երեքշաբթի, 1 նոյեմբերի 2011
Բազմաթիվ պետական գործառույթներ աստիճանաբար կտրամադրվեն ՏԻՄ-երին
Տեղական ինքնակառավարման մարմինների 15-ամյակի շրջանակում այսօր Երևանում աշխատանքներն է սկսել «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում. ձեռքբերումներ, հիմնախնդիրներ, հեռանկարներ» թեմայով երկօրյա գիտաժողովը: Գիտաժողովի նպատակն է անդրադաrնալ ՏԻՄ-երի անցած ճանապարհին, ձեռքբերումներին և բացթողումներին:
Կառավարության անունից ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդանշական է համարել այն, որ գիտաժողովն անցկացվում է Հայաստանի անկախության 20-ամյակին և Տեղական ինքնակառավարման մարմինների ստեղծման 15-ամյա հոբելյանին զուգահեռ: «Այսօր մենք փորձում ենք գտնել տեղական ինքնակառավարման այն ճիշտ մոդելը, որը մի կողմից կհամապատասխանի ողջ աշխարհում ներկայումս ընթացող զարգացումներին, մյուս կողմից լուրջ հիմքեր կստեղծի՝ ՏԻՄ-երի գործառույթների լիարժեք իրականացման համար»,- ասաց վարչապետը:
Ծանոթանալով գիտաժողովի նյութերին՝ կառավարության ղեկավարն արձանագրեց, որ անցած տարիների ընթացքում այս ոլորտում կատարվել են մեծածավալ աշխատանքներ՝ մշակվել է ՏԻՄ-երի լիարժեք անկախությունն ապահովող ռազմավարաությունը, ընդունվել են բազմաթիվ օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր, նորմատիվային փաստաթղթեր, որոնցով էլ կանոնակարգվում են տեղական ինքնակառավարման մարմինների կայացմանն ուղղված գործառույթները: Կարևորելով ժամանակակից աշխարհում գոյություն ունեցող միջազգային փորձի ուսումնասիրումը՝ Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ բազմաթիվ պետական գործառույթներ, որոնք առնչվում են քաղաքացիների կենցաղին ու այլ խնդիրներին, աստիճանաբար կտրամադրվեն տեղական ինքնակառավարման մարմիններին, որպեսզի նրանց մատուցվող ծառայությունները դառնան ավելի որակյալ, պարզ և հասանելի: «Մենք մի կողմից պետք է ավելացնենք ՏԻՄ-երի կարողությունները, մյուս կողմից նրանց տրամադրենք լրացուցիչ հնարավորություններ՝ իրենց լիազորությունները բարձր մակարդակով իրականացնելու համար»,- նշեց վարչապետը՝ հույս հայտնելով, որ գիտաժողովի մասնակիցները կկարողանան բացահայտել նոր ուղիներ՝ ՏԻՄ-երի հետագա զարգացումն ապահովելու համար: