ուրբաթ, 16 դեկտեմբերի 2011
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպանին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամեդ Ալա Էլդին Սաադ էլ Լեիսին:
Վարչապետը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու առիթով: «Համոզված եմ, որ Ձեր գործունեությունը կնպաստի հայ-եգիպտական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Հայաստանի կառավարությունը պատրաստ է անել հնարավորը՝ այդ ուղղությամբ աշխատանքներին նոր թափ հաղորդելու համար»,- ասել է վարչապետը:
Կողմերը կարևորել են հայ-եգիպտական առևտրատնտեսական կապերի զարգացումը՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակին: Այդ համատեքստում երկուստեք կարևորվել է Հայաստանի և Եգիպտոսի գործարար հատվածների միջև կապերի սերտացումը:
Վարչապետ Սարգսյանն ու Եգիպտոսի դեսպանը գոհունակությամբ են խոսել երկու երկրների միջև մշակութային կապերի զարգացման ընթացքից: Մասնավորապես, Տիգրան Սարգսյանը ողջունելի է համարել Երևանում Եգիպտոսի մշակութային օրերի անցկացումը, որոնց շրջանակում ցուցադրվել են Եգիպտոսի օպերայի և բալետի թատրոնի 2 բալետային ներկայացում, եգիպտական բազմաթիվ ֆիլմեր, ինչպես նաև կազմակերպվել է Եգիպտոսի նկարիչների ստեղծագործությունների ցուցադրություն: Նա նաև բարձր է գնահատել Եգիպտոսի` ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության հիմնադրամի գործու¬նեությունը, որի միջոցով ավելի քան 1500 հայ մասնագետներ վերապատրաստվել են Եգիպտոսում: Կարևորվել է եգիպտահայ համայնքի դերը հայ-եգիպտական հարաբերությունների ամրապնդման գործում:
Մոհամեդ Ալա Էլդին Սաադ էլ Լեիսին ներկայացրել է Եգիպտոսի քաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները: