հինգշաբթի, 22 դեկտեմբերի 2011
Բարելավվում է գործարար միջավայրը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Դեկտեմբերի 22-ն էներգետիկի օրն է, և վարչապետը նիստից առաջ կառավարության անունից շնորհավորել է ոլորտի բոլոր աշխատակիցներին, նրանց մաղթել բեղմնավոր աշխատանք և ջերմություն` ընտանիքում։ «Էներգետիկ ոլորտի այս տարվա արդյունքները բավական տպավորիչ են, - ասել է Տիգրան Սարգսյանը։ - Մի կողմից աճ է արձանագրվել, իսկ մյուս կողմից` էապես մեծացել արդյունավետությունը, ինչի շնորհիվ հնարավոր է եղել անփոփոխ պահել էլեկտրաէներգիայի սակագները։ Կարծում եմ` էներգետիկները կարող են հպարտանալ 2011-ի արդյունքներով», - շեշտել է վարչապետը։
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, ուժը կորցրած ճանաչել մեկ այլ որոշում, ինչը բխում է կառավարության որդեգրած քաղաքականությունից, այն է` Հայաստանում գործող տեխնիկական կանոնակարգումն աստիճանաբար մոտարկել Եվրամիության գործող հանձնարարականներին։ Այս նպատակով հանրային սննդի ծառայությունը հանվել է պարտադիր արտոնագրման ենթակա ցանկից։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է այս որոշումը ներկայացնել ԶԼՄ-ներին, որպեսզի բոլոր ձեռնարկատերերն իմանան, որ սերտիֆիկացումը սահմանի վրա վերացվում է։ «Սա էական բարելավում է լինելու արտահանողների և ներմուծողների համար, - ասել է Տիգրան Սարգսյանը։ - Ըստ էության սա «գիլյոտինի» աշխատանքի սկիզբն է։ Վերահսկիչ պալատի ներկայացրած տվյալները վկայում են, որ «գիլյոտինի» ինստիտուտը լուրջ անելիք ունի Հայաստանում։ Բազմաթիվ այսպիսի արհեստական գործառույթներ, որոնք բովանդակային առումով բացարձակապես չեն նպաստում սննդի անվտանգության բարձրացմանը, ստեղծում են կոռուպցիոն ռիսկեր, բյուրոկրատական քաշքշուկ, վատթարացնում բիզնես միջավայրը։ Այս օրինակը վկայում է, որ մենք լուրջ անելիք ունենք «գիլյոտինի» մասով։ Արդեն Ավստրիայի կառավարության գրանտը` 500 հազար եվրոն, ստացել ենք, որը հնարավորություն է տալու, որպեսզի այդ կառույցը մեծ թափով աշխատի»։
Իր նիստում կառավարությունը հաստատել է Հայաստանի հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որի համաձայն ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 25 հազար տոննա ամոնիակային սելիտրա ձեռք բերելու և մինչև 2012 թ. ապրիլի 10-ը ՀՀ մարզերի հողօգտագործողներին ծրագրում ամրագրված գնով վաճառելու համար մատակարարին հատկացնելու է 1 մլրդ դրամ։ Այս առնչությամբ վարչապետն ասել է, որ սրանով սկսվում է գարնանացանի նախապատրաստությունը, որպեսզի գյուղացիները ժամանակին պարարտանյութ ունենան, ինչը կնպաստի ավելի բարձր ցուցանիշների ձեռքբերմանը։ «Խնդիրը կարևորվում է այն առումով,որ այսօր մենք գյուղատնտեսության մեջ ունենք 14 տոկոս աճ, և մեր նպատակն է լինելու 2012-ին պահպանել այս տեմպը»։
Կառավարության որոշմամբ լուծվել է Արծվաշենի նախկին բնակիչներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու հարցը, որը հնչել էր նաև ՀՀ Ազգային ժողովում։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի պարզաբանմամբ արծվաշենցիների խնդրանքով նրանց հանդեպ ցուցաբերվել է առանձնահատուկ մոտեցում։ «Որոշման նրբությունն այն է, որ մենք մեր ընդհանուր կարգից շեղվում ենք, - ասել է վարչապետը։ - Արծվաշենցիների խնդրանքը կատարելու համար մենք պայմանավորվեցինք, որ բոլոր 708 ընտանիքները գրավոր համաձայնություն տան, որ կիրառվի ֆինանսական միջոցների բաշխման իրենց առաջարկած սխեման։ Այժմ բոլոր ստորագրությունները հավաքվել են, և կառավարությունը տրամադրում է 708 մլն դրամ։ Այսպիսով, արծվաշենցիները համարում են, որ պետությունն իրենց նկատմամբ կատարել է իր բոլոր պարտավորությունները։ Հարգում ենք նրանց համախմբվածությունը, միասնական դիրքորոշում ցուցաբերելու կամքը»։
Սահմանվել են 2012 թ. պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները
ՀՀ կառավարությունն ընդունել է «ՀՀ 2012 թ. պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշումը, որով սահմանվում են ՀՀ 2012 թ. պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները, ինչպես նաև այդ տարվա պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումները։ Հաջորդ որոշմամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է 2011 թ. դեկտեմբերի 26-ին ապահովել ՀՀ 2012 թ. պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվելիք գնման առարկաների անվանումների ամփոփ տեղեկատուի ներկայացնելը ՀՀ ֆինանսների նախարարություն, պատկան մարմիններին` մինչև 2012 թ. հունվարի 14-ը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել ՀՀ 2012 թ. պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվելիք գնումների անվանացանկը։
ՀՀ կառավարությունը ՀՀ 2011 թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` փոփոխություններ, որոնք թելադրված են 2011 թ. պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն իրականացնողների փաստացի աշխատանքի ամփոփումից հետո առաջացած տնտեսված միջոցներն ավելի արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությամբ։ Հաջորդ որոշմամբ անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող և ֆինանսատնտեսական հաշվետվություն ներկայացնող կազմակերպությունների շարքն են ընդգրկվել նաև համայնքային ենթակայության և մասնավոր առևտրային կազմակերպությունները, ինչը թույլ կտա առավել նպատակային և արդյունավետ տեղաբաշխել պետության միջոցները։
Կառավարության որոշմամբ հանրակրթության ավարտական փաստաթղթերի` հիմնական կրթության վկայականի և միջնակարգ կրթության ատեստատի ձևերը համապատասխանեցվել են 12-ամյա կրթությանը։
Գործադիրը որոշել է 2012 թ. հունիսին Ջերմուկում ՖԻԴԵ-ի կանանց շախմատի «Գրան պրի» մրցաշար անցկացնելու համար Հայաստանի շախմատի ֆեդերացիային հատկացնել 75 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ։
Նիստում որոշվել է ընդունել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև 2011 թ. օգոստոսի 27-ին և նոյեմբերի 10-ին ստորագրված պայմանագրերով Հայաստանին որպես նվիրատվություն փոխանցված 249 քաղաքային ավտոբուսները և դրանց պահեստամասերը, որոնք նվիրաբերվում են Երևան քաղաքին։
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև Հայաստանում արևմտյան և չինական բժշկության մեջ օգտագործվող տեխնոլոգիաների ինտեգրված կիրառման ուսումնաբժշկական, գիտահետազոտական տարածաշրջանային կենտրոն ստեղծելու համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Նախատեսվող կենտրոնը, տարածաշրջանում լինելով միակը, իր մատուցած ծառայությունների որակով չի զիջի համանման չինական կենտրոններին։
Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանության շենքի նորոգումը ֆինանսավորելու նպատակով գործադիրը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացրել է 144 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։
Նոր թափ կտրվի զբոսաշրջությանը
ՀՀ կառավարությունը հաստատել է`
- «Զբոսաշրջության աջակցության ծառայություններ» 2012 թ. ծրագիրը, որը կիրականացվի պետբյուջեի ֆինանսավորմամբ` 50 մլն դրամի չափով և կնպաստի Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների աճի տեմպի (շուրջ 20 տոկոս) պահպանմանը` 2012 թ. ապահովելով մոտ 900 հազար զբոսաշրջային այցելություն,
- «Արփի լիճ» ազգային պարկի 2011-2015 թթ. կառավարման պլանը,
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի արտոնագրման պայմանների և պահանջների հսկողության տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը,
- Համաշխարհային բանկից ֆինանսավորվող կենսական նշանակության ճանապարհների բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով ճանապարհների վերականգնման շինաշխատանքների կապալառուների ընտրության միջազգային բաց մրցույթի արդյունքները` հաղթող ճանաչելով «Կապավոր» ՍՊԸ-ն և «Թալինի ավտոտրանսպորտային և ճանապարհների» ՓԲԸ-ն,
- անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրության արտոնագրման կարգը և արտոնագրի ձևերը,
- նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերը. որոշմամբ հաստատված պայմանագրերը պարտադիր նոտարական վավերացման փոխարեն կարող են կնքվել կողմերի ստորագրությունների ճանաչմամբ,
- փոստային կապի գործունեության արտոնագրման կարգը` այն համապատասխանեցնելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել`
- ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգին,
- Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին. ակնկալվում է, որ իրականացվող բարեփոխման շնորհիվ Հայաստանն էականորեն կբարելավի իր դիրքերը Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» դասակարգման մեջ,
- ՀՀ կառավարության 2010 թ. փետրվարի 25-ի «ՀՀ էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգին հավանություն տալու մասին» N7 արձանագրային որոշմամբ սահմանված աշխատանքներում կիբեռանվտանգության ընդհանուր շրջանակին և ՀՀ կառավարության տեղեկատվական անվտանգության իրավիճակի նախնական աուդիտի և ռիսկերի վերլուծության համար անհրաժեշտ տեղեկությունների ցանկին,
- ՀՀ ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման և կառավարման մեթոդաբանությանը։
Օրենսդրորեն կբարելավվի պետական գույքի կառավարումը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով կկարգավորվեն պետբյուջեի նպատակային և ծրագրային տնօրինման, տիրապետման և օգտագործման հետ կապված հարաբերությունները։
Կառավարության հավանությունն են ստացել «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ չորս օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնց ընդունմամբ կստեղծվեն մարդու կյանքի, առողջության, անվտանգության ապահովման, ինչպես նաև հողի, բուսական և կենդանական աշխարհի, էկոհամակարգերի կենսաանվտանգության ապահովման բարենպաստ նախադրյալներ։
Գործադիրը հավանության է արժանացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որի նպատակն է ճանապարհային տնտեսության ոլորտին առնչվող բոլոր ոչ իրավաչափ գործողությունների համար համաչափ վարչական պատասխանատվության սահմանումը։
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որի ընդունման դեպքում կապահովվեն ծառայողական քննության կատարման օբյեկտիվությունը և հիմնավորվածությունը։
Նիստում քննարկվել է ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հողի հարկի արտոնությունների մասին» և «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է արտոնություն կիրառել սահմանամերձ բնակավայրերի վարչական տարածքներում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ։ Գործադիրը նպատակահարմար չի համարել նախագծերի փաթեթի ընդունումը։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։
Այլ հարցեր
Կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են Գեղարքունիքի մարզի Զովաբերի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները, նշանակվել է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն, որի նախապատրատման և անցկացման ծախսը կֆինանսավորվի։
Գործադիրն իր որոշումներով այլ կատեգորիա է փոխադրել Արարատի մարզի Ավշարի, Շահումյանի, Եղեգնավանի, Դալարի, Վայոց ձորի մարզի Մալիշկայի գյուղական համայնքների հողերի մի մասը` համապատասխանաբար օրվա կարգավորիչ ջրամբարների կառուցման և սպասարկման, հակակարկտային գեներատորային կայանների կառուցման համար։
Կառավարության որոշմամբ մինչև 2013 թ. գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել ՀՀ ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի անդամ Արաս Օզբիլիզին։ Մինչև ուսումնառության ավարտը` (2014 թ. աշնանային զորակոչ), տարկետում են ստացել Մոսկվայի Գ.Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի ասպիրանտ Վիկտոր Համբարձումյանը, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի ասպիրանտ Նարեկ Շիրվանյանը, Լայպցիգի Ֆելիքս Մենդելսոն Բարթոլդի անվան երաժշտության և թատրոնի բուհի ուսանող Խաչատուր Ենգոյանը։
Նկատի առնելով բալետի արտիստ Արման Գրիգորյանի բացառիկ ընդունակություններն ու խոստումնալից ապագան, միջազգային տարբեր մրցույթներում մրցանակային տեղեր նվաճելու հանգամանքը, կառավարությունը նրան ազատել է պարտադիր զինվորական ծառայությունից։
Գործադիրը հաստատել է «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնում Յուրիկ Սաֆարյանի ընտրության արդյունքը։
Ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ կառավարությունը որոշել է 2012 թ. ապրիլի 9-ի, հուլիսի 16-ի, օգոստոսի 13-ի և սեպտեմբերի 17-ի աշխատանքային երկուշաբթի օրերը համապատասխանաբար տեղափոխել 2012 թ. ապրիլի 14-ը, հուլիսի 21-ը, օգոստոսի 18-ը և սեպտեմբերի 29-ը` շաբաթ օրերը։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը: