ուրբաթ, 11 նոյեմբերի 2011
Կառավարությունում քննարկվել են հայ-վիետնամական հարաբերությունների զարգացման հարցերը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Վիետնամի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆամ Սուան Շոնին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ և հույս հայտնել, որ իր գործունեությամբ նա նոր թափ կհաղորդի հայ-վիետնամական բարեկաման հարաբերությունների ամրապանդմանը:
Զրուցակիցները կարևորել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը, նշելով, որ առկա է լավ հիմք առևտրաշրջանառության ծավալների ավելացման համար:
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել տնտեսության, մշակույթի, գիտության, զբոսաշրջության, երկու պետությունների միջև վիզային ռեժիմի դյուրացման և այլ ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերվող հարցերի վերաբերյալ:
Ֆամ Սուան Շոնը Տիգրան Սարգսյանին է փոխանցել Վիետնամի վարչապետի ջերմ ողջույնները և Վիետնամ այցելելու հրավերը: