Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 2 փետրվարի 2012

Ընդունվել են քաղաքական լուրջ բովանդակություն ունեցող որոշումներ




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստից առաջ կառավարության ղեկավարն անդրադարձել է օրակարգում ընդգրկված հարցերից մի քանիսին, որոնք, Տիգրան Սարգսյանի բնութագրմամբ, քաղաքական լուրջ բովանդակություն ունեն (վարչապետի ներածական խոսքը կայքում տեղադրվել է առանձին)։

Կրթական ծրագրերը կնպաստեն բարեկեցության բարձրացմանը

Առաջնորդվելով մարդկային կապիտալի զարգացման հիմնարար սկզբունքով, որ բարեկեցության կարևոր գրավական են կրթության բարձր մակարդակն ու մասնագիտական որակավորումը, կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերում զինծառայողների կրթական կարիքների գնահատման հետազոտության և կրթական ծրագրի իրականացման ծրագրին, հաստատել կրթական կարիքների գնահատման հետազոտության հարցաթերթի և արդյունքների ամփոփագրի ձևերը։
Կրթական ծրագրի իրականացման նպատակն է ուսումնասիրել զինծառայությունն ավարտող երիտասարդների կրթական հակումներն ու նախասիրությունները, մասնագիտական հմտությունների և ուսումնական առանձին առարկաների գծով գիտելիքների զարգացման միջոցով նրանց նախապատրաստել Հայաստանի Հանրապետության բուհեր, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար։
Որդեգրելով սոցիալական քաղաքականության նոր ուղղվածությունը, որի համաձայն դրամական օժանդակությունից անցում է կատարվում բովանդակային` կրթական, առողջապահական, բնակարանային և այլ սոցիալական ծրագրերի իրականացում և սոցիալական փաթեթների տրամադրում շահառու խմբերին, կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների 16-18 տարեկան երեխաների կրթական կարիքների գնահատման, աջակցության և մոնիթորինգի իրականացման ծրագրին։ Ծրագրի նպատակն է անապահով ընտանիքների երեխաների մասնագիտական կրթություն ստանալու, սոցիալական ակտիվ ծրագրերում ներգրավելու հնարավորությունները մեծացնելով, բարձրացնել ընտանիքի բարեկեցության մակարդակը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս խնդիրը Հայաստանում ունի վիճակագրական բազա, որը նույնպես ապացուցում է ծրագրի խիստ կարևորությունը։ «Անապահով ընտանիքների միայն 10 տոկոսն է կարողանում ապահովել, որ իրենց երեխաներն ընդունվեն բուհեր, իսկ ապահովված երեխաների 82 տոկոսն է բուհ ընդունվում», - շարունակել է վարչապետը։ - Հասկանալի է, որ եթե նրանք բարձրագույն կրթություն չեն ստանում, ապա սկզբից ևեթ ստեղծվում է սոցիալական այս անհավասարությունը, և ապագայում այդ ընտանիքներն ունենում են խնդիրներ։ Այսինքն, կրթության հասանելիությունն աղքատությունը հաղթահարելու կարևորագույն պայման է։
Եթե ընտանիքի ղեկավարն ունի բարձրագույն կրթություն, ապա նման ընտանիքների միայն 12 տոկոսն է գտնվում աղքատության մեջ։ Այսինքն, այդ ընտանիքների 88 տոկոսն աղքատ չէ։ Այն պարագայում, երբ ընտանիքի ղեկավարը չունի բարձրագույն կրթություն, ապա այդ ընտանիքների 60 տոկոսն է աղքատ։ Այս վիճակագրությունն ապացուցում է, որ աղքատության հաղթահարման լավագույն ձևը Հայաստանի բոլոր ընտանիքներին և առաջին հերթին սոցիալապես անապահովներին կրթություն ստանալու հնարավորություն տալն է։ Պետությունը թիրախավորելու է հենց այս խնդիրը։ Այսինքն,եթե մենք ունենանք ֆինանսական հնարավորություններ, ապա դրանք որպես օժանդակություն պետք է ուղղենք այդ ընտանիքներին կրթություն ստանալու հնարավորության ընձեռմանը։ Կլինի պրոֆտեխուսումնարան, թե բուհ, մենք պարտավորվելու ենք ուսման վճարը վերցնել մեզ վրա։ Իսկ եթե մենք գնանք սոցիալական նպաստների ավելացման ճանապարհով, ապա այդ ընտանիքներին ապագայում չենք օգնի, որպեսզի նրանք ինքնուրույնաբար հաղթահարեն աղքատությունը։ Սա է մեր սոցիալական քաղաքականության արմատական փոփոխությունը»։

Գործադիրն իր երկու որոշմամբ փոփոխել է ավելի վաղ ընդունած սոցիալական փաթեթի հատկացման կարգը հաստատելու որոշումը և փաթեթի ընդհանուր հատկացումը` 18 մլրդ դրամը, բաշխել ըստ պետական կառավարման մարմինների։ Փաթեթում ներառված բժշկական ապահովագրության ծրագիրն իրականացվելու է ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացվող առողջության ապահովագրության կտրոնների հիման վրա։ Տեղեկացնելով, որ այդպիսի 116 հազար կտրոն է բաժանվելու, Տիգրան Սարգսյանը նշել է, որ դրանով իսկ պետական ծառայողներն ինքնուրույնաբար, առանց որևէ միջնորդության կարող են ընտրել ապահովագրական ընկերությունները։


Գյուղացին կապահովվի ազոտական պարարտանյութով և դիզելային վառելիքով

ՀՀ կառավարությունը որոշել է պետական աջակցության ծրագրով երկրի հողօգտագործողներին մատչելի գնով տրամադրելու համար ներմուծված ազոտական պարարտանյութի բեռնման և համայնքներ փոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով 2012 թ. առաջին եռամսյակում ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 163 մլն դրամ։ Նախատեսված է պարարտանյութն ըստ մարզերի բաշխել հաշվի առնելով վերջին երեք տարում կատարված ցանքի և մշակվող բազմամյա տնկարկների տարածության միջին ցուցանիշը։ Կառավարության մշակած սուբսիդավորման մեխանիզմի շնորհիվ ներկայիս 8 հազար դրամի փոխարեն մեկ պարկ ազոտական պարարտանյութը հողօգտագործողներին կվաճառվի 6 հազար դրամով։ Հաջորդ որոշմամբ հաստատվել է երկրի հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման պետական ծրագիրը, որի իրականացման համար 2012 թ. առաջին եռամսյակում ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կհատկացվի 1 մլրդ 327 մլն 914 հազար դրամ։ Այդ գումարը որպես սուբսիդիա պայմանագրային հիմունքով տրամադրվելու է «Ֆլեշ» ՍՊԸ-ին` ծրագիրն իրականացնելու, 12 հազար 600 տոննա դիզելային վառելանյութ մատակարարելու համար։ Մինչև 2012 թ. մարտի 20-ը վառելիքը ՀՀ մարզերի հողօգտագործողներին կվաճառվի մեկ լիտրը 350 դրամով, որը 90 դրամով պակաս է շուկայական գնից։
 

Աջակցություն է ստանում հերթական ներդրումային ծրագիրը

Իր նիստում կառավարությունը որոշել է «Հանա-տրանս» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2012 թ. փետրվարի 20-ից մինչև 2012 թ. մարտի 31-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2015 թ. փետրվարի 20-ը։ Ընկերությունը նախատեսում է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի Մաղավուզի շրջանից ածխի փոխադրումը Վարդենիսի երկաթուղային հանգույց` հետագայում այն «Հանա-գրուպ» ընկերության միջոցով երկաթուղով Երևան քաղաք փոխադրելու նպատակով։ Ածուխը պետք է կիրառվի որպես ջուր-ածխային վառելիք` ապահովելով «ԵրևանՀԷԿ» ՓԲԸ կողմից էլեկտրաէներգիայի ստացում։ Բեռնափոխադրումը կազմակերպելու համար ՍՊԸ-ն արտերկրից ձեռք է բերել 40 ինքնաթափ ավտոմեքենա` այդ նպատակով ներդնելով մոտ 1.9 մլրդ դրամ։ Ծրագրով նախատեսվում է ստեղծել մոտ 50 աշխատատեղ` 180 հազար դրամ միջին աշխատավարձով։ «Այս ծրագիրն ունի ազգային անվտանգության լրջագույն բաղադրիչ, - ասել է Տիգրան Սարգսյանը։- Սրանով էապես ամրապնդվում է մեր էներգետիկ անվտանգությունը, մեծանում են մեր էներգետիկ ռեսուրսների օգտագործման ճկունությունը և արդյունավետությունը։ Բացի այդ, կառուցվելու և շահագործման է հանձնվելու մի նոր ճանապարհ, որը մեզ կապելու է Ղարաբաղի հետ։ Դրանով հումք է տեղափոխվելու Հայաստան, և մեր էներգետիկ համակարգը ձեռք է բերելու լրացուցիչ ռեսուրս, որը նաև նվազեցնելու է արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը, ինչը չափազանց կարևոր է։ Սա նաև խթանելու է տնտեսական աճը 2012 թվականին։ Մեծածավալ ներդրումներ են կատարվում այս ոլորտում, և սա ևս մեկ քայլ է մեր էներգետիկայի բնագավառում ինքնաբավության և անվտանգության աստիճանը բարձրացնելու առումով»։


Ազատ տնտեսական գոտին առաջինն է

Օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման, դրա արդյունքում առաջավոր տեխնոլոգիաների արմատավորման միջոցով արտահանման ծավալի աճի, նոր աշխատատեղեր ստեղծելու և կայուն տնտեսական զարգացում ապահովելու նպատակով կառավարությունը որոշել է «ՌԱՕ Մարս» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ստեղծել ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ)։ Վերջինիս գործառնական տեսակը սահմանվել է արտադրաարդյունաբերական և տեխնիկակիրառական էլեկտրոնիկայի, ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության և կենսատեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության ոլորտներում։ ԱՏԳ գործունեության ժամկետ է սահմանվել 10 տարին, ԱՏԳ կազմակերպիչ է ճանաչվել «Սիտրոնիքս Արմենիա» ՓԲԸ-ն։ Այսպիսով, ստեղծվել է Հայաստանի առաջին ազատ տնտեսական գոտին։ Որոշման առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Արձանագրում ենք, որ Հայաստանի նորանկախ պետականության պատմության մեջ առաջին անգամ պետությունն իրականացնում է ճյուղային արդյունաբերական քաղաքականություն մասնավոր հատվածի հետ։ Այսօր մենք դա հաստատեցինք, և այսօր նաև այդ ուղղությամբ առաջին քայլն ենք կատարում։ Այն գործիքներից մեկը, որով իրականացնելու ենք այդ քաղաքականությունը, ազատ տնտեսական գոտու գործիքն է, և մենք հայտարարում ենք այդ գործիքի օգտագործման սկիզբը։ Նաև հիշում եք, որ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովում բազմիցս քննարկվել է այս ծրագիրը, և մենք շուրջ 3 տարի աշխատել ենք մեր ռուս գործընկերների հետ նաև այս հայեցակարգի վրա։ Պատրաստվել է մանրակրկիտ մի փաստաթուղթ, որտեղ նկարագրված են, թե ինչ գործողություններ պետք է իրականացվեն ազատ տնտեսական գոտում»։
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք կնպաստեն գիտության և տեխնիկայի զարգացման միջազգային չափանիշներին համապատասխանող և երկրի տնտեսության պահանջներից բխող գիտական կենտրոնների ստեղծմանը։ Մեկ այլ որոշման մեջ կատարված լրացումներով տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում իրականացվող ծրագրային ապահովման հարմարեցումը, արտադրության պրոցեսում նորամուծության ներդրումը և ինովացիոն գործունեությունը հարկման առումով և բացառության կարգով կհամարվեն գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ և դրանց վրա կատարված ծախսերը համախառն եկամտից ամբողջությամբ կնվազեցվեն այն տարում, որ տարում որ կատարվել են։
ՀՀ կառավարությունը որոշել է ընդունել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի` Երևանում կառուցած արտաքին լուսավորության ցանցերը և այդ գույքը հանձնել ՀՀ սեփականությանը` ի դեմս ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության, որից հետո նվիրել Երևանի քաղաքապետարանին, որին օրենքով վերապահված է արտաքին լուսավորության կազմակերպումը։ Գործադիրը նաև համաձայնել է Գեղարքունիքի մարզի Նորատուսի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող «Ռադիո» ՓԲԸ բաժնետոմսերի ուղղակի վաճառքի արդյունքում համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 30 մլն 849 հազար 300 դրամի մի մասն ուղղել Պ. Սևակի փողոցի հիմնանորոգմանը, մյուս մասը` համայնքի գլխավոր հատակագծի մշակմանը։
Գործադիրը հաստատել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության խորհրդանիշի նկարագրությունը և ձևը։


«Արի տուն» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի

Կառավարության նիստի հավանությունն են ստացել Սփյուռքի երիտասարդների` Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» 2012 թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը, որոնց համաձայն այս տարի ակնկալվում է 800 սփյուռքահայ երիտասարդի այցելություն Հայաստան։ «Սա մեր հաջողված ծրագրերից է, և եթե տարվա ընթացքում ունենանք խնայողություններ, կարծում եմ, որ պետք է անդրադառնանք այս ծրագրին` ավելացնելով ֆինանսավորման ծավալը և փորձենք նաև կրկնապատկել մասնակիցների քանակը», -շեշտել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Փոփոխություն կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը դրանով իսկ կանոնակարգում է համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեությունը, այդ հաստատություններում բացառում ծնողներից անհարկի տեղեկանքների պահանջը։ Վարչապետը նշել է այս դրույթի, ինչպես նաև դրա վերաբերյալ բնակչությանն իրազեկելու կարևորությունը։ «Մենք գիտենք, և մեր քաղաքացիները նույնպես պետք է իմանան, որ նման տեղեկանքներ այլևս չեն պահանջվում», - ասել է նա։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ուկրաինայի Օդեսա քաղաքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծին։ Ուկրաինայում բնակվում է շուրջ 400 հազար հայ, իսկ երկրի հարավ-արևելյան շրջաններում, մասնավորապես Օդեսայում, Ղրիմում` մոտ 150-180 հազար։ Օդեսայում գլխավոր հյուպատոսության հիմնումը հնարավորություն կընձեռի պատշաճ մակարդակով կազմակերպել Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում, Ղրիմում և Մոլդովայում բնակվող ՀՀ քաղաքացիների հյուպատոսական ծառայությունների մատուցումը, ինչը ներկայումս դժվար իրագործելի է Կիևից հեռու լինելու պատճառով։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել քաղաքացիական պաշտպանության կառավարման, կապի ու ազդարարման համակարգերը հիմնելու և դրանց բնականոն գործունեությունն ապահովելու ուղղություններին, որոնցով սահմանվում են նշված համակարգերի վերաբերյալ հիմնադրույթները, ներկայացվող պահանջները, գործունեության սկզբունքներն ու մեթոդները։
Կառավարության որոշմամբ նոր խմբագրությամբ է շարադրվել «Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանելու մասին» որոշման հավելվածը։ Փոփոխությունների արդյունքում հստակեցվել են անտառօգտագործման տրամադրման հայտերը և ծրագրերին ներկայացվող պահանջները, օգտագործման տրամադրման կամ մերժման հիմքերը։
Իր որոշմամբ կառավարությունը սահմանել է «Քրեակատարողական ծառայության մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքների համապատասխանաբար 20-րդ և 14-րդ հոդվածներից բխող 2012 թ. վերապատրաստման և հատուկ ուսուցման ծավալները, ինչպես նաև մեկ հատուկ ուսուցում անցնողի կամ վերապատրաստվողի վերապատրաստման և հատուկ ուսուցման մեկ ակադեմիական ժամի արժեքները։
Գործադիրը որոշել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի կինոթատրոնի շենքը մասնավորեցնել մրցույթով, վաճառքի գնի 70 տոկոսն ուղղել ՀՀ պետբյուջե, իսկ 30 տոկոսը` համայնքի ֆոնդային բյուջե։
Կառավարության երեք որոշմամբ Երևան քաղաքի Աճառյան 20/3, Մոլդովական 12/1, Գյումրի քաղաքի Արևելյան փողոցի N3 հասցեներում գտնվող տարածքները սեփականության և անհատույց, անժամկետ օգտագործման, ինչպես նաև բաժնային սեփականության իրավունքով հատկացվել են այնտեղ բնակվող կարիքավոր քաղաքացիներին` ընդհանուր թվով 10 անձի։


Կատարելագործվում են սոցիալական ոլորտի օրենքները

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական կենսաթոշակների մասին», «Բռնադատվածների մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով կատարելագործվում են կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ ստանալու և մի շարք այլ հարցերի առնչվող իրավահարաբերությունները։
ՀՀ կառավարությունը քննության է առել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Հարությունյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում, ՀՀ ընտանեկան և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը և եզրակացրել, որ նույն կարգով ԱԺ ներկայացված կառավարության օրինագծերի փաթեթն առավել համապարփակ և ամբողջական կարգավորում է տալիս մարդու նշված իրավունքի իրացմանը` բացառելով վերջինիս առևտրային նպատակով օգտագործումը, ինչը թույլատրված է պատգամավորի ներկայացրած նախագծերի փաթեթով։ Այս պատճառաբանությամբ գործադիրը դեմ է օրինագծին և պնդում է նախագծերի փաթեթի իր ներկայացրած տարբերակը։
Օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։


Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի զարգացման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարությունների միջև պաշտպանության բնագավառում համագործակցելու համաձայնագրերի կնքման առաջարկություններին։
ՀՀ կառավարությունը որոշել է ֆինանսավորել ՀՀ տարբեր մարզերի ավելի քան չորս տասնյակ համայնքների ղեկավարների և ավագանու անդամների 2012 թ. փետրվարի 12-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը։
Գործադիրը երեք տարի գործողության ժամկետով հոգեմետ նյութերի ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր է տվել Երևանի «Լագի» ՍՊԸ-ին։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ