Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 29 դեկտեմբերի 2011

Ավելացվում են սոցիալական բոլոր վճարները





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական և 2011 թ. վերջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։


Սահմանվել են 2012 թ. հիմնական կենսաթոշակի և պետական նպաստների չափերը

ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում և 2012 թ. հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակի չափը 10 հազար 500 դրամի փոխարեն սահմանել 13 հազար դրամ (աճը` շուրջ 24 տոկոս)։ Դրա շնորհիվ աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 28 հազար 700 դրամի փոխարեն կկազմի շուրջ 31 հազար 300 դրամ (աճը` շուրջ 9 տոկոս), սոցիալական կենսաթոշակի միջին չափը 13 հազար 200 դրամի փոխարեն` շուրջ 16 հազար 500 դրամ (աճը` շուրջ 20 տոկոս), շարքային կազմի զինծառայողներին տրվող հաշմանդամության կենսաթոշակի միջին չափը 17 հազար 800 դրամի փոխարեն` շուրջ 20 հազար 900 դրամ (աճը` շուրջ 22 տոկոս), շարքային կազմի զինծառայողների ընտանիքների անդամներին կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակի միջին չափը 15 հազար 800 դրամի փոխարեն` շուրջ 19 հազար 500 դրամ (աճը` շուրջ 25 տոկոս)։ Հաջորդ որոշմամբ հաստատվել են ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություն տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելով ՀՀ 2012 թ. պետբյուջեով ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության համար հատկացված միջոցները։ Այնուհետև գործադիրը հաստատել է ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության, երեխայի ծննդյան միանվագ, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստների նշանակման և վճարման կարգերը, ինչպես նաև այդ նպաստների անկանխիկ վճարման կարգը։
ՀՀ կառավարությունն իր որոշմամբ 2012 թ. սոցիալական փաթեթի սահմանաչափը մեկ անձի կամ մեկ դրույքի համար սահմանել է 132 հազար դրամ։ Սոցիալական ապահովության միջոցառումների իրականացման նպատակով աշխատակիցներին առաջարկվող սոցիալական փաթեթը ներառում է բժշկական ապահովագրությունը, հիփոթեկային վարկի ամսական վճարի մարումը, ուսման վճարը, պետական բոլոր ծառայողների, ինչպես նաև որոշ ոլորտների ՊՈԱԿ-ների վարչական և մասնագիտական աշխատողների համար ներդրվում է սոցիալական երաշխիքների միասնական համակարգ, որը կնպաստի աշխատողների սոցիալական կարիքների բավարարմանը և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ Հաջորդ որոշմամբ, որն ուժի մեջ է մտնում 2012 թ. հունվարի 1-ից, սահմանվել է սոցիալական փաթեթի հատկացման կարգը։ Նշելով, որ սոցիալական փաթեթից կարող է օգտվել մոտ 120 հազար մարդ, վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է զանգվածային լրատվամիջոցներով լուսաբանել այս որոշման մանրամասները և շահառուներին ներկայացնել սոցիալական փաթեթի ներդրման առավելությունները։
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում` դրանով իսկ հաստատել ընտանիքների անապահովության գնահատման կարգը, որի նպատակն է ապահովել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունից, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից առցանց եղանակով տվյալներ ստանալու իրավական հիմքը։
Իր նիստում գործադիրը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին պարտավորեցրել է ապահովել նախարարության համակարգի պետական ընկերությունների նախորդ տարիների գործունեության արդյունքով հաշվարկված` ընկերությունների տրամադրության տակ մնացած և չբաշխված շահույթի հաշվին 154 միլիոն 296 հազար 320 դրամ գումարի վճարումը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին` որպես ՀՀ անապահով ընտանիքների կողմից 2011 թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին սպառած բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում։
Կառավարության որոշմամբ սոցիալական բնակֆոնդից բնակարան է հատկացվել ծնողների մահից հետո առանց խնամքի մնացած Գյումրի քաղաքի Հովսեփյանների ընտանիքին, որը հայտնվել էր սոցիալական ծանր վիճակում։
Կառավարությունը ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրել է Երևան քաղաքի Մոլդովական 70/1 հանրակացարանային մասնաշենքից 185.4 քառ. մետր գույքը նվիրել այնտեղ բնակվող բնակիչներին` լուծելով ավելի քան քսան անձանց բնակարանային խնդիրները։


Ավելի հուսալի կդառնա սննդամթերքի անվտանգությունը

ՀՀ կառավարությունն իր նախկին մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով հստակեցվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նպատակներն ու խնդիրները։ Ակնկալվում է, որ որոշումը հնարավորություն կտա ավելի արդյունավետ ու լիարժեք դարձնել կառույցի գործունեությունը։ Մեկ այլ որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է երկրի հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրով նախատեսված գումարը որպես սուբսիդիա տրամադրել «Կոտայքի բերրիություն» ԲԲԸ-ին, որը և կիրականացնի նշված ծրագիրը։
ՀՀ կառավարությունը փոփոխել է 2011 թ. պետբյուջեի և իր նախորդ որոշումներից մեկի ցուցանիշները։ ԱԱՀ վերադարձի համար նախատեսված գումարն ավելացվել է 2 մլրդ 300 մլն դրամով, ինչը պայմանավորված է նախատեսվածից ավելի արտահանում կատարելու և մեծ գերավճար չկուտակելու հանգամանքով։ Ուրախությամբ նշելով նախորդ տարվա համեմատ արտահանման ծավալի ավելացումը, Տիգրան Սարգսյանը շեշտել է ԱԱՀ վերադարձի հետ կապված հատկացումների ավելացման անհրաժեշտությունը։ «Ծրագրային ցուցանիշը գերակատարվել է, շուրջ 32 տոկոսով աճել է արտահանման ծավալը», - ասել է վարչապետը։
Կառավարության որոշմամբ թույլատրվել է «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալն ավելացնել ավելի քան 590 մլն դրամով` լրացուցիչ թողարկված և տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց վճարումը նախատեսելով Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող երկրաբանական տեղեկատվությամբ։ Այդ միջոցով կապահովվի ՀՀ տարածքում ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզման աշխատանքի շարունակելիությունը։
Կառավարությունն իր նիստում փոփոխություններ է կատարել «Սևան» ազգային պարկին և դրան հարող տարածքներին վերաբերող նախկին որոշման մեջ, ինչը պայմանավորված է Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման կանխատեսվող հաշվարկային ժամանակացույցի ցուցանիշների ճշգրտման անհրաժեշտությամբ։
Գործադիրը որոշել է Դիլիջան քաղաքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող «Դիլիջան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ին առանց մրցույթի, 25 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով (առանց կառուցապատման) տրամադրել 22,5 հա հողամաս` վարձավճարի չափը սահմանելով հողի հարկի տարեկան դրույքաչափով։ Հողամասը կից է ՊԵԿ-ին սեփականության իրավունքով պատկանող «Դիլիջանի ստեղծագործական տուն» համալիրին, որը վերածվելու է միջազգային ուսուցողական կենտրոնի։
Գործադիրը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ և «Սպայկա» ՍՊԸ-ին թույլատրել 300 մլն դրամը գերազանցող 15 քարշակների և 15 կիսակցորդների ներմուծման ժամանակ գոյացած ԱԱՀ գումարի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2012 թ. փետրվարի 1-ը։ «Բազում ֆիրմա» արտադրական կոոպերատիվի ներմուծած ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչև 2014 թ. նոյեմբերի 5-ը։ Փոփոխվել են նաև համանման կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգերը, հստակեցվել է գնահատման մեթոդաբանությունը ներդրումային այն ծրագրերի համար, որոնք իրականացնելիս անհրաժեշտ չէ գնահատել որոշ չափորոշիչներ։
Փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը` ՀՀ կառավարությունն ավելի դյուրին է դարձրել դեղերի, բուժական մեթոդների և բուժտեխնիկայի գովազդի թույլտվություն ստանալու գործընթացն իրավաբանական և ֆիզիկական անձանց համար։
Փոփոխվել և լրացվել է կառավարության «Բարեգործական ծրագրերի մասին» նախկինում ընդունած որոշումը, ինչի շնորհիվ կապահովվեն ՀՀ կառավարության աշխատակազմի բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագրով սահմանված աշխատանքները, իսկ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովն ավելի արդյունավետ կիրականացնի իրեն վերապահված գործառույթները։
Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2011 թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ և լազերով ղեկավարվող «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի տնտեսած միջոցներից 55 մլն դրամը հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոնին փոխանցելու համար` արագացուցչի շինարարական աշխատանքներն իրականացնելու նպատակով։
Կառավարությունը որոշել է «Վ. Թոթովենցի անվան N 57 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ին, քանի որ համալսարանը պետության լիազորությամբ և աջակցությամբ լուրջ հիմքեր ունի զարգացնելու միջբուհական կրթությունը` մշակելով և կիրառելով միասնական չափորոշիչներ, դպրոցն ապահովելով որակյալ մասնագետներով։


Ներդրվում է էլեկտրոնային գնումների համակարգը

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- էլեկտրոնային գնումների կատարման կարգը, որի նպատակն է գնումների գործընթացն իրականացնել և ապահովել էլեկտրոնային միջոցով,
- հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների կազմման, ՀՀ համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման ու փոփոխման կարգերը,
- ռոյալթիների հաշվարկման համար իրացումից հասույթի հաշվարկման կարգը, որով նախատեսվում է ռոյալթիի համար իրացումից հասույթը որոշել հաշվեգրման եղանակով,
- այն 18 կազմակերպությունների ցանկը, որոնցում տվյալ ոլորտը վերահսկող ստուգում իրականացնող պետական մարմնի կողմից ստուգում, բացառության կարգով, կարող է իրականացվել վեց ամիսը մեկ անգամ,
- նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների հաշվետվության օրինակելի ձևը և դրա լրացման ուղեցույցը, որոնք կնպաստեն ոլորտի թափանցիկության մեծացմանը և, վարչապետ Տիգրան Սարգսյանի բնորոշմամբ, կստեղծեն որակապես նոր միջավայր,
- հարկային օրենսդրության վերանայման 2012-2014 թթ. միջոցառումների ծրագիրը,
- «Էքսպո 2012 ՅՈՍՈԻ Կորեա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության ծրագիրը և նախահաշիվը. ցուցահանդեսն անցկացվելու է 2012 թ. մայիսի 12-ից օգոստոսի 12-ը Հարավային Կորեայում, Հայաստանը պետք է մասնակցի «Նոր ռեսուրսների տեխնոլոգիաներ» թեմային,
- ՀՀ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի 2012-2016 թթ. ռազմավարական ծրագիրը,
-ՀԲ աջակցությամբ իրականացվող «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրով հանրակրթական դպրոցների վարչարարական գործառույթների իրականացման համար համակարգչային սարքավորումներ ձեռք բերելու նպատակով միջազգային մրցակցային գնման արդյունքը,
- ՀՀ տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը (փոփոխված),
- ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները (փոփոխված)։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել`
- «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչություն ստեղծելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծին,
- Հայաստանի Հանրապետությունից սկիզբ առնող անկանոն միգրացիայի երևույթի ուսումնասիրության և դրա կանխարգելման հայեցակարգին, որի իրականացմամբ ակնկալվում է էապես նվազեցնել անկանոն միգրացիայի ծավալը,
- Հայաստանի Հանրապետությունում նորմատիվ իրավական ակտերի կարգավորման ազդեցության գնահատման համակարգի կատարելագործման հայեցակարգին. համակարգի կատարելագործմամբ կներդրվի նորմատիվ իրավական ակտերի նախագծման, քննարկման և ընդունման սկզբունքային նոր ձևաչափ։


Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության կառավարությունների միջև տեղեկատվության փոխանակման և միջուկային անվտանգության ու ճառագայթային պաշտպանության բնագավառում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Կրթության և գիտության ոլորտում Հայաստանի Հանրապետության և Քաթարի Պետության կառավարությունների համագործակցության առաջարկությանը ևս նիստում համաձայնություն է տրվել։
Գործադիրը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Շիրակի մարզի Տուֆաշենի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները, նշանակել և անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն, ֆինանսավորել ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսը։
Կառավարությունը փոխել է Սյունիքի մարզի Շենաթաղի, Արարատի մարզի Նորամարգի, Վայոց ձորի մարզի Հերմոնի, Հերհերի, Շատինի, Գոմքի և Նոր Ազնաբերդի, Արագածոտնի մարզի Ուջանի և Սադունցի, Տավուշի մարզի Թեղուտի գյուղական համայնքների հողերի մի մասի նպատակային նշանակությունը` համապատասխանաբար ջրային օբյեկտների օգտագործման և պահպանության համար անհրաժեշտ այլ կառույցների շինարարության, բնակելի կառուցապատման, օրվա կարգավորիչ ջրամբարների կառուցման և սպասարկման համար։
Կառավարության որոշմամբ ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքական թիմի անդամ Մուսա Մուրթազալիևին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել մինչև 2013 թ. աշնանային զորակոչը։ Մինչև ուսումնառության ավարտը` 2012 թ. աշնանային զորակոչը, տարկետում է ստացել ՌԴ ազգերի բարեկամության համալսարանի կլինիկական ինտերնատուրայի սան, վանաձորցի Աղվան Արզումանյանը։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ