հինգշաբթի, 1 մարտի 2012
Ուշադրության կենտրոնում են հանրությանը հուզող հարցերը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստից առաջ վարչապետը տեղեկացրել է, որ այս օրերին հրատարակիչներից, հեղինակներից, գրքի առևտրի կազմակերպիչներից ստացել է մի շարք դիմումներ գրքի թանկացման վերաբերյալ։ Տիգրան Սարգսյանի պահանջով խնդրո առարկայի վերաբերյալ բացատրություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարը (վարչապետի հարցերը և նախարարի պարզաբանումը կայքում տեղադրվել են առանձին)։
Հաջորդ հարցը, որին անդրադարձել է վարչապետը, Ազգային ժողովում քննարկվող «Հարկերի մասին», «Հողի հարկի մասին» և «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթն է, որով առաջարկվում է հողի հարկ և գույքահարկ վճարող անձանց ազատել չվճարված գույքահարկից և հողի հարկից, հաշվարկված տույժ-տուգանքներից։ Քննարկման ընթացքում նախագիծն էապես բարելավվել է, և ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալը նիստում ներկայացրել է այդ փոփոխությունները։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ յուրաքանչյուր համաներում առաջին հերթին հարվածում է պարտաճանաչ հարկատուներին, որովհետև պետությունը ներում է նրանց, ովքեր պարտաճանաչ չեն եղել։ «ԱԺ-ում առաջարկվող փոփոխություններն էապես մեղմացնում են այդ խնդիրը։ Իսկապես, մնում են այն խմբերը, որոնք փոքր պարտավորություններ ունեն, և դրանք օբյեկտիվ պատճառներով են ձևավորվել», - հավելել է վարչապետը։
Տիգրան Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ երեկ Ազգային ժողովում Հայ հեղափոխական դաշնակցության խմբակցությունն արծարծել է Երևան քաղաքում տրանսպորտի արդյունավետ կազմակերպման նոր առաջարկությունների քննարկման հարցը։ Մասնավորապես, պատգամավորները նշել են, որ հայ գիտնականները մշակել են տարբերակներ, որոնք կարող են օգտակար լինել։ Վարչապետը Երևանի քաղաքապետին առաջարկել է այդ թեմայով կազմակերպել քննարկում, որին, բացի խմբակցության անդամներից, մասնակցեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև Հանրային խորհրդի անդամներն ու հայ գիտնականները։
ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել 2011 թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքի հաշվետվությունը։
Կստեղծվեն նոր աշխատատեղեր
ՀՀ կառավարությունը թույլատրել է «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2015 թ. մարտի 3-ը։ Ընկերությունը, ուր աշխատում է 540 մարդ, կարի ծառայություններ է իրականացնում եվրոպական մատակարարի տրամադրած հումքով և 2008 թվականից ի վեր կատարել է 1.88 մլրդ դրամի ծառայություն։ Որոշման շնորհիվ կպահպանվեն աշխատատեղերը, կստեղծվեն նորերը և 2014 թվականին 2011 թ. համեմատ կկրկնապատկվի արտահանվող արտադրանքի ծավալը։
Իր երկու որոշմամբ գործադիրը սահմանել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հաստիքները, հաստատել ծառայության կանոնադրությունը, ուժը կորցրած ճանաչել նախկին որոշումներից մեկը։ Այս ամենի շնորհիվ կբացառվեն միմյանց կրկնող ստորաբաժանումները և գործառույթները, կապահովվի 2012 թ. հունվարի 7-ին ուժի մեջ մտած «Հայաստանի փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի կիրարկումը։
Փոփոխելով և լրացնելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, կառավարությունն ակնկալում է դրանով իսկ հստակեցնել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2009-2012 թթ. միջոցառումների մի շարք կետերի արդյունքները և կատարման ժամկետները, ծրագիրը համահունչ դարձնել ՀՀ օրենքների դրույթներին, ՀՀ կառավարության ծրագրերին։
ՀՀ կառավարությունն իր որոշմամբ սահմանել է, որ 2012 թ. պետբյուջեով նախատեսված պատմաճարտարապետական 18 հուշարձանի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և պեղման աշխատանքների ձեռքբերումն իրականացվում է բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարություն տալու։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված հուշարձանների վերականգնումն իրականացնող կապալառու կազմակերպությունների մասնագետները քաջածանոթ են աշխատանքի ընթացքում ծագող և մասնագիտական լուծում պահանջող տարաբնույթ խնդիրներին։
Կառավարության հավանությանն է արժանացել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որի նպատակն է Երևան քաղաքում կանոնակարգել գովազդային օրենսդրության վերահսկողությունը, ինչպես նաև հնարավորություն ստեղծել պատասխանատվության ենթարկելու գովազդին վերաբերող ՀՀ օրենսդրության խախտման համար։
Հայաստանի Հանրապետության մարզերի վերաբերյալ վերլուծական նյութերի հրապարակման նպատակով գործադիրը տրամադրել է 19 մլն 500 հազար դրամ։
Կֆինանսավորվեն տարածքային բաժինները
Իր երկու որոշմամբ գործադիրը սահմանել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման 2012թ. ծախսերի կատարման նորմատիվները, կանոնակարգել փորձաքննության ծառայությունների ձեռքբերման պետպատվերի իրականացման գործընթացը։
Մեկ այլ որոշմամբ փոփոխություն է կատարվել ավելի վաղ ընդունված որոշման մեջ և նոր խմբագրությամբ շարադրվել «Անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը»` համաձայն ՀՀ կառավարության հաստատած նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերի։
Կառավարության որոշմամբ «Ապարանի N2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին ամրացված ուսումնական մասնաշենքի մի մասն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացվել է «Ապարանի ռազմամարզական վարժարան» ՊՈԱԿ-ին։ Միաժամանակ «Ապարանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է` միացվելով «Ապարանի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին, ինչը կապահովի աշակերտների ուսումնառության բնականոն գործընթացը։
Իր երկու որոշմամբ գործադիրը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Երևան քաղաքի Մոսկովյան 33 ա հասցեում գտնվող շենքի 1900,5 քառ. մետր տարածքը և համապատասխան հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ին, իսկ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Ջրավազանի փողոցի N60 հասցեում գտնվող շենքի մի մասը` դասական աճուրդով։ Որոշումների նպատակն անշարժ գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավունքների փոխանցման ճանապարհով դրանց օգտագործման արդյունավետության բարձրացումն է։
Առաջնահերթ է հիվանդությունների կանխարգելումը
ՀՀ կառավարությունը հաստատել է՝
- ՀՀ առողջապահության նախարարության «Դեղորայքակայուն տուբերկուլոզի կառավարման ընդլայնումը ՀՀ-ում», «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում», «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն», «Առողջապահական համակարգի հզորացում» դրամաշնորհային ծրագրերի արտաբյուջետային հաշիվների միջոցների ծախսման 2012 թ. նախահաշիվները,
- ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպված դեղորայքի գնման ընթացակարգի արդյունքը` որպես նախարարության և «Նատալի ֆարմ» ՍՊԸ միջև 913 մլն 612 հազար 740 դրամ արժեքով գնման պայմանագիրն ուժի մեջ մտնելու պայման, հավանություն տվել արյան և արյան բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկության ազգային ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցին,
- ՀՀ Գեղարքունիքի մարզի 2012-2015 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը,
- ՀՀ մշակութային տարածքների ճանաչման չափորոշիչները,
- ՀՀ-ում կենդանիների և կենդանական ծագման մթերքի մեջ մնացորդների մոնիթորինգի ծրագիրը։
Միջազգային համագործակցություն
Հաշվի առնելով, որ ՌԴ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ն, 2003 թվականից առ այսօր իրականացնելով «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ 100 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարումը, ամբողջությամբ կատարել է պայմանագրերով իր առջև դրված խնդիրները և դիմել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն` վաղաժամկետ լուծել հավատարմագրային կառավարման պայմանագիրը, գործադիրը որոշել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին լիազորել ՀՀ անունից «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ հետ կնքել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ 100 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման պայմանագրի վաղաժամկետ լուծման համաձայնագիր։
Հաշվի առնելով «Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան» ծրագրի փակման պլանի վերջնական տարբերակը, գործադիրը փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը և ծրագրով իրականացվելիք գործառույթները ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի փոխարեն վերապահել ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկին։
Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը ՀՀ-ում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին հնարավորություն է տվել քաղաքական ապաստանի իրավունքի վկայականի և ճամփորդական փաստաթղթի փոխարեն ՀՀ ոստիկանությունից ստանալ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ։
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև ապրանքների (աշխատանքի, ծառայության) արտահանման և ներմուծման ժամանակ անուղղակի հարկերի գանձման սկզբունքների վերաբերյալ համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Գործադիրը հավանություն է տվել «Երիտասարդական քարտի միջոցով երիտասարդների տեղաշարժի վերաբերյալ մասնակի համաձայնագրին» ՀՀ-ի միանալու նպատակով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին դիմելու առաջարկին, ինչպես նաև 2012 թ. մարտի 26-27-ն ԱՊՀ անդամ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի հերթական նիստը Երևանում անցկացնելու նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացրել 7 մլն 93 հազար դրամ։
Կառավարության հավանությունն է ստացել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջև 2012 թ. փետրվարի 24-ին ստորագրված «Համայնքային ջրամատակարարման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է իրականացնել Մասիս, Էջմիածին և Աշտարակ քաղաքների և հարակից մի շարք բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի առավել կենսական, անհապաղ լուծում պահանջող խնդիրներին ուղղված միջոցառումները։ Ծրագրի ընդհանուր գումարն է 18 մլն ԱՄՆ դոլար։ Նիստում հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության ու Զարգացման միջազգային ընկերակցության միջև ստորագրված «Զարգացման երրորդ գործառնություն» ֆինանսավորման և վարկային, «Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ֆինանսավորման համաձայնագրերին։
Կանոնակարգվում է ներքին աուդիտի ոլորտը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Քաղաքացիական ծառայության մասին» և «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին, որը կոչված է կանոնակարգել «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատակիցների (քաղաքացիական ծառայողների) ծառայությանն առնչվող հարաբերությունները։
Նիստում կառավարության հավանությունն է ստացել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» և «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունմամբ կապահովվի այդ երկու օրենքների համապատասխանությունը։
Կառավարությունը քննության է առել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Հարությունյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է անչափահաս մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառել միայն այն դեպքում, երբ նրան վերագրվում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի կատարում։ Նախագծի վերաբերյալ կառավարությունն սկզբունքային առարկություն չի հայտնել։
Նիստում քննարկվել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ։ Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել օրինագծերին` դրանց մեջ մատնանշելով ներքին հակասություններ և անորոշություններ։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Այլ որոշումներ
Գործադիրը որոշել է նշանակել և անցկացնել Արմավիրի մարզի Նոր Կեսարիայի և Սյունիքի մարզի Չափնիի գյուղական համայնքների ավագանու անդամների արտահերթ ընտրություններ, ֆինանսավորել դրանց նախապատրաստման և անցկացման ծախսերը։
Կառավարության որոշմամբ մեկ տարի ժամկետով ռադիոակտիվ նյութերի ներմուծման արտոնագիր է տրվել Երևանի «Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական կենտրոն» ՊՈԱԿ-ին։
Գործադիրը փոխել է Կոտայքի մարզի Պտղնիի և Ջրվեժի, Սյունիքի մարզի Լիճքի գյուղական համայնքների հողերի մի մասի նպատակային նշանակությունը` համապատասխանաբար գազի ստորգետնյա պահեստարանների, բնակելի և հասարակական կառուցապատման, փոքր հիդրոէլեկտրակայանների և օժանդակ կառույցների շինարարության համար։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը: