շաբաթ, 19 նոյեմբերի 2011
Տիգրան Սարգսյանի և Նիկա Գիլաուրիի գլխավորությամբ տեղի է ունեցել ունեցել հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը
Հայաստանի և Վրաստանի վարչապետեր Տիգրան Սարգսյանի և Նիկա Գիլաուրիի գլխավորությամբ Բաթումում տեղի է ունեցել հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը: Կողմերը քննարկել են տնտեսական, կրթական, մշակութային, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության խորացմանն ու ամպանդմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:
Վարչապետ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել վրացական կողմին՝ հայաստանյան պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար: «Մեր երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նպատակն է ընդլայնել և բազմազան դարձնել հայ-վրացական հարաբերությունները: Մենք շահագրգռված ենք մեր հարաբերությունների խորացման և զարգացման համար և համոզված ենք, որ դա բխում է մեր երկու ժողովուրդների շահերից»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Նա նշել է, որ Եվրամիության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը նպաստում են Հայաստանի և Վրաստանի միջև միասնական տնտեսական քաղաքականության ներդրմանը, որն իր հերթին թույլ կտա էապես ավելացնել երկկողմ առևտրաշրջանառության մակարդակը: «Մեր օրակարգում ընդգրկված տասնյակ հարցերը վկայում են նրա մասին, որ տարեց-տարի ավելի բազմազան են դառնում մեր հարաբերությունները»,- ասել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի անունից ջերմ ողջույններ է հղել վրացի գործընկերներին և Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն:
Նիկա Գիլաուրին, ողջունելով հայաստանյան կառավարական պատվիրակությանը՝ կարևորել է այն, որ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև ձևավորվել են շատ լավ տնտեսական հարաբերություններ: «Ուրախալի է, որ տարեց-տարի այդ հարաբերությունները խորանում են ու զարգանում: Ողջունելի է, որ մեր երկու երկրների միջև առևտրաշրջանառության մակարդակը նախորդ տարվա համեմատ աճել է 45 տոկոսվ»,- ասել է Վրաստանի վարչապետը: Նա նշել է, որ առկա են հայ-վրացական բազմաթիվ ընդհանուր նախագծեր, որոնք վերաբերում են մաքսային կետերի վարմանը, էլեկտրագծերի կառուցմանը, շինարարությանը և այլն: «Մենք անպայման պետք է շարունակենք բանակցությունները՝ համատեղ ծրագրերի ամբողջական իրականացման համար: Ներկայում Վրաստանում և Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվում են բարեփոխումներ, որոնք էլ լինելու համատեղ նախագծերի իրականացման գլխավոր գործիքները»,- ասել է Նիկա Գիլաուրին՝ շնորհակալաություն հայտնելով Տիգրան Սարգսյանին և նրան ուղեկցող պատվիրակությանը՝ համատեղ լավ աշխատանքի համար:
Նիստի ընթացքում ստորագրվել է նաև հայ-վրացական միջկառավարական տնտեսական համատեղ հանձնաժողովի արձանագրությունը: