հինգշաբթի, 15 դեկտեմբերի 2011
Մշակվել է արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարել մինչև 2012 թ. հունվարի 31-ը ՀՀ վարչապետի հաստատմանը ներկայացնել վարչապետին կից արդյունաբերական խորհրդի կազմը և աշխատակարգը, նույն ժամկետում ապահովել ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության և կոնյակագործության ոլորտային խորհուրդների ձևավորումը, եռամսյա ժամկետում կառավարության հաստատմանը ներկայացնել նշված ոլորտների ռազմավարության իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այն բոլոր հասարակական կազմակերպություններին, հետազոտական կենտրոններին, կուսակցություններին, որոնք շահագրգիռ մասնակցություն են ունեցել արդյունաբերական քաղաքականության ռազմավարության քննարկմանը և իրենց արժեքավոր առաջարկություններով հարստացրել են փաստաթուղթը։ Տիգրան Սարգսյանն առաջարկել է, որպեսզի վարչապետին կից ստեղծվելիք խորհրդի կազմը ռոտացիոն սկզբունքով ամեն տարի թարմացվի։ « Ընդ որում, ճիշտ կլինի, եթե ասոցիացիաների, խոշոր ձեռնարկությունների, դոնորների ներկայացուցիչները, փորձագետները` մասնավոր հատվածը, ավելի մեծաթիվ լինի, քան պետականը», - ընդգծել է վարչապետը։
Կառավարության հավանությանն է արժանացել «Մաքուր արտադրության» հայեցակարգը, որը նպաստելու է քիմիական նյութերի և թափոնների անվտանգ կառավարմանը, էկոլոգիապես մաքուր արտադրության ներդրմանը, ինչպես նաև արտադրության տնտեսական արդյունավետության բարձրացմանը։ Նախկինում ընդունված մեկ այլ որոշման մեջ կատարելով լրացումներ` կառավարությունն ակնկալում է հասնել վնասակար նյութերի արտանետումների նորմավորման (սահմանափակման) գործընթացի բարելավմանը։
Սոցիալական օգնությունը շարունակական է լինելու
Գործադիրը 2011 թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացում` ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակ հատկացնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը տրամադրել 60 մլն դրամ։ Կրթաթոշակ է նշանակվելու այն ուսանողներին, ովքեր չեն ընդգրկվել անվճար ուսուցման համակարգում, սակայն ունեն բարձր առաջադիմություն և ցուցաբերել են հասարակական ակտիվություն։ «Սա մեր սոցիալական օժանդակության փաթեթի մեջ մտնող կարևոր միջոցառումներից է, - ասել է Տիգրան Սարգսյանը։ - Առաջին հերթին, շուրջ 600 ուսանողներ են ընտրվում, որոնք սոցիալապես անապահով ընտանիքներից են և ուսման վարձի վճարման խնդիր ունեն։ Երիտասարդական հիմնադրամը կազմակերպում է բավական թափանցիկ գործընթաց, որտեղ հենց ուսանողներն են կատարում ընտրություն և վերահսկում, որ տրամադրվող միջոցները հասցեատիրոջը հասնեն։ Մենք դրական ազդակներ ենք ստացել այս ծրագրի վերաբերյալ, և կարծում եմ, որ ճիշտ կլինի շարունակել այն»։
Գործադիրը փոփոխություններ է կատարել դեռևս 2007 թ. իր հաստատած ծերերի և հաշմանդամների խնամքի և սոցիալական սպասարկման նվազագույն չափորոշիչներում։ Դրանց վերանայումը կնպաստի ծեր և հաշմանդամ քաղաքացիներին տրամադրվող խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների բարելավմանը և արդյունավետության մեծացմանը։
ՀՀ կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետությանը որպես մարդասիրական օգնություն հատկացված 1 մլն 86 հազար 960 շիշ արևածաղկի ձեթից որպես սոցիալական աջակցություն տրամադրել ՀՀ մարզերում (Երևան քաղաքում) 2011
թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և անապահովության «0» միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքներին` յուրաքանչյուր ընտանիքին 3 շիշ։ «Սոցիալական օգնությունն անապահով ընտանիքներին շարունակական է լինելու, - այս կապակցությամբ ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ - 2012 թ. պետական բյուջեով մենք հունվարի 1-ից սոցիալական նպաստները բարձրացնում ենք 10 տոկոսով, նույնքան էլ` կենսաթոշակները։ Միևնույն ժամանակ կառավարությունը մշակել է սոցիալական օժանդակության համալիր ծրագիր։ Անապահով ընտանիքներին մենք ցուցաբերելու ենք սոցիալական օգնություն, և սա 116 հազար ընտանիքներին տրամադրվող նախատոնական օգնություն է, որը շարունակական է լինելու»։
Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով կառավարությունը Սյունիքի մարզպետարանին հատկացրել է 3 մլն 720 հազար դրամ։
Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում` կառավարությունն ակնկալում է կարգավորել նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի փոստային բաժանորդային պահարանների սպասարկումը և ապահովել փոստային կապի պատշաճ ծառայությունների մատուցումը։
Կառավարության որոշումներով «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամին տրամադրելու նպատակով հատկացվել է ավելի քան 35 մլն, հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին նոր տարածքի, աշխատանքային սենյակների և նիստերի դահլիճի կահավորման, հեռուստառադիոծրագրերի մշտադիտարկման համալիրի արդիականացման համար` 24.5 մլն դրամ։
Ամանորի տոնակատարության հետ կապված միջոցառումների իրականացման նպատակով ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից ՀՀ մարզպետարաններին հատկացրել է 100 մլն դրամ։
Խրախուսվում է տեղական արտադրությունների ստեղծումը
Գործադիրը որոշել է կառավարության սահմանած կարգով ընտրված «Ատլաս թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թ. հոկտեմբերի 20-ը։ Ընկերությունը նախատեսում է Երևանի Նուբարաշենի համայնքում հիմնել մսատու հավերի աճեցման և մորթման, ինչպես նաև կերի պատրաստման արտադրամաս։ Կառավարությունը տվյալ բնագավառում հետևողականորեն խրախուսում է տեղական արտադրությունների հիմնումը, ներդրումների ներգրավումը և նոր աշխատատեղերի ստեղծումը։
Վերաբաշխում կատարելով 2011 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր նախկին որոշումներից մեկում, ՀՀ կառավարությունն առաջնորդվել է հրատապ հիմնանորոգում պահանջող մի շարք օբյեկտների և սողանքային հատվածների հետազոտման գնման գործընթացի կազմակերպման անհրաժեշտությամբ։ Հորդառատ անձրևի և այլ բնածին երևույթների հետևանք հանդիսացող փլուզման, ողողումների և սողանքի հետևանքով առաջացել է մի շարք օբյեկտների և սողանքային հատվածների հետազոտման անհետաձգելի պահանջ, որի համար անհրաժեշտ է իրականացնել նշված օբյեկտների նախագծային և երկրաբանական հետազոտական աշխատանքներ։ Որոշմամբ նախատեսվում է կատարել նաև Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման մայրուղու 82-րդ կիլոմետրի (Տավուշի մարզի Այրում բնակավայրի մոտ) սողանքի հետևանքով փլուզված ճանապարհահատվածի վերականգնման նախագծային աշխատանքներ։
Կառավարությունը որոշել է ընդունել Երևանի քաղաքապետի` «Դորոժնիկ» ՍՊԸ-ին ուղղակի վաճառքի ձևով Երևան քաղաքի Ուլնեցու-Ռուբինյանց փողոցների միջև ապամոնտաժված 2.5 կմ երկարությամբ երկաթգծին հարող 1.4201 հա հողամասի օտարման առաջարկությունը` պայմանով, որ գործարքից ստացված միջոցներն ուղղվելու են նշված փողոցների միջև գտնվող հատվածում 2.5 կմ ավտոճանապարհի կառուցման կապիտալ ծախսի ֆինանսավորմանը։ Նոր ավտոճանապարհը կկապի Ուլնեցու և Ռուբինյանց փողոցները, ինչի շնորհիվ զգալիորեն կթեթևանա Կոմիտասի պողոտայի, Դ. Անհաղթի և Ռուբինյանց փողոցների երթևեկությունը, կմեծանա Ռուբինյանց - Պ. Սևակի փողոցների խաչմերուկի թողունակությունը։
Հստակեցվում է թանկարժեք մետաղների բնագավառի քաղաքականությունը
ՀՀ կառավարությունը իր նախկին մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով հստակեցվել է թանկարժեք մետաղների բնագավառի քաղաքականությունը։ Մասնավորապես, «Գնագոյացման վերլուծական տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից պետական կարիքների համար ապրանքների, ծառայությունների և աշխատանքների կողմնորոշիչ գների և սակագների սահմանման լիազորությունը վերապահվել է ՀՀ ֆինանսների, իսկ թանկարժեք մետաղների բնագավառի քաղաքականության իրականացումը, արտոնագրերի տրամադրումը, որակավորման քննությունների կազմակերպումը և առուվաճառք իրականացնող անձանց գործունեության վերահսկողությունը` ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։ Լուծարվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի մետաղափորձական վերահսկողության տեսչությունը, որի գործառույթները փոխանցվել են նշված երկու նախարարություններին։ Սահմանվել է, որ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հատկորոշման, հարգադրոշմման արտոնագրումը և գործունեության պահանջների ու պայմանների պահպանման, ինչպես նաև թանկարժեք մետաղների, դրանցից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմինն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, իսկ տարբերանիշի և անվանանիշի գրանցման, հաշվառման և փորձաքննության, ինչպես նաև պետական պահուստների ուսումնասիրության գործառույթներն իրականացնող լիազոր մարմինը` ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Մեկ այլ որոշման մեջ կատարված փոփոխությունների նպատակն է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի և սպառողների շահերի պաշտպանության տեսչությունն օժտել Եվրամիության պահանջները բավարարող իրավասություններով` միջազգային չափանիշներին համապատասխան ապահովելով շուկայի և սպառողների իրավունքների պաշտպանությունը։
Կարևորվում է ՓՄՁ դերը
ՀՀ կառավարությունը հաստատել է`
- փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության 2012 թ. ծրագիրը, որի ռազմավարական նպատակներն են ՓՄՁ սուբյեկտների համար ֆինանսական ռեսուրսների մատչելիության ապահովումը, ՓՄՁ սուբյեկտների գործունեության միջազգայնացումը, աջակցության նոր մեխանիզմների (նոր մոտեցումների) ներդրումը և այլն,
- ՀՀ արտահանվող և ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրվող երկակի նշանակության հսկվող ապրանքների, ինչպես նաև փոխանցվող երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների` հսկվող ոչ նյութական արժեքների ցանկերը, որոնք համապատասխանեցվել են Եվրամիության վերջին կանոնակարգին,
- միջազգային պարտավորություններին համապատասխան ՀՀ ազգային զեկույցների պատրաստման պատասխանատու պետական մարմինների և ներկայացման ժամկետների ցանկը,
- բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրի օրինակելի ձևերը, ինչպես նաև ամուսնու, համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի գույքի, եկամուտների մասին հայտարարագրերում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը, բովանդակությունը և ձևը,
- հանրային ծառայության պաշտոնի նշանակելու դեպքում լիազորությունների իրականացումը խոչընդոտող հիվանդությունների ցանկը,
- հանրային ծառայողի կողմից ծառայողական պարտականությունների կատարման բերումով այլ ծառայողների կատարած իրավախախտումների և հանրային ծառայությանն առնչվող անօրինական, այդ թվում` կոռուպցիոն բնույթի գործողությունների մասին համապատասխան պաշտոնատար անձանց, իրավասու պետական մարմիններին տեղեկացնելու և հանրային ծառայողի անվտանգության երաշխավորման կարգը։
Փոփոխություններ կատարելով իր 2010 թ. ընդունած համապատասխան որոշման մեջ` ՀՀ կառավարությունը հաստատել է հարկային ներկայացուցիչ նշանակելու ենթակա հարկ վճարողների 2012 թ. ցանկը, ուր ընդգրկված է 37 հարկ վճարող։
Ճանապարհային երթևեկության կարգավորման միջազգային փորձի հաշվառմամբ գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք կնպաստեն բնագավառում պետական քաղաքականության իրականացմանը, առավել հստակ կկանոնակարգեն այն հարաբերությունները, որոնք մինչև այժմ սահմանված չեն եղել։
Կատարելագործվում են ճանապարհային երթևեկության կանոնները
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքի նախագծին, որի նպատակն է օրենսգրքում արտացոլել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի դրույթները։
Նիստում հավանության է արժանացել «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որտեղ որպես իրավական հիմք ամրագրվում է խնամակալության և հոգաբարձության մարմինների, առանց ծնողական խնամքի մնացած բնակարանի կարիք ունեցող անձանց բնակարանի տրամադրման համար իրականացվող հաշվառման գործընթացը։
Կառավարությունը քննարկել է «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» և ևս հինգ ՀՀ օրենքներում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որով հանդես են եկել Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Գործադիրը հանգել է եզրակացության, որ խնդիրն արդիական չէ, ներկայացված օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտություն չկա։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Այլ որոշումներ
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ՀՀ տարածքում ՌԴ սահմանապահ զորքերի տեղաբաշխման կետերի և դրանց տեղաբաշխման և օգտագործման համար ՀՀ սեփականությունը հանդիսացող հողատարածքների, զորանոցային և բնակելի ավանների հանձնման ու օգտագործման կարգի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Գործադիրն այլ կատեգորիա է փոխադրել Լոռու մարզի Ուրասարի, Արագածոտնի մարզի Բազմաղբյուրի, Արմավիրի մարզի Ծաղկալանջի, Կոտայքի մարզի Նոր Գյուղի գյուղական համայնքների հողերի մի մասը` համապատասխանաբար ձկնաբուծական արհեստական լճակների և օժանդակ կառույցների շինարարության, բնակելի կառուցապատման, քարի, գյուղատնտեսական մթերքների վերամշակման և պահածոյացման արտադրամասերի կառուցման համար։
Նկատի ունենալով գալարափողահար Սուրեն Բաբայանի երաժշտական արվեստի բնագավառում դրսևորած բացառիկ ունակություններն ու խոստումնալից ապագան` միջազգային տարբեր մրցույթներում մրցանակային տեղեր նվաճելու հանգամանքը, կառավարությունը նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել մինչև ուսումնառության ավարտը` 2013 թ. աշնանային զորակոչ։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը: