնչությամբ ծագող հարաբերությունները։
Գործադիրը քննության է առել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ։ Նրանք առաջարկում են նշված օրենսգիրքը համապատասխանեցնել ՀՀ սահմանադրության պահանջին։ Կառավարությունը ներկայացված նախագիծն ընդունելի կհամարի իր ներկայացրած առաջարկությունների ընդունման դեպքում։ Նույն պայմանով գործադիրը կընդունի ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կես դրույքով պաշտոնավարող վարչական մանկավարժական աշխատողների համար սահմանել շաբաթական համատեղության կարգով կես դրույքի չափով ուսումնական ծանրաբեռնվածության իրավունք։
Նիստում քննարկվել է «Ոչ պետական պաշտպանության գործունեության մասին» և ևս երկու օրենքներում լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որով հանդես են եկել ԱԺ մի խումբ պատգամավորներ։ Կառավարությունն իր հերթին հանդես է եկել մի շարք առաջարկություններով և եզրակացրել, որ նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի և այն ընդունելի կլինի իր առաջարկների ընդունման դեպքում։
Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ իրենց օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկել են փոփոխություն կատարել «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում՝ գտնելով, որ այն կնպաստի առանց մուտքի վիզայի ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ունեցող քաղաքացիների ազատ տեղաշարժին։ Կառավարությունը դեմ է արտահայտվել օրենսդրական այս նախաձեռնությանը՝ հանգամանորեն հիմնավորելով իր բացասական եզրակացությունը։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը: