հինգշաբթի, 10 նոյեմբերի 2011
Վարչապետն ընդունել է «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության նախագահին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում ընդունել է «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության նախագահ, համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ջեյմս Թրուշարդին: Կառավարության ղեկավարը բարձր գնահատելով Հայաստանում «Նեյշնլ ինսթրումենթս»-ի իրականացրած ծրագրերը՝ ընդգծել է, որ վերջին շրջանում երկկողմ կապերը գնալով ամրապնդվում են:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ջեյմս Թրուշարդը նշել է, որ տպավորված է տեղեկատվական տեխնոլագիաների ոլորտում Հայաստանում իրականացվող օրինակելի քաղաքականությամբ: «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության նախագահն ասել է, որ այն լուրջ ազդեցություն կարող է թողնել համաշախարհային տնտեսության մեջ մեր երկրի դերակատարության բարձրացման գործում:
Այնուհետև, կողմերը քննարկել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում արդիական ճարտարագիտական ուսումնական լաբորատորիաների հիմնմանը և դրանք բարձրակարգ սարքավորումներով համալրելուն, ինչպես նաև Գյումրու տեխնոպարկում «Նեյշնլ ինսթրումենթս»-ի հնարավոր գործունեությանը վերաբերվող հարցեր:
Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է խորացնել «Նեյշնլ ինսթրումենթս»-ի հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ Ջեյմս Թրուշարդի այցելությունը Հայաստան նոր թափ կհաղորդի երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը: