չորեքշաբթի, 2 նոյեմբերի 2011
Վարչապետը ողջունել է Հայաստանում Համաշխարհային ասորական գիտահետազոտական և մշակութային կենտրոն ստեղծելու գաղափարը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում ընդունել է տարբեր երկրների ասորական համայնքների ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է. «Ուրախ եմ ասորական ներկայացուցչական պատվիրակության հետ հանդիպման համար: Հայ ժողովրդի վերաբերմունքն ասորիների նկատմամբ մշտապես եղել է բարեկամական: Մեր հարաբերություններն ունեն դարերի պատմություն և Հայաստանի Հանրապետության կառավարությունն ամեն ինչ անելու, որպեսզի այդ հարաբերություններն ամրապնդվեն և զարգանան»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Ասորական համայնքների ներկայացուցիչները խնդրել են կառավարության աջակցությունը Հայաստանում Համաշխարհային ասորական գիտահետազոտական և մշակութային կենտրոն ստեղծելու գործում: Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և խոստացել է աջակցել կենտրոնի ստեղծման աշխատաքներին: