ուրբաթ, 23 դեկտեմբերի 2011
Վարչապետ. Մեր նպատակն է մինչ 2020 թվականը ՀՊՄՀ-ն դարձնել հայաստանյան լավագույն համալսարաններից մեկը
Տեղի է ունեցել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նիստը, որը վարել է վարչապետ, ՀՊՄՀ-ի կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: ՀՊՀՄ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հանդես է եկել 2011 թվականին համալասրանում կատարված աշխատանքների հաշվետվությամբ, որոնք խորհուրդը գնահատել է բավարար: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը հաստատել է մինչ 2015 թվականը ՀՊՄՀ-ի գործունեության ռազմավարական ծրագիրը և բուհի 2012 թվականի բյուջեն:
Վարչապետ Սարգսյանը կարևորել է այն, որ բուհի զարգացման ծրագիրը թիրախավորված է: «Մեր նպատակն է՝ մինչ 2020 թվականը ՀՊՄՀ-ն դարձնել հայաստանյան լավագույն համալսարաններից մեկը: Այդ նպատակին հասնելու նախապայման պետք է համարենք այն, որ մանկավարժական համալսարանն անցնի միրջազգային հավաստագրում՝ համագործակցելով նաև եվրոպական և ամերիկյան առաջատար համալսարաններից մեկի հետ»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է, որպեսզի մշակվեն նաև կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրեր, կառուցվի հստակ ծրագրային բյուջե, որտեղից էլ կֆինանսավորվեն նախանշված բոլոր միջոցառումները՝ ուղղված բուհի զարգացմանը:
Նիստի ժամանակ ներկայացվել է նաև ՀՊՄՀ-ի պաշտոնական նոր կայքը, որով հասարակությանը կտրամադրվի ամբողջական տեղեկատվություն համալսարանի մասին: