երեքշաբթի, 15 նոյեմբերի 2011
Ֆիլիպ Քոթլերը Հայաստանում ծրագրում է ստեղծել մարքեթինգային գերազանցության կենտրոն
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ հյուսիսարևմտյան համալսարանի Ջոն Քելոգի մենեջմենթի բարձրագույն դպրոցի միջազգային մարքեթինգի պրոֆեսոր, մարքեթինգի պրոֆեսոր Ֆիլիպ Քոթլերին:
Կառավարությունում ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է. «Ձեր այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա մեր երկրում մարքեթինգի զարգացմանը: Մեր կարևորագույն խնդիրներից մեկն այսօր կառավարման համակարգի արդիականացումն է: Այդ համատեքստում Ձեր դասախոսությունները կարող են մեծապես նպաստել մեր աշխատանքների լավագույնս իրականացմանը»:
Ֆիլիպ Քոթլերն ասել է, որ Հայաստանում առկա են մարքեթինգի զարգացման լավ նախադրյալներ և անհրաժեշտ է ճիշտ ու հետևողական քաղաքականություն վարել:
Այնուհետև, զրուցակիցներն անդրադարձել են զբոսաշրջության, կրթության և տեղեկատվական տեխնոլոգիների ոլորտներում մարքեթինգային ռազմավարության իրականացմանը վերաբերող խնդիրներին:
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանում մարքեթինգային գերազանցության կենտրոնի ստեղծմանն ուղղված հարցեր: Վարչապետը ողջունել է այդ գաղափարը և պատրաստակամություն հայտնել օժանդակել կենտրոնի ստեղծման գործում:
Ֆիլիպ Քոթլերը Հայաստան կատարած մեկշաբաթյա այցի ընթացքում սեմինարներ է անցկացնում գործարարների և ուսանողների համար: