ուրբաթ, 4 նոյեմբերի 2011
Քննարկվել են Հայաստանի համար ՎԶԵԲ-ի նոր ռազմավարության մանրամասները
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Յան Ֆիշերին, ով Հայաստան է ժամանել մեր երկրի համար նոր ռազմավարության մշակման գործում Եվրոպական բանկի գործունեության առաջնահերթությունները հստակեցնելու նպատակով:
Ողջունելով հյուրին ՀՀ կառավարությունում` վարչապետ Սարգսյանը նշել է. «Մենք բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ: Մեծ ճանապարհ ենք անցել, ունենք նվաճումներ, որոնցով հպարտանում ենք, ունենք նաև խնդիրներ, և Ձեր այցելությունը հնարավորություն կտա հստակեցնել մեր հետագա անելիքները»:
Յան Ֆիշերը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և անդրադարձել ՎԶԵԲ-ի և Հայաստանի միջև համագործակցության նոր ռազմավարության հիմնական դրույթներին: Նա, մասնավորապես, նշել է, որ ՎԶԵԲ-ը կարևորում է փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցության ընդլայնման և մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ ծրագրերի իրականացումը:
Նշելով, որ հետագա համագործակցության մասին կողմերի պատկերացումները համընկնում են, Տիգրան Սարգսյանն ընդգծել է ՓՄՁ վարկավորման գործիքների բազմազանության խթանման անհրաժեշտությունը և կարևորել Եվրոպական բանկի կողմից տեխնիկական օժանդակության տրամադրումը: Կառավարության ղեկավարը հեռանկարային է համարել առողջապահության, կենսաթոշակային, ֆինանսական հատվածի և ապահովագրության բնագավառներում գործակցության զարգացումը: Խոսելով ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության հնարավորությունից` զրուցակիցները քննարկել են ԵՄ-ի ֆինանսավորմամբ ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագիրը: Մասնավորապես, արծարծվել է սահմանային անցակետերի վերակառուցման և արդիականացման գործում ՎԶԵԲ-ի մասնակցության հարցը: Յան Ֆիշերը նշել է, որ բանկը պատրաստ է քննարկել վերոնշյալ ծրագրի իրականացմանն աջակցություն ցուցաբերելու հարցը:
ՎԶԵԲ-ի փոխնախագահը նաև բարձր է գնահատել ՀՀ կառավարության` գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները և հաստատել այդ գործում բանկի կողմից շարունակական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Նա շնորհակալություն է հայտնել վարչապետին ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի աշխատանքները ղեկավարելու համար, ինչը վկայում է ՓՄՁ ոլորտի նկատմամբ ցուցաբերվող հոգածության մասին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ՀՀ կառավարության համագործակցության ընթացքից` կարևորելով դրա շարունակականության ապահովումը: