ուրբաթ, 9 հունվարի 2004
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Պոնտ Սենտ Մարի քաղաքի քաղաքապետ Պասկալ Ժան Ֆրանսուա Լանդրեանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Պարոն Պասկալ Լանդրեանին նշել է, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել մեր երկրի հետ համագործակցության հնարավորություններին ծանոթանալու նպատակով: Նա կարևորել է հատկապես տնտեսական և մշակութային փոխշահավետ գործակցության, ինչպես նաև Հայաստանի բնակավայրերից մեկի հետ առավել սերտ հարաբերությունների հաստատումը: Քաղաքապետն ընդգծել է նաև, որ Հայաստանի հետ համագործակցության համար մեծ խթան կարող է հանդիսանալ Պոնտ Սենտ Մարիի հայկական համայնքը, որի հետ քաղաքային իշխանությունները գործնական լավ կապեր են պահպանում: Որպես այդպիսի համագործակցության արդյունքներից մեկը, նա նշել է հայ համայնքի գործարարների ջանքերով Պոնտ Սենտ Մարիի տարածքում Հայաստանից բերված տարբեր քարատեսակների օգտագործմամբ նոր ավանի կառուցման ծրագիրը: Այդ նպատակով, ըստ նրա, արդեն իսկ որոշակի նախապատրաստական աշխատանքներ են կատարվել քարատեսակների ընտրության, արդյունահանման և արտահանման գործնական հնարավորությունների ուսումնասիրման ուղղությամբ: Որպես քույր քաղաքի հավանական թեկնածու՝ ընտրվել է Աշտարակը, կապեր են հաստատվել քաղաքի ղեկավարության հետ:
Համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը ողջունելի է համարել մեր երկրի հետ տարբեր բնագավառներում համագործակցության հաստատման ֆրանսիացի հյուրերի ցանկությունը: Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունը հնարավորինս կաջակցի նախատեսվող ծրագրերի իրականացմանը, մանավանդ որ դրանք, ըստ նախարարի, կնպաստեն նաև հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների առավել սերտացմանը: