երկուշաբթի, 31 հոկտեմբերի 2011
ՀՀԿ տնտեսական կոնֆերանսի ժամանակ ՀՀ կառավարության ղեկավարը պատասխանել է լրագրողների հարցերին
Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջին տնտեսական համաժողովի շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Ստորև ներկայացնում ենք ՀՀ վարչապետի ճեպազրույցի սղագրությունն ամբողջությամբ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ` Հանրապետական կուսակցության առաջին տնտեսական կոնֆերանսը լուսաբանելու համար: Մենք կարևորում ենք այս կոնֆերանսի անցկացումը, քանի որ այն հարթակ է, որը հնարավորություն է տալիս իշխող կուսակցությանը հանդես գալ հաշվետվությամբ ոչ միայն կուսակիցների, այլև հանրության առջև: Այս առումով, մենք կարևորում ենք ձեր կատարած աշխատանքը, որպեսզի մեր հաշվետվության մեջ զետեղված բոլոր նյութերը հասնեն նաև մեր հանրությանը:
Հարց «Ազատություն» ռադիոկայան - Երկու հարց, պարոն վարչապետ: Ձեր հայտարարությունը, ըստ որի` այն ուժերը, ովքեր չեն համագործակցի Հանրապետական կուսակցության հետ, կհայտնվեն կոտրված տաշտակի առջև, ո՞ր քաղաքական ուժին էր ուղղված: Երկրորդ, Դուք` որպես Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, ո՞ւմ թեկնածությունն եք տեսնում Երևանի քաղաքապետի պաշտոնում:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Այն պատասխանը, որ ես տվել եմ Ազգային ժողովում, մեջբերված էր Հանրապետության Նախագահի խոսքերից` կամուրջներ կառուցելու մասին: Իմ այդ արտահայտության ենթատեքստը հասկանալի էր, քանի որ ես մեջբերեցի Հանրապետության Նախագահի հայտնի հայտարարությունն այն մասին, որ մենք ցանկանում եք ընդդիմության հետ կառուցել համագործակցության կամուրջներ: Կարծում եմ, որ ապագայում մեզ սպասվող մարտահրավերները ցույց են տալիս, որ այդ համագործակցությունը խիստ անհրաժեշտ է: Եթե մենք տեսնում ենք դեստրուկտիվ մոտեցումներ, ապա արձանագրում ենք, որ նրանք հայտնվելու են կոտրված տաշտակի առջև: Իսկ մենք ունենք կարողություններ և հնարավորություններ` Հանրապետությունում ցնցումներ թույլ չտալու համար: Մենք ցանկություն ունենք կառուցելու մեր ապագան համագործակցության մթնոլորտի շնորհիվ: Սա է իմ հայտարարության իմաստը: Միևնույն ժամանակ ես արձագանքել եմ լրատվական միջոցների տարբեր վարկածներով հարցադրումներին: Ցանկացած հարցուպատասխանի պարագայում լրագրողները կարող են տարբեր կերպ մեկնաբանել իմ պատասխանները: Բայց այն, ինչ ցանկանում էի ասել, կարծում եմ` ձեզ համար հասկանալի է: Իսկ ինչ վերաբերում է կոալիցիոն գործընկերների հետ համագործակցությանը, ապա այդ տեսակետից մենք մշտապես առաջնորդվել ենք համերաշխության ապահովման սկզբունքով և արել ենք ամեն ինչ, որպեսզի այդ համագործակցությունը կայանա: Դուք տեղյակ եք, որ Հանրապետական կուսակցությունը կարող էր միայնակ ձևավորել իշխանությունը, սակայն Հանրապետության Նախագահը, հավատարիմ մնալով իր կողմից առաջ քաշված սկզբունքներին, նախապատվությունը մշտապես տալիս է համագործակցությանը: Նախագահի այդ սկզբունքի հիման վրա էլ ձևավորվել է կոալիցիոն կառավարությունը, որը գործում է ստորագրված հուշագրում արտացոլված սկզբունքների հիման վրա:
Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա կարծում եմ, որ այդ հարցի շուրջ Հանրապետության Նախագահն իր խոսքը կասի:
Հարց «Ա1-պլյուս» - Հարցս կրկին վերաբերում է նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Կան լուրեր, որ քաղաքապետը դավաճանել է ձեր թիմին: Ինչպե՞ս կմեկնաբանեք դրանք:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Կարծում եմ` ընդհանրապես ճիշտ չէ, որպեսզի վարչապետն ինչ-որ լուրեր մեկնաբանի: Ես առաջնորդվում եմ այն բացատրություններով, որոնք հրապարակավ տվել է Կարեն Կարապետյանը: Նրա հետ հանդիպում եմ ունեցել, որտեղ նա մանրակրկիտ ներկայացրել է հրաժարականի իր փաստարկները, որոնք ամբողջությամբ համապատասխանում են իր հրապարակային հայտարարությանը: Որևէ այլ ենթատեքստ ես չեմ տեսնում և այլ մեկնաբանությունների հետ համամիտ չեմ:
Հարց «Հրապարակում» հեռուստածրագիր - Պարոն վարչապետ, 2008 թվականի համեմատ ինտերնետ կապի մեծածախ գները նվազել են շուրջ 24 անգամ: Ինչո՞վ է սա պայմանավորված, և արդյոք հնարավոր չէ նույն մեխանիզմը կիրառել նաև այլ ոլորտներում:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Շնորհակալություն, իսկապես սա մեր հաշվետվության մեջ շատ կարևոր հատված է: Ընդամենը երեք տարի առաջ մեկ մեգաբիթ ինտերնետ կապն արժեր մեկ միլիոն 200 հազար դրամ: Այսօր այն արժե 34 հազար դրամ: Դա էական առաջընթաց է, քանի որ հնարավորություն է տալիս ապահովել ինտերնետի հասանելիությունը: Մի շարք գործոններ կան, որոնք ազդել են գների նվազման վրա: Առաջինը, Հայաստանի կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտը հռչակել է որպես առաջանահերթություն: Ունենք խորհուրդ, որում ներառված են մասնավոր հատվածի ներկայացուցիչները, որոնք մեզ հետ միասին քննարկում են համալիր միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը, որի նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր այս ոլորտի զարգացման համար: Մենք իրականացրել ենք օրենսդրական փոփոխություններ, ընդունել բազմաթիվ նորմատիվային ակտեր, հանձնարարականներ են տրվել բոլոր գերատեսչություններին` վերացնելու համար այն գործառույթները, որոնք խոչընդոտում են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը: Եթե ընդամենը երեք տարի առաջ մենք ունեինք 80 հազար ինտերնետից օգտվող, ապա այսօր այդ թիվը կազմում է 350 հազար: Սա հանրության բավական լուրջ զանգված է: Ինտերնետն այսօր սովորական ընտանիքի համար դարձել է անբաժանելի մաս:
Հարց «Առկա» լրատվական գործակալություն - Կա՞ն արդյոք նոր մանրամասներ ԵվրԱզԷՍ-ում քննարկվող վարկի վերաբերյալ, որը պետք է տրամադրվի «Նաիրիտ»-ին: Եթե կան, ապա կխնդրեի ներկայացնել դրանք:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեռևս նախորդ տարի դիմել էր ԵվրԱզԷՍ-ի շրջանակում առկա հակագնաժամային հիմնադրամին, որպեսզի քննարկվի «Նաիրիտ» գործարանի արդիականացման ծրագիրը: Բավական մանրակրկիտ այս ծրագիրը քննարկվել է, Հակաճգնաժամային հիմնադրամի կողմից գործուղվել են մասնագետներ Հայաստան, որոնք ուսումնասիրել են քիմիական ոլորտը, պատրաստել այդ ոլորտի վերաբերյալ համալիր փաստաթուղթ, որպեսզի ճշգրիտ գնահատվի «Նաիրիտ»-ի հեռանկարներն ու տեղը քիմիական արդյունաբերության մեջ: Այս պահի դրությամբ անհրաժեշտ է, որպեսզի ունենանք օպերատոր, որը պատրաստ է իր վրա վերցնել «Նաիրիտ»-ի մենեջմենթը: Մեզ համար կարևոր է նաև, որպեսզի այդ վարկը տրամադրվի օպերատորի առկայության դեպքում, որպեսզի լրացուցիչ ռիսկերը կառավարությունն իր վրա չվերցնի: Այսօր աշխատանք է տարվում, որպեսզի այդ մեծածավալ գումարները, մի կողմից տրամադրվեն հուսալի գործընկերոջը, որը մասնագիտական կարողություններ ունի այդ բնագավառում, մյուս կողմից` կառավարությանը զերծ պահեն ավելորդ ռիսկերից: Երբ այս աշխատանքները հասնեն իրենց տրամաբանական ավարտին, բնականաբար, դրանք հանրությանը կներկայացնենք: Խնդիրը ձգձվում է այն պարզ պատճառով, որ «Նաիրիտ»-ն ինքը բավական մեծ գործարան է` բարդ տեխնոլոգիական գործառույթներով, և նրա զարգացման հնարավորությունները բազմազան են, ուղղությունները` բազմաթիվ: Այստեղ արագ, շուտափույթ լուծումները վտանգավոր են, դրա համար էլ այսքան երկար և մանրամասն այս հարցը քննարկվում է: Մենք ունենք գերմանական մի ընկերություն, որը զբաղվում է տեխնիկական բիզնես ծրագրի մշակմամբ: Առկա են մի քանի ընկերություններ ևս, որոնց հետ բանակցում ենք, որպեսզի կարողանանք ներգրավել օպերատոր: Միևնույն ժամանակ, այս խնդիրը քննարկում ենք Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ, որովհետև այդ վարկային միջոցների ներգրավումը մենք պետք է անենք այնպես, որ Հայաստանի Հանրապետության համար լրացուցիչ ֆինանսական ռիսկեր չառաջանան:
Հարց «Օրակարգ» օրաթերթ - Ձեր կառավարությունը 2009 թվականից խոսում է հարկային և մաքսային ոլորտներում բարեփոխումների կարևորության մասին: Ինչո՞ւ են բարեփոխումները որոշակիորեն դանդաղում: Պետական եկամուտների կոմիտեի նախագահը ռիսկային է համարում 101 մլրդ դրամ հարկերի հավաքագրումը և նշում, որ իրեն պետք է ուղղություն ցույց տրվի: Պատրաստվո՞ւմ է արդյոք ֆինանսների նախարարությունը կամ կառավարությունը ցույց տալ այդ ուղղությունը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Մոտակա օրերին մենք մանրակրկիտ այս հարցը քննարկելու ենք, քանի որ դուք տեղյակ եք, որ երեքշաբթի Ազգային ժողովում սկսելու են 2012 թվականի բյուջեի նախագծի քննարկումները, և մենք մանրամասն արդեն կներկայացնենք, թե ինչ է ընկած 2012 թվականի բյուջեի հիմքում: Երբ խոսում ենք հարկեր-ՀՆԱ ցուցանիշի մասին, մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք հաշվի առնել հակաճգնաժամային այն միջոցառումները, որն իրականացրել է կառավարությունը և այն միջավայրը, որը մենք ձևավորեցինք վերջին չորս տարիների ընթացքում:
Առաջին հերթին մենք տվեցինք բազմաթիվ հարկային արտոնություններ և՛ փոքր ու միջին, և՛ խոշոր բիզնեսին: Այսօր շուրջ 35 հազար հարկ վճարողներ օգտվում են այդ հարկային արտոնություններից: Այդ հարկային արտոնությունները մենք տրամադրեցինք նրա համար, որպեսզի հեշտացնենք մեր տնտեսվարող սուբյեկտների համար այն դժվարությունների հաղթահարումը, որոնք առաջանում են ճգնաժամի հետևանքով. սա է առաջին և կարևոր հանգամանքը:
Երկրորդը` մենք փոխեցինք ավելացված արժեքի հարկի շեմը, որը նույնպես իր ազդեցությունը թողում է հարկային բազայի վրա:
Երրորդը` մենք ընդլայնեցինք հաստատագրված վճարների դաշտը: Այս գործոնները չէին կարող չանդրադառնալ ընդհանուր հարկային բազայի վրա, և այդ տեսակետից, երբ մենք հաշվարկում ենք հարկեր-ՀՆԱ ցուցանիշը, պետք է անպայման այս հանգամանքը հաշվի առնենք: Բայց դա չի նշանակում, որ դեռևս չունենք անելիքներ: Դեռևս մենք ունենք բավական մեծ ստվերային տնտեսություն, և մեր ջանքերն առաջին հերթին ուղղված են ստվերային տնտեսության կրճատմանը և արդարության սկզբունքի ներդրմանը հարկային դաշտում: Դա բավական բարդ գործառույթ է, որը ենթադրում է լրջագույն փոփոխություններ և մնում է մեր առաջնահերթություններից մեկը: Իսկ Ազգային ժողովում ավելի մանրակրկիտ կանդրադառնանք այն խնդրին, թե մենք ինչպես ենք ապահովելու, ինչպիսի օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու կառավարությունը, որպեսզի մենք կարողանանք ապահովել լրացուցիչ նախորդ տարվա հետ համեմատած 101 միլիարդ դրամի հավաքագրումները: Դրա համար մենք ներկայացնում ենք մի այնպիսի փաթեթ, որի նպատակն է բարձր եկամուտներ ունեցողներից ավելի շատ հարկային եկամուտներ հավաքագրել և այդ եկամուտները բերել պետական բյուջե: Նաև մեր փաթեթում ներառված են մեկ տասնյակից ավել օրենսդրական առաջարկություններ և փոփոխություններ, որոնք պարզեցնում են հարկային վարչարարությունը և ստեղծում փոքր և միջին բիզնեսի համար ավելի բարենպաստ միջավայր: Դա նշանակում է, որ մեր միտումն է փոքր և միջին բիզնեսի վրա հարկային բեռը թեթևացնել և այդ հարկային բեռը տեղափոխել այն ոլորտներ, որտեղ կան մեծ եկամուտներ:
Հարց «Հանրային ռադիո» - Այսօր հանրության շրջանում որոշակի անվստահություն կա որոշակի իշխանական օղակների հանդեպ: Կարո՞ղ եք Դուք այսօր հավատացնել, որ կառավարությունն ունի բավական քաղաքական կամք` քաղաքացուն հուզող պատասխանները ներկայացնելու համար:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Շնորհակալություն հարցի համար: Բնականաբար, մենք մշտապես մեր ուշադրության կենտրոնում ենք պահում հանրապետությունում տիրող տրամադրությունները: Դրա համար էլ կազմակերպում ենք մարզային հանդիպումներ մեր քաղաքացիների հետ, նախարարները յուրաքանչյուր ամիս ընդունելություններ են կազմակերպում, տեղեկատվություն են հաղորդում նաև մեր կուսակցական գործընկերները: Քաղաքացիների հետ մեր անմիջական շփումների ժամանակ էլ տեսնում ենք այդ տրամադրությունները: Մենք շփվում ենք նաև մեր ընդդիմադիր գործընկերների հետ, որոնք ներկայացնում են իրենց դժգոհություններն ու այլընտրանքային մոտեցումները: Սրանք նպաստում են նաև, որպեսզի մենք մշտապես լինենք աչալուրջ: Այդ տեսակետից, մենք ուշադրությամբ քննարկում ենք բոլոր առաջարկությունները, որոնք ներկայացվում են ոչ միայն մեր կոալիցիոն գործընկերների, այլև ընդդիմադիր գործիչների կողմից: Բոլոր այն առաջարկությունները, որոնք համահունչ են մեր ծրագրերին, անպայման ներառում ենք մեր ծրագրերում:
Եռամսյակային կտրվածքով, ըստ մարզերի, անցկացնում ենք սոցիալական հետազոտություններ, որոնց արդյունքները մշտապես տեղադրվում են կառավարության կայքէջում: Դրանցով բացահայտում ենք նաև այն հիմնախնդիրներն ու մտահոգությունները, որոնք արտահայտում են մեր քաղաքացիները: Մենք քաջատեղյակ ենք այդ տրամադրություններին և գիտենք, թե որ ոլորտներում կան նվաճումներ, բացթողումներ, այսինքն` գիտենք մեր խոցելի և ուժեղ կողմերը: Այս ամենը մեզ վստահություն է տալիս, որպեսզի կատարենք այնպիսի պնդումները, որոնք արտացոլված էին այսօրվա մեր տնտեսական կոնֆերանսի բանաձևում:
Հարց Հանրային հեռուստաընկերություն` «Առաջին լրատվական» - Փաստորեն տնտեսական կոնֆերանսը կատարված աշխատանքի ամփոփումն է: Այսուհետ ինչպիսի՞ խնդիրներ կլինեն Հանրապետական կուսակցության ուշադրության կենտրոնում, բացի տարածքային համաչափ զարգացումն ու հնարավոր տնտեսական նոր ճգնաժամը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Ամենակարևոր երկու խնդիրները նշեցիք: Այժմ ողջ աշխարհը մտահոգված է, թե այս բացասական միտումները, որ արձանագրվում են համաշխարհային տնտեսության մեջ, ինչպիսի՞ ազդեցություն են ունենալու և այլ հարցերով: Սա, բնականաբար, այն կարևորագույն առանցքային խնդիրն է, որը պետք է գտնվի նաև մեր ուշադրության կենտրոնում: Մենք նույնպես պետք է լինենք ուշադիր, կարողանանք գնահատել հնարավոր ռիսկերը: Այդ տեսակետից ձեր կողմից մատնանշված երկու հանգամանքին ես ցանկանում եմ ավելացնել երրորդը, ինչի մասին այսօր եղան բազմաթիվ ելույթներ: Այսինքն, մենք պարտավոր ենք դիվերսիֆիկացնել մեր տնտեսության կառուցվածքը, քանի որ դիվերսիֆիկացիան տնտեսության համար ապահովում է ավելի քիչ խոցելիություն: Սա մեր առաջնահերթություններից մեկն է: Այսօր մեր կուսակիցներին ներկայացվեց այն գաղափարը, որը մենք մշակում ենք: Դա արդյունաբերական նոր քաղաքականությունն է` միտված արտահանմանը: Շուտով այն կներկայացվի նաև հանրությանը: Այս ծրագրի վերաբերյալ ըստ ոլորտների` կոնյակագործության, ճշգրիտ սարքավորումների, վերամշակող արդյունաբերության և այլ ոլորտներում, արդեն իսկ անցկացվում են քննարկումներ: Այս ամենի արդյունքում կներկայացնենք կառավարության արդյունաբերական քաղաքականության նոր մոտեցումը, որը, մի կողմից, նպաստելու է տնտեսության դիվերսիֆիկացիային, մյուս կողմից` արտահանման ծավալների աճին, ինչը մեզ համար չափազանց կարևոր է: Շնորհակալություն: