ուրբաթ, 10 փետրվարի 2012
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Քուվեյթի միջև բարեկամական հարաբերություններն առաջիկայում կշարունակվեն խորանալ և ընդլայնվել: «Երկու տարի առաջ դեսպանատուն բացելով Քուվեյթում՝ հայ-քուվեյթյան հարաբերությունները բարձրացան որակապես նոր մակարդակի: Մեր աշխատանքները պետք է բացահայտեն այն խնդիրները, թե որոնք են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը: Քուվեյթը կապիտալ արտահանող երկիր է և այդ առումով մենք պետք է կարողանանք առաջարկել հետաքրքիր ներդրումային ծրագրեր»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Դեսպանը նշել է, որ իր երկրի կառավարությունը ևս շահագրգռված է զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունները՝ տարբեր ուղղություններով:
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Քուվեյթի միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը՝ համատեղ ծրագրերի իրականացման ճանապարհով: Այդ համատեքստում, կողմերը քննարկել են Հայաստանում Հյուսիս-հարավ ավտոմայրուղու և 400 կմ երկարությամբ երկաթգծի կառուցման ծրագրերում քուվեյթյան կողմի հնարավոր մասնակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը և երկու երկրների միջև ավիաչվերթերի հնարավոր իրականացմանը:
Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին Տիգրան Սարգսյանին է փոխանցել Քուվեյթի վարչապետի ջերմ ողջույնները և կառավարության ղեկավարին հրավիրել է մասնակցելու իր երկրի անկախության տոնին նվիրված միջոցառումներին: