չորեքշաբթի, 19 հոկտեմբերի 2011
Տեղի է ունեցել ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի 31-րդ նիստը
Սանկտ-Պետերբուրգ կատարած այցի երկրորդ օրը վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 31-րդ նիստին` կազմակերպության անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների մակարդակով։
Կառավարությունների ղեկավարների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել պատվիրակությունների ընդլայնված կազմով նիստը։ Տիգրան Սարգսյանը, ներկայացնելով Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող զարգացումները՝ նշել է. «Եթե 2009թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը մեզ հարվածեց շինարարության ոլորտի միջոցով, որտեղ արձանագրվեց 43 տոկոս անկում, ապա այժմ մեզ մտահոգող հիմնական խնդիրը 2012թ. սպասվող հնարավոր ճգնաժամն է: Պետք է հասկանալ, թե ինչպես այն կկարողանա հարվածել մեր տնտեսությանը: Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և այլ միջազգային կազմակերպությունների հետ տեղի ունեցած մեր խորհրդակցությունները չեն տալիս այն հարցի հստակ պատասխանը, թե համաշխարհային տնտեսության հնարավոր վատթարացումն ինչպես կազդի մեր տնտեսության վրա: Հետաքրքրող հարցերից մեկն այն է, թե հաջորդ տարի կհաջողվի մեզ ապահովել ավելի քան 4 տոկոս տնտեսական աճ: Առաջին հերթին դա կապված է ներդրողների սպասումների և Հայաստան ուղղվող տրանսֆերտների մակարդակի հետ»: Վարչապետն ասել է, որ ծրագրվում է հաջորդ տարի Հայաստանում ապահովել 4,2 տոկոս տնտեսական աճ, իսկ այս տարի կառավարությունն անելու է ամեն ինչ՝ 4,6 տոկոս տնտեսական աճ և 5 տոկոս գնաճի մակարդակ ապահովելու համար:
«Մեզ համար այսօր կարևոր է 2012թ. պետական բյուջեի ամբողջովին ապահովումը, քանի որ մեր առջև դրել ենք բավականին բարձր նիշ, որի համաձայն՝ հարկային մուտքերն այս տարվա համեմատ պետք է ավելացվեն 0,6 տոկոսով: Հայաստանի Հանրապետությունը հետաքրքրված է և ԱՊՀ-ի, և ԵվրԱզԵսի շրջանակում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացներով: Ստեղծվող համագործակցության նոր հարթակները նոր թափ կհաղորդեն մեր երկրների տնտեսական զարգացման, ինչպես նաև համաշխարհային տնտեսության հնարավոր ռիսկերի հաղթահարման գործում: Մենք պատրաստվում ենք դիմակայել ճգնաժամի նոր ալիքին՝ բյուջետային դեֆիցիտի, գնաճի կրճատման և այլ գործիքակազմով: Միաժամանակ, ակնհայտ է, որ պետք է մտածել նաև նոր գործիքների մասին, որոնք նախկինում չեն օգտագործվել»,- ասել է վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի Դաշնությանը, մասնավորապես, վարչապետ Վլադիմիր Պուտինին՝ ցուցաբերված բարձր մակարդակի հյուրընկալության, երկկողմ հանդիպման և ձեռք բերված պայմանավորվածությունների համար:
Նիստի օրակարգում ընդգրկված մեկ տասնյակից ավելի հարցերի թվում քննարկվել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ԵվրԱզԷՍ-ի անդամ-պետությունների համատեղ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև կազմակերպության անդամ-պետությունների 2010թ. տնտեսական զարգացման համեմատական վերլուծությանը և այլ հարցերի:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը ԵվրԱզԷՍ-ի աշխատանքներին մասնակցում է դիտորդի կարգավիճակով։