ուրբաթ, 7 հոկտեմբերի 2011
Տիգրան Սարգսյանն ընդունել է Ասո Դավիդյանի գլխավորած պատվիրակությանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Դավիդյան հիմնադրամի» ղեկավար, գործարար և բարեգործ Ասո Դավիդյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել Ասո Դավիդյանին՝ «Դավիդյան հիմնադրամի» աջակցությամբ իրականացվող կրթական ծրագրերի իրականացման համար, որոնց միջոցով տասնյակ հայ երիտասարդներ հնարավորություն են ստանում իրենց կրթությունը շարունակել Մասաչուսեթսի Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում: «Ֆլետչերի դպրոցում կրթություն ստացած մեր երիտասարդներն այսօր հանդիսանում են մեր կարևորագույն ներուժը: Նրանք հենց այն կարող ուժն են, որ օգնում են կառավարությանը՝ բազմաթիվ ոլորտներում ընթացող բարեփոխումներն ու ծրագրերն իրականացնելու գործում: Այս առումով, ձեր կողմից իրականացվող ծրագրերը մեծապես կարող են օգտակար լինել: Մենք մեր երկրի ապագան կապում ենք նոր մտածողության հետ, իսկ դա նշանակում է, որ մեր երիտասարդ սերնդին մենք պետք է ապահովենք որակյալ կրթությամբ: Այս տեսակետից, մենք պետք է համագործակցենք աշխարհի լավագույն համալսարանների հետ, նաև ձեր միջոցով»:
Շնորհալակալույթուն հայտնելով Տիգրան Սարգսյանին «Դավիդյան հիմնադրամի» աշխատանքները բարձր գնահատելու համար՝ Ասո Դավիդյանը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս շարունակել, ընդյլանել և զարգացնել իրականացվող կրթական ծրագրերը: Նրա խոսքով՝ «Դավիդյան հիմնադրամի» նպատակն է զարգացնել Հայաստանի կարողությունները` խրախուսելով և կրթությունը շարունակելու հնարավորություն տալով հայ երիտասարդներին:
Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով վարչապետը Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար Ասո Դավիդյանին պարգևատրել է «Մովսես Խորենացի» մեդալով: