ուրբաթ, 28 հոկտեմբերի 2011
Վարչապետն ընդունել է Կոնստանտին Բիրյուլինին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ, հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Կոնստանտին Բիրյուլինին:
Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ընթացքից` ընդգծելով, որ այն կարևոր նշանակություն ունի Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական դաշնակցային հարաբերություններում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:
Նշենք, որ այսօր Երևանում ավարտվում են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի աշխատանքները, որոնք մեկնարկել էին հոկտեմբերի 24-ին: Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը: