չորեքշաբթի, 14 փետրվարի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցավ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հարցով խորհրդակցություն, որին բացի համապատասխան հանձնաժողովի անդամներից, մասնակցում էին նաև նախարարներ: Քննարկվեցին Պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի հունվարի 20-ի նիստում վարչապետի կողմից տրված հանձնարարականի արդյունքում ներկայացված առաջարկները: Ըստ այդ հանձնարարականի, նախարարությունները պետք է կառավարման համակարգի կառուցվածքային բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ համակարգող նախարարներին ներկայացնեին իրենց դիտողություններն ու առաջարկները, վերջիններս էլ այդ ամենն ամփոփելուց հետո ներկայացնեին վարչապետի մոտ հրավիրվելիք այսօրվա խորհրդակցությանը:
Հայեցակարգի սկզբունքային մի քանի հարցերի վերաբերյալ խորհրդակցության մասնակիցները բուռն բանավեճ ծավալեցին:
Այն, որ պետական կառավարման ներկայիս համակարգը չի արդարացնում իրեն, ուռճացված է, բավականին դանդաղաշարժ, հստակորեն չհիմնավորված ենթակայություններով, փոխհարաբերություններով և պատասխանատվությամբ, հաստատեցին քննարկման բոլոր մասնակիցները, սակայն նոր համակարգի ներդրումը որքանո՞վ կլուծի նշված խնդիրները, այն պետք է ներդնել միանգամի՞ց, թե՞ որոշակի փուլերով, դարձավ քննարկման բուն թեման: Ինչպես «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագծում, այնպես էլ այս հայեցակարգում գործադիր իշխանությունում նախարարություններին վերապահվում է ոլորտի քաղաքականությունը մշակողի, այլ ոչ թե կատարողի գործառույթը, ինչով պետք է զբաղվեն համապատասխան տեսչություններն ու գործակալությունները: Պետական կառավարման մարմինների ֆունկցիաների հստակեցումն ու տարանջատումը, խորհրդակցության մասնակիցների կարծիքով, կբերի անհրաժեշտ կրճատումների, մեր իրականության մեջ հաճախ հանդիպող միմյանց կրկնող կառավարման մարմինների վերացման, ավելի պարզ, ճկուն համակարգի ներդրման, ինչի արդյունքում նաև պետության ֆինանսական միջոցները արդյունավետ ու նպատակային կծախսվեն:
Նախարարներից շատերն այն կարծիքին էին, որ այս կամ այն երկրի կառավարման համակարգի մոդելը օրինակելի համարելիս, չպետք է անտեսել տեղայնացման դեպքում դրսևորվող առանձնահատկությունները, հակառակ դեպքում գործընթացը իր նպատակին չի ծառայի և բացասական ազդեցություն կունենա:
Պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Արմեն Խուդավերդյանը զեկուցեց, որ 3 նախարարություններում՝ սոցիալական ապահովության, առողջապահության ու բնապահպանության, սկսվել են և շուտով կավարտվեն քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի և պաշտոնների անձնագրերի /նկարագրման/ մշակման աշխատանքները, ինչը հստակություն կմտցնի գործառույթների ու պաշտոնների անհրաժեշտության կամ ավելնորդության հարցում:
Այս աշխատանքը պետք է իրականացվի պետական կառավարման ամբողջ համակարգում՝ ՀՀ նախագահի, ԱԺ-ի, կառավարության, գործադիր մարմինների և մշտական գործող հանձնաժողովների աշխատակազմերի գործունեությունը հստակեցնելու նպատակով:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին և ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարին, վերոհիշյալ երեքից բացի մնացած նախարարություններում ևս այդ աշխատանքները արագ կազմակերպելու մեխանիզմներ մշակել, կազմել ժամանակացույց՝ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի ներուժից բացի այդ կազմակերպչական աշխատանքներում ընդգրկելով նաև նախարարությունների աշխատակիցներին: Բոլոր նախարարներին հանձնարարվեց մեկ շաբաթյա ժամկետում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ իրենց կարծիքները ներկայացնել կառավարության աշխատակազմ՝ ծանոթանալով նաև դրա վերաբերյալ ԱԺ-ի և օրերս Վենետիկի հանձնաժողովից ստացված դիտողություններին ու առաջարկներին: Մեկ շաբաթ հետո այդ ամենը կրկին կամփոփվի ՀՀ վարչապետի մոտ: