երեքշաբթի, 23 դեկտեմբերի 2003
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Լիզ Գրանդեին: Արդյունավետ և կարևոր համարելով ՄԱԿ-ի ու նրա հովանու ներքո գործող առանձին կառույցների հետ մեր երկրի համագործակցությունը, վարչապետը նշել է, որ այսօր արդեն, երբ ՀՀ կառավարությունը հաստատել է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը (ԱՀՌԾ); այդ համագործակցությունը կարող է լինել առավել գործնական և արդյունավետ: Ըստ Անդրանիկ Մարգարյանի, ԱՀՌԾ-ի մշակման ընթացքում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, նրա կազմում ստեղծված աշխատանքային խումբը գործակցել է բազմաթիվ միջազգային ու հասարակական կազմակերպությունների հետ, իսկ ընդամենը մի քանի օր հետո տեղի կունենա կառավարության և քաղաքացիական հասարակության, քաղաքական ուժերի, գործարարների, հասարակության այլ խավերի միջև Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման վերաբերյալ սոցիալական համաձայնագրի կնքումը: Անդրանիկ Մարգարյանը հավաստել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է այդ ուղղությամբ շարունակելու գործակցությունը նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում: Նա ընդգծել է ԱՀՌԾ-ի սոցիալական ուղղվածությունը, մասնավորապես, առողջապահության, կրթության, համայնքներին աջակցության, բնապահպանության ոլորտներին, նշելով, որ կառավարությունը միայն կողջունի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից ցանկացած աջակցություն, որը համահունչ կլինի ԱՀՌԾ-ի և ՀՀ կառավարության ծրագրերով նախատեսված ուղղություններին ու միջոցառումներին:
Տիկին Լիզ Գրանդեն ևս իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի կառավարության հետ համագործակցությունից: Նա տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ արդեն իսկ մշակել է ՄԱԿ-ի և Հայաստանի կառավարության միջև համագործակցության հնգամյա ծրագիր, որի հիմնական նպատակը աջակցությունն է ԱՀՌԾ-ի արդյունավետ իրականացմանը: ՄԱԿ-ի մշտական համակարգողն ընդգծել է, որ դա ՄԱԿ-ի համակարգում ստեղծված առաջին խոշոր ծրագիրն է, որի հիմնական կողմնորոշումներից մեկը նաև մարդու իրավունքների պաշտպանությանն աջակցելն է, և որպես այդպիսին այն կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար: Տիկին Լիզ Գրանդեն հույս է հայտնել, որ հնգամյա այդ ծրագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի կառավարության հետ համաձայնագիրը կստորագրվի արդեն 2004 թ. սկզբներին: Խոսելով ՄԱԿ-ի և ՀՀ կառավարության միջև գլոբալ համագործակցության ծրագրի մասին, մշտական համակարգողը կարևոր է համարել նաև պետության և մասնավոր գործարարության, կառավարության և դոնոր կազմակերպությունների միջև համագործակցությանն աջակցելու, մարզերում ծրագրերի իրականացման, որոշակի ծրագրերի համաֆինանսավորման հարցերը:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ ՄԱԿ-ի աջակցությամբ իրականացվող բոլոր ծրագրերի համակարգումը որոշակիորեն կհեշտացնի կառավարության աշխատանքը, քանի որ այդ կազմակերպության բազմաթիվ գործակալությունների փոխարեն կառավարությունը այլևս գործ կունենա մեկ պատասխանատուի հետ: