ուրբաթ, 19 դեկտեմբերի 2003
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել վարչապետին առընթեր կանանց հարցերի խորհրդի նիստ: Քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010թթ. ազգային ծրագիրը:Ծրագիրը սահմանում է կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ տարվող պետական քաղաքականության սկզբունքներն ու առաջնահերթությունները:
Ծրագրի մշակման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Կարինե Հակոբյանը նշել է, որ փաստաթուղթը շուրջ մեկ տարվա ընթացքում հիմնավոր մշակման է ենթարկվել ինչպես համապատասխան նախարարությունների, այնպես էլ հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նրանում հաշվի են առնվել արված բոլոր կառուցողական դիտողություններն ու առաջարկությունները:
Ամփոփելով քննարկման արդյունքները, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ ծրագիրը առաջին հերթին պետք է լինի իրատեսական, ունենա գործնական բնույթ: Նկատի ունենալով, որ եկող տարվա հունվարից արդեն սկսվելու են 2005թ. պետական բյուջեի, ինչպես նաև 2005-2007թթ. միջինժամկետ ծախսային ծրագրի քննարկումները, նա հանձնարարել է, մինչև կառավարության կողմից հաստատվելը, մեկ անգամ ևս լրամշակել ծրագիրը՝ եկող և հաջորդ յուրաքանչյուր տարվա համար նախատեսված միջոցառումների, դրանց ֆինանսական աղբյուրների, կատարման ժամանակացույցի և պատասխանատուների հստակեցման տեսանկյունից: Վարչապետը հատկապես կարևորել է ծրագրում ներառված բոլոր՝ առողջապահական, կրթական, սոցիալական ապահովության և այլ հիմնախնդիրների դիտարկումը կառավարության կողմից հաստատված գլխավոր փաստաթղթի՝ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի շրջանակներում: