կիրակի, 16 հոկտեմբերի 2011
Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Հյուսիսային պողոտայում կազմակերպվել է գյուղատնտեսական ապրանքների տոնավաճ-համտես
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ այցելել է Հյուսիսային Պողոտա, որտեղ տոնի կապակցությամբ կազմակերպվել է գյուղատնտեսական ապրանքների տոնավաճ-համտես: Վարչապետը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ շրջել է Հանրապետության բոլոր մարզերի և Արցախի գյուղացիական տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների տաղավարներով՝ ծանոթացել վերջիններիս ներկայացրած գյուղատնտեսական արտադրանքին:
Լրագրողների հետ զրույցում Տիգրան Սարգսյանը նշել է, որ նման միջոցառումների անցկացմամբ կառավարության նպատակն է քաղաքացիներին լավագույնս ծանոթացնել տեղական արտադրանքին, որպեսզի նրանք այսուհետ նախապատվությունը տան միայն որակյալ հայկական գյուղատնտեսական ապրանքներին: «Այստեղ այսօր համայնքների միջև տիրում է առողջ մրցակցություն՝ տոնավաճառ այցելած քաղաքացիներին լավագույնս հյուրասիրելու առումով: Ցանկանում ենք, որպեսզի ողջ Հանարապետությունում լինի տոնական տրամադրություն և կարծես թե դա ստացվել է: Մեր նպատակն է գյուղացիների համար ստեղծել հնարավորություն՝ առանց միջնորդների իրենց ապրանքները շաբաթ և կիրակի օրերին Երևանում վաճառելու համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը` շնորհավորելով բոլորին օրվա կապակցությամբ:
ՀՀ կառավարության որոշմամբ` յուրաքանչյուր տարի հոկտեմբեր ամսվա երրորդ կիրակի օրն այսուհետ նշվելու է որպես «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության աշխատողի օր»: Այս կապակցությամբ մայրաքաղաքում և Հայաստանի մարզերում այսօր անցկացվում են տարբեր միջոցառումներ՝ տոնավաճառներ, ցուցահանդեսներ և այլն: