ուրբաթ, 14 հոկտեմբերի 2011
Երևանում մեկնարկել է ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է Երևանում անցկացվող Անկախ պետությունների համագործակցության մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստի բացմանը:
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ վարչապետն ուրախությամբ է ընդգծել, որ ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստը Երևանում առաջին անգամ չի անցկացվում. «Վստահ եմ, որ ձեր աշխատանքների արդյունքները դրական կանդրադառնան ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարությունների միջև արդեն իսկ գոյություն ունեցող և զարգացող համագործակցության վրա: Այսօրվա նիստն անցկացվում է այնպիսի պայմաններում, երբ ԱՊՀ երկրներում զարգանում են նոր հասարակական, քաղաքական և սոցիալ-տնտեսական հարաբերություններ, ստեղծվում է նոր օրենսդրական դաշտ: Այս ամենն ԱՊՀ մասնակից-պետությունների իրավապահ մարմինների առջև ստեղծում է նոր խնդիրներ՝ ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու համար: ԱՊՀ երկրներում տեղի ունեցող արագ, իսկ երբեմն էլ անկախատեսելի քաղաքական գործընթացները, տնտեսական և ֆինանսական բացասական երևույթները, ինչպես նաև նրանց ազդեցությունն ավելի համոզիչ են դարձնում այն, որ անհրաժեշտ է ոչ միայն համաձայնեցնել գործողությունների միասնական ռազմավարությունը, այլև ամրապնդել միմյանց միջև հետագա համագործակցությունը»:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ հանցավորության դեմ պայքարի խնդրի դիտարկումը նիստի մասնակիցների մոտ վաղուց է դարձել ավանդույթ և այս ուղղությամբ նրանց աշխատանքների արդյունքներն արժանի են ամենաբարձր գնահատականների:
«Ահաբեկչությունը, կազմակերպված հանցավորությունը, թմրամիջոցների և զենքի անօրինական շրջանառությունը, անօրինական միգրացիան և թրաֆիքինգը քաղաքական և տարածքային սահմաններ չեն ճանաչում: Այս երևույթներն այսօր իրենցից ներկայացնում են մեծ մարտահրավերներ, իրական ուժ՝ ունակ հակադրվելու պետական ինստիտուտներին և հանդիսանալու լուրջ սպառնալիք պետությունների ազգային անվտանգության ապահովմանը: Հանցավորության միջազգայնացման գործընթացների և հանցավորության առավել վտանգավոր դրսևորումների դեմ անհրաժեշտ է միասնական և արդյունավետ դիմակայություն: Վստահ եմ՝ այսօրվա նիստն ուղղված կլինի այսպիսի համագործակցության զարգացմանը»,- նշել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ այսօրվա Խորհրդի նիստում քննարկվելիք հարցերը հրատապ են ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև ԱՊՀ մասնակից բոլոր պետությունների համար:
Նշելով, որ 21-րդ դարն իր հետ բերել է անվտանգության ապահովման նոր մարտահրավերներ և սպառնալիքներ, որոնց դիմակայելը առաջնային է դարձել միջազգային հանրության ու ողջ քաղաքակիրթ աշխարհի համար, Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ այս ուղղությամբ անհրաժեշտ է ԱՊՀ մասնակից երկրների համար մշակել համակարգված քաղաքականություն:
«Ակնհայտ է, որ անհատական պայքարը նշված հանցագործությունների դեմ դատապարտված է ձախողման: Եվ հենց այդ պատճառով է, որ այսօր մեր առջև ծառացած է ռազմավարական խնդիր` ստեղծել միասնական համակարգ և մեխանիզմներ, որոնք թույլ կտան բացահայտել խոշոր հանցավոր խմբերին: Դա են մեզ պարտավորեցնում ոչ միայն մեր երկրների բարեկամական և պատմական հարաբերությունները, այլև հանցագործությունների աճի միտումն ու ընդլայնումը: Կարծում եմ, որ այս հանդիպման անցկացումը և դրա օրակարգում ընդգրկված հարցերը հաստատում են ԱՊՀ մասնակից երկրների ներքին գործերի նախարարությունների ուժերի համախմբման պատրաստակամությունը՝ հանցավորության դեմ պայքարելու համար»,- նշել է վարչապետը՝ վստահություն հայտնելով, որ Երևանում անցկացվող նիստը կնպաստի ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարությունների միջև փոխհամագործակցության ավելի սերտացմանը:
ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունների և ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի պատվիրակություններն ու պաշտոնատար անձինք: Նիստի աշխատանքներին մասնակցում է նաև միջազգային քրեական ոստիկանության կազմակերպության` Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը:
Նիստի ընթացքում կքննարկվեն հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից երկրների ներքին գործերի մարմինների հետագա համագործակցության կատարելագործմանն ու համակարգմանը վերաբերող հարցեր: