ուրբաթ, 7 հոկտեմբերի 2011
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառավարման խորհրդի նիստ
Այսօր կառավարությունում, վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ, տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Համաձայն հաստատված օրակարգի` առաջին հարցով ներկայացվել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» կառավարման խորհրդատուի ծառայությունների փոփոխված տեխնիկական առաջադրանքը, բյուջեն ու հայտ ներկայացնելու հրավերը, ինչպես նաև գնահատող հանձնաժողովի կազմած ու Ասիական զարգացման բանկի հաստատած կարճ ցուցակը: Հաջորդիվ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում խորհրդի անդամներն իրենց տեսակետներն են արտահայտել արծարծված հարցի կապակցությամբ: Քննարկման արդյունքում որոշվել է հաստատել ներկայացված փաստաթղթերը:
Մեկ այլ հարցով խորհուրդը որոշել է հավանություն տալ 2010 թ. հոկտեմբերի 4-ին «Մար-Մոս» ՍՊԸ-ի հետ ստորագրված պայմանագրի մեջ առաջարկվող փոփոխություններին: Այդ փոփոխությունները պայմանավորված են Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի երկայնքում գտնվող և օտարման ենթակա հողատարածքներում չափագրման, գնահատման ու սոցիոլոգիական հարցումների անցկացման լրացուցիչ աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ:
Նիստում հաստատվել են նաև «Էջիս ինթերնեյշնլ» կազմակերպության հետ 2010 թ. սեպտեմբերի 24-ին կնքված պայմանագրի փոփոխությունները, որոնցով նախատեսվում է կազմակերպության պարտականությունների շրջանակից հանել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» առաջին տրանշի տեխնիկական վերահսկման գործառույթները: