չորեքշաբթի, 7 դեկտեմբերի 2011
Սպիտակի երկրաշարժի տարելիցին Տիգրան Սարգսյանն այցելել է Լոռու և Շիրակի մարզեր
1988թ. ավերիչ երկրաշարժի 23-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Լոռու և Շիրակի մարզեր: Կառավարության ղեկավարը ծաղկեպսակներ է դրել Սպիտակում և Գյումրիում կանգնեցված երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:
Այնուհետև, Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Ամասիայում բացվել են հիմնանորոգված մանկապարտեզի և համայնքային կենտրոնի, ինչպես նաև բուժհաստատության մասնաշենքերը: Ամասիայի մանկապարտեզը հնարավորություն ունի ընդունելու 60 երեխայի: Շենքի առաջին հարկում տեղակայված են մանկապարտեզի վարչական հատվածները, բուժկետը, խաղասենյակը, հավաքատեղին, համակարգչային սենյակը, իսկ երկրորդ հարկն ամբողջությամբ նախատեսված է մանկապարտեզի երկու երեսուն հոգանոց խմբերի համար, որոնցից յուրաքանչյուրն ունի ննջարան, խաղասենյակ, հանդերձարան, սանհանգույց: Շենքի երկրորդ հարկում տեղակայված է նաև ութսուն հոգու համար նախատեսված հանդիսությունների դահլիճ, որը կարող է օգտագործվել նաև համայնքային նշանակության հանդիսավոր իրադարձությունների համար: Հաստատության հիմնանորոգումն իրականացվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ծրագրի շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքն է 100 միլիոն դրամ:
Ամասիայի բուժհաստատությունն սպասարկում է համայնքի և նրան հարակից բնակավայրերի շուրջ 9 հազար բնակչի: Բուժկենտրոնն ունի ծննդատուն, պոլիկլինիկա և շտապօգնության ծառայություն, որոնք համալրված են անհրաժեշտ բուժսարքավորումներով: Ծրագրի շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը 88 միլիոն դրամ է:
Վարչապետն այցելել է նաև Ամասիայի WKS տեքստիլ արդյունաբերության գործարան, որտեղ կառավարության ղեկավարին է ներկայացվել գործարանի արտադրական գործընթացը: Գործարանն ունի 105 աշխատող, որի արտադրանքն ամբողջությամբ արտահանվում է Գերմանիա: