շաբաթ, 3 դեկտեմբերի 2011
Վարչապետը ծանոթացել է հաշմանդամների «Փյունիկ» միության գործունեությանը
Հաշմանդամների համաշխարհային օրվա կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է հաշմանդմների «Փյունիկ» միություն: Կառավարության ղեկավարը զրուցել է հաշմանդամների հետ՝ ծանոթացել նրանց խնդիրներին, գործունեությանը և ծրագրերին:
Կառավարության ղեկավարին տեղեկացվել է, որ հաշմանդամ մարզիկները, որոնք մարզումներն անցկացնում են միությունում, վերջին շրջանում արձանագրել են մեծ հաջողություններ: Մասնավորապես, Ուկրաինայում կայացած սլավոնական երկրների բաց առաջնության ժամանակ մեր երկրի ներկայացուցիչները նվաճել են ոսկե և բրոնզե մեդալներ, իսկ Միացյալ Արաբական Էմիրությունում անցկացված հաշմանդամային ծանրամարտի աշխարհի առաջնությունում՝ մեկ արծաթե մեդալ: Այժմ մարզիկները նախապատրաստվում են մասնակցելու 2012 թվականին Լոնդոնում կայանալիք ամառային պարալիմպիկ խաղերին:
Հաշմանդամների «Փյունիկ» միությունում գործում են կրթական, արհեստների և արվեստների ուսուցման, մարզական և այլ խմբակներ: Միության նպատակն է՝ նպաստել հաշմանդամների ֆիզիկական, սոցիալական, հոգեբանական վերականգնմանը, օգտագործել սպորտը` որպես միջոց ուժեղ մարմին և հոգի ձևավորելու համար: