երկուշաբթի, 22 դեկտեմբերի 2003
ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանի շնորհավորական ուղերձը էներգետիկ համակարգի հիմնադրման 100-ամյակի առթիվ
Այսօր մենք հավաքվել ենք տոնելու նշանակալից մի իրադարձություն՝ Հայաստանի էներգետիկան բոլորել է իր հիմնադրման 100-ամյակը
Մեր երկրի տնտեսության մեջ արդեն 100-ամյա պատմություն ունեցող էներգետիկան, հիրավի, զարգացման մեծ ճանապարհ է անցել: 1903 թ. Հայաստանում հիմնված առաջին հիդրոէլեկտրակայանը կարևոր նշանակություն ուներ Սյունիքում սկսված պղնձարտադրության էներգամատակարարման գործում: Հետագայում էներգետիկական համակարգի զարգացումը և ձևավորումը՝ էներգիայի արտադրության այլ աղբյուրների օգտագործմամբ, մեծ խթան հանդիսացավ երկրի արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության և այլ ճյուղերի զարգացման համար: Այսօր էլ նորանկախ մեր պետության տնտեսության մեջ արձանագրվող ձեռքբերումներում էներգետիկան, անառարկելիորեն, իր վճռորոշ դերն ունի:
Համակարգը վերջին տարիներին մեծ փորձությունների ենթարկվեց, սակայն կարողացավ հաղթահարել հիմնական դժվարությունները և թևակոխել որակապես նոր՝ զարգացման փուլ: Բարեփոխումների շրջանակներում այսօր հիմնական շեշտադրումը դրվում է էներգահամակարգի հուսալի և անվտանգ շահագործման, վերազինման, համակարգի արդյունավետ գործունեության և առկա կորուստների կրճատման վրա: Մեծ ուշադրություն է տրվում էներգակիրների մատակարարման այլընտրանքային աղբյուների և ուղիների ապահովմանը:
Տնտեսական ճգնաժամի հաղթահարումը, մակրոտնտեսական վերելքի կայուն միտումը թույլ տվեցին կենտրոնանալ ջերմաէներգետիկ համալիրի զարգացման հարցերի վրա:
Կարևորվում է տեղական էներգետիկ պաշարների օգտագործվող ծավալի առավելագույնս մեծացումը, նավթի և գազի որոնողական և հետախուզական աշխատանքների խթանումը:
Որոշակի քայլեր են արվում էներգետիկական շուկաների զարգացման, ինչպես և տարածաշրջանային ակտիվ համագործակցության վերականգնման ու զարգացման ուղղությամբ:
Հայաստանի էներգետիկ շուկայի հետագա զարգացման համար հիմնական նշանակություն ունի էլեկտրաէներգիայի և հզորության մեծածախ շուկայի բարեփոխումների հայեցակարգը: Համաձայն այդ հայեցակարգի՝ որպես պայմանագրային փոխհարաբերությունների հիմնական կողմեր՝ հանդես են գալիս մի կողմից՝ էլեկտրաէներգիայի ինքնուրույն արտադրողներն ու ներկրողները, իսկ մյուս կողմից՝ միասնական բաշխիչ ձեռնարկությունը: Շուկայի լիիրավ մասնակիցներ են էլեկտրաէներգիայի հաղորդման, տեխնիկական և տնտեսական կարգավարման, ինչպես նաև հաշվառման ծառայություններ մատուցող ընկերությունները:
Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի հետագա զարգացումը կընթանա վերջինիս ազատականացմամբ:
Հայաստանի ղեկավարությունը կարևոր նշանակություն է տալիս հանրապետության էներգետիկ անվտանգությանն ու անկախությանը, որոնք անհրաժեշտ են երկրի հետագա կայուն զարգացման համար: Այդ պատճառով, ինչպես էներգետիկայի զարգացման համալիր ծրագրերի, այնպես էլ բազմազան նպատակային ծրագրերի հիմքում դրված է երկրի էներգետիկական անվտանգության խելամիտ մակարդակի ապահովման հայեցակարգը:
Այս ամենի հետ միասին, էներգետիկ ռեսուրսների և առաջին հերթին՝ տնտեսապես հիմնավորված հիդրոէներգետիկ ներուժի հնարավորինս օգտագործումը շարունակում է մնալ առաջնահերթ խնդիրներից մեկը:
Վստահ եմ, ինչպես մինչ այժմ, էներգետիկան այսուհետ էլ Հայաստանի տնտեսության մեջ կունենա իր անչափ կարևոր տեղը:
Թանկագին էներգետիկներ, շնորհավորում եմ ձեզ նաև մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա արթիվ: Դուք ձեր մասնագիտական հմտությամբ, քրտնաջան աշխատանքով զորավիգ եղեք երկրի տնտեսության զարգացմանը, լույս և ջերմություն բերեք մարդկանց՝ բարձր պահելով հայ էներգետիկների ավանդաբար բարի համբավը: Համոզված եմ, որ շարունակելու եք ձեր ուժը և եռանդը ներդնել էներգահամակարգի հետագա զարգացման և հզորացման համար՝ ի բարօրություն մեր ժողովրդի:
Վերջում ցանկանում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի համակարգի հիմնադրման 100-ամյակի առթիվ և այդ բնագավառում ակտիվ աշխատանքային գործունեության համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խրախուսվել են Էներգետիկայի նախարարը, նախարարության և համակարգի ավելի քան երեք տասնյակ աշխատակիցներ, որոնց ևս այդ կապակցությամբ շնորհավորում եմ: