ուրբաթ, 23 դեկտեմբերի 2011
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գրասենյակի նորանշանակ մշտական ներկայացուցչին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Մանյա Հենրիյեթ Ահրենսին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է տիկին Ահրենսին՝ այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում UNICEF հետ համագործակցությունը և վերջինիս գործունեությունը՝ ուղղված մեր երկրում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավման խնդիրների լուծմանը»- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկել երկկողմ հետագա համագործակցությանն ուղղված ծրագրերին առնչվող հարցեր:
Նշելով, որ իր համար մեծ պատիվ է հետագա գործունեությունը Հայաստանում շարունակելը, Մանյա Հենրիյեթ Ահրենսն ասել է, որ ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակը կշարունակի աշխատանքները մեր երկրի հետ համագործակցության ամրապնդման և հիմնադրամի առաքելության և նպատակների իրականացման համար:
Տիգրան Սարգսյանը կարևորել է հատկապես մեր երկրում խնամատար ընտանիքի համակարգի ներդրումը՝ նշելով, որ երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրները գտնվում են նաև կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում: