երկուշաբթի, 31 հոկտեմբերի 2011
Վարչապետն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆֆերնին: Ողջունելով հյուրին կառավարությունում` վարչապետը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, և մաղթել արդյունավետ աշխատանք: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել հայ- ամերիկյան հարաբերությունների մակարդակն ու վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանը կկարողանա իր նպաստ բերել հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը: Վարչապետը կարևորվել է ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի կատարած աշխատանքը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Ջոն Հեֆֆերնը երախտագիտություն է հայտնել ընդունելության համար և փոխանցել է ԱՄՆ Նախագահի և պետքարտուղարի շնորհակալությունը Վանում տեղի ունեցած երկրաշարժից հետո Թուրքիային տրամադրված օժանդակության համար: Հյուրի խնդրանքով Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ԱՄՆ աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացված ծրագրերին, որոնք վարչապետը բարձր է գնահատել: Գնահատվել են նաև ԱՄՆ աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումները: Դեսպանի խնդրանքով վարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնայնությունները, անդրադարձ է կատարվել հայ-թուրքական հարաբերությունների խնդրին: Տիգրան Սարգսյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը մնում է անփոփոխ: Վարչապետը կարևորել է մեր երկրում քաղաքացիական հասարակության ձևավորումն ու այդ համատեքստում միջին խավի ամրապնդմանն ուղղված գործադիրի ջանքերը, ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացումներն ու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված կառավարության ձեռնարկած միջոցառումները: