չորեքշաբթի, 7 մարտի 2012
Կառավարության հետևողականությունն արդյունք է տալիս
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Վարչապետը հիշեցրել է, որ նախորդ նիստում անդրադարձ է եղել գրքերի թանկացմանը, պարզաբանվել, որ օրենսդրության մեջ գրքերի գնաճ հարուցող որևէ փոփոխություն չի կատարվել։ Նիստում նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին առաջարկվել էր ուսումնասիրել հարցը և ներկայացնել վերլուծության արդյունքը։ Հանձնաժողովի նախագահի խոսքով` ուսումնասիրությամբ պարզվել է, որ գրքերի գնի բարձրացումը հիմնականում պայմանավորված էր այս ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների սխալ ընկալմամբ։ «Ի դեպ, մեր մոնիտորինգը ցույց է տվել, որ բարձրացել են խիստ սահմանափակ թվով գրքերի գներ, - հավելել է նա։ - Ֆինանսների նախարարությունն արդեն տվել է համապատասխան պաշտոնական պարզաբանում, որն ամբողջությամբ կարգավորում է խնդիրը։ Տնտեսվարողները գոհ են պաշտոնական պարզաբանումից, որի արդյունքում համապատասխան փոփոխություններ կկատարեն իրենց հաշվառման ընթացակարգերում, և դրա արդյունքում առաջիկա մի քանի օրերի ընթացքում այն գրքերի գները, որոնք բարձրացել էին այս մի քանի օրերի ընթացքում, կվերադառնան նույն մակարդակ։ Այդուհանդերձ, օգտվելով առիթից` կոչ եմ անում բոլոր սպառողներին` եթե կտեսնեն, որ գրքերի գները, որոնք այս խնդրի կապակցությամբ բարձրացել են, չեն փոխվի, կմնան նույն մակարդակին, անպայման դիմել հանձնաժողովին»։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է հետևել իրադարձությունների զարգացմանը, որից հետո նորից անդրադառնալ այս խնդրին։
Վարչապետը, դիմելով առողջապահության նախարարին, շեշտել է, որ բժիշկ-մասնագետների ժամանակավոր ուղեգրման միջոցով մարզային առողջապահական կազմակերպություններում բժշկական ծառայությունների մատուցման ծրագիրը բավական արդյունավետ է։ «Մեր մարզային այցելությունները ցույց են տալիս, որ մարզերում սպասում են մեր բժիշկներին, և 2011 թ. նախարարության ներկայացրած հաշվետվությունը, որը ես նայեցի, այդ է վկայում։ Կարծում եմ, որ 2012 թվականին մենք պետք է նախապես ծրագիր ունենանք, որովհետև համայնքներում իսկապես սպասում են այս ծառայությանը, որպեսզի իրենք էլ իմանան` մեր լավագույն բժիշկները երբ կգործուղվեն մարզեր և ծառայությունները երբ կստանան, որպեսզի քաղաքացիներն էլ պլանավորեն` իրենք ինչպես են այդ ծառայությունից օգտվելու։ Օրինակ, Ագարակում մեր քաղաքացիները մեզ դիմում էին տարբեր ծառայությունների համար, ասում, որ ստիպված են գնալ մարզային կենտրոն կամ Երևան։ Իսկ եթե մենք իրենց հստակ ժամանակացույց տանք, իրենք էլ կպլանավորեն, որովհետև դա, կարծում եմ, հաջողված ծրագիր է և կարևոր»։
Կապահովվի սուբսիդավորման ծրագրի շարունակականությունը
Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ կատարել է փոփոխություն և լրացումներ, որոնք միտված են ապահովելու «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրի շարունակականությունը, ինչպես նաև նույնականացնելու սուբսիդավորման պայմանագրի օրինակելի ձևը, վարկավորման գործընթացն իրականացնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։ «Սա այն որոշումն է, որով մենք լրացուցիչ 7.5 մլրդ դրամ ենք տրամադրելու գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար, - հիշեցրել է վարչապետը։ - Գործընթացն սկսվելու է ապրիլին։ Սա սպասված որոշում է, մանավանդ գիտեք, որ մենք էժան գնով դիզվառելիք և պարարտանյութ ենք առաջարկում մեր գյուղացիներին, և այս ֆինանսական օժանդակությունը նրանց հնարավորություն կտա նաև այդ վճարումներն իրականացնել»։
Վերաբաշխելով 2012 թ. պետբյուջեն, փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին հատկացրել է 219 մլն 491 հազար 900 դրամ` գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային եղանակով (առցանց) իրականացնելու համար ձեռք բերված սերվերի դիմաց վճարումն իրականացնելու նպատակով։ «Երեկ մենք այցելել էինք կադաստր, - ասել է վարչապետը։ - Պետք է արձանագրենք, որ որակական փոփոխություն է տեղի ունեցել կադաստրում։ Մեր քաղաքացիները նույնիսկ չեն հավատում, որ այդ որակի ծառայություն այսօր հնարավոր է Հայաստանի Հանրապետությունում` լավագույն ստանդարտներին համապատասխան։ Կարծում եմ` մոտակա ամիսների ընթացքում նաև դրական արձագանքներ կստանանք մեր քաղաքացիներից, որովհետև նրանք սկսում են օգտվել այդ ծառայությունից։ Տարեկան շուրջ 400 հազար քաղաքացի է շփվելու կադաստրի հետ։ Մենք վերջապես ունենք ներդրված էլեկտրոնային համակարգ, էլեկտրոնային հաշվառում, թափանցիկ վերահսկողություն, և սա կարող ենք համարել մեր հաջողված ծրագրերից մեկը»։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ աղետների ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարությանը։ Լինելով աղետավտանգ երկիր, ունենալով բազմաթիվ աղետների դառը և ցավալի փորձ, Հայաստանը դեռ 2005 թ. միացել է Աղետները դիմակայելու ունակությունների զարգացման Հյոգոյի 2005-2015 թթ. գործողությունների ծրագրին և ակտիվ քայլեր է ձեռնարկում նախանշված գործառույթների իրագործման ուղղությամբ, ինչին միտված է սույն ռազմավարությունը։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը ՀՀ մարզպետներին հանձնարարել և տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկել է մարզերի և բնակավայրերի (համայնքների) զարգացման ծրագրեր ներառել սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումները։ Վարչապետը նշել է, որ կառավարությունը բավական հետևողական է այդ բնագավառում, ընդհանրապես սեյսմակայունության հարցում։ «Անհրաժեշտ է ներգրավել մասնավոր հատվածը, և համագործակցելով քաղաքաշինության նախարարության հետ` ներկայացնել այն ծրագրերը, որոնք բիզնեսի համար շահավետ են։ Այդ դեպքում մեր ծրագիրն ավելի մեծ ծավալ կստանա», - հավելել է Տիգրան Սարգսյանը։
«Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային միջոցների հաշվին» ծախսային ծրագրի իրականացման կազմակերպչական ծախսերի ֆինանսավորման նպատակով գործադիրը ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել է 21 մլն 133 հազար 600 դրամ։
Իր նիստում կառավարությունը հաստատել է «Տեխնոլոգիական խողովակաշարերի կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության ապահովման տեխնիկական կանոնակարգը», որը մշակվել է ՀՀ օրենսդրության համաձայն։
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրի 2012 թ. նախահաշիվը, որով նախատեսված ծախսերը ոչ միայն թույլ կտան կատարելագործել արդյունաբերական սեփականության գործակալության կողմից ազգային ընթացակարգով իրականացվող աշխատանքը և բարձրացնել փորձաքննության արդյունավետությունը, այլև հնարավորություն` բարձր արդյունավետությամբ կատարել մտավոր սեփականության բնագավառում ՀՀ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։ Նիստում հաստատվել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջոցներով ֆինանսավորվող «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ համար բժշկական և ախտորոշիչ սարքավորումների մատակարարման, տեղադրման և ուսուցման նպատակով անցկացված մրցույթի արդյունքը` 758 մլն 23 հազար դրամ պայմանագրային արժեքով. հաղթող է ճանաչվել «Մեդտեխնիկա պլյուս» ՓԲԸ-ի և «Բժշկական սարքավորումներ և սպասարկում» հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի կոնսորցիումը։
Վերաբաշխում կատարելով 2012 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացում` իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ, կառավարությունը գումար է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` Մարալիկ քաղաքի 9 կիսակառույց բնակելի շենքերի շինարարության ավարտի, Գյումրու Մուշ-2 թաղամասի նոր դպրոցի, Լոռու մարզի Լեռնապատի Ե. Դալլաքյանի անվան միջնակարգ դպրոցի, Երևանի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի, Արարատի մարզի Վեդի քաղաքի մշակույթի տան և մի շարք այլ օբյեկտների հիմնանորոգման և կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար։ Հաջորդ որոշմամբ 113 մլն 32 հազար դրամ է հատկացվել նույն նախարարությանը` աղետի գոտում կառուցված բազմաբնակարան շենքերի, բնակարանների, բնակելի տների և վերջիններիս կառուցապատման հողատարածքների պետական գրանցումն ապահովելու նպատակով։ Խնդրի առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Մենք փաստորեն Մարալիկում հարցը լուծում ենք, Երևանում լուծում ենք ծնողազուրկ երեխաների հարցը։ Ագարակում, Մեղրիում էլ ունենք ծնողազուրկ երեխաներով ընտանիքներ, որոնց նկատմամբ ունենք պարտավորություն»։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսքով` ամբողջ հանրապետությունում հաշվառված է 311 երեխա, որից 111-ն առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ են, 200-ը` մանկատան շրջանավարտներ։ Նախատեսված է Երևանում, Վանաձորում, Գյումրիում և Մարալիկում լուծել այս հարցը, քաղաքաշինության նախարարության հետ համապատասխան աշխատանքները կշարունակվեն Սյունիքի մարզում։
Վարչապետն առաջարկել է խնդրի լուծման համար օգտագործել անբնակ պետական շենքերը, ինչպես նաև անավարտ շինարարությունները։ «Շիրակի մարզում ընդհանրապես այդ անավարտ շենքերը շատ են, պետք է դրանցով էլ զբաղվել, նաև մասնավոր հատվածին տրամադրված շենքեր կան, անավարտ են մնացել, բնակիչները լքել են երկիրը, բայց շենքերը մնացել են», - ասել է Տիգրան Սարգսյանը և հավելել. «Երեկ մենք Արթիկում էինք, լավ վիճակում գտնվող շենքեր կան, որոնք մնացել են տարբեր հանրապետությունների ցուցաբերած օգնությունից, բայց անավարտ են, ու մարդ էլ չի ապրում։ Պետք է դրանց ապագայի մասին էլ մտածել։ Պետք է ձեռք բերենք, քաղաքացիներից գնենք այդ շենքերը և տրամադրենք կարիքավորներին»։
Կատարելագործվում է ռազմակրթական քաղաքականությունը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ռազմական կրթության հայեցակարգին, սպայական կազմի պատրաստության փուլերի ճանապարհային քարտեզին և ռազմական կրթության հայեցակարգի ապահովման միջոցառումների ծրագրին։ Հայեցակարգը մշակել է աշխատանքային խումբը, որն ստեղծվել էր 2010-2015 թթ. պաշտպանական բարեփոխման համատեքստում։ Որոշմամբ նախատեսվում է համակարգված եղանակով և ՀՀ օրենսդրության շրջանակում կարգավորել կադրային պահանջարկի հետ կապված խնդիրները։
Կառավարության հավանությունն է ստացել «Հայաստանի Հանրապետությունում 2012-2014 թթ. անտառների պետական մոնիտորինգի իրականացման ծրագիրը», որով նախատեսվում է ապահովել անտառների պահպանությունը, ընդլայնել ապօրինի ծառահատման և բացասական այլ գործողությունների դեմ տարվող աշխատանքի ծավալը և ոլորտում տիրող վիճակի թափանցիկությունը։ Հաստատվել է նաև 2012-2014 թթ. բույսերի պաշտպանության միջոցառումների ծրագիրը։
Գործադիրը համաձայնություն է տվել Երևանի քաղաքապետի` «Սահակյանշին» ՓԲԸ-ին ուղղակի վաճառքի ձևով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Ծովակալ Իսակովի պողոտային հարող հատվածում 5,3 հա հողամասի օտարման առաջարկությանը հետևյալ պայմանով. հողամասի օտարումից ստացված միջոցներն ամբողջությամբ ուղղվելու են Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև ընկած հատվածում 2,6 կմ երկարությամբ ավտոմայրուղու և շուրջ 1,9 կմ ուղետարների կառուցման կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը։ Հաջորդ որոշմամբ կառավարությունը հավանություն է տվել ավտոմայրուղու կառուցման ներդրումային ծրագրին, որը նախատեսվում է իրականացնել 3-7 տարում։ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված ֆինանսավորման շրջանակային համաձայնագրի իրականացման նպատակով գործադիրը հաստատել է քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի «Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը» և «Փոխհատուցման առանձին տեսակների հաշվարկման կարգը»։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը Երևանի քաղաքապետին լիազորել է իրականացնել Երևանի Վազգեն Սարգսյան N 3 հասցեում գտնվող ՀՀ արդարադատության նախարարության այրված շենքի և Զաքյան N 2/1 հասցեում գտնվող կաթսայատան և լաբորատոր շենքի քանդման աշխատանքները։ Այդտեղ կառուցվելու է նոր շենք։ ՀՀ վարչապետի հավաստմամբ` ճարտարապետական այդ լուծումները կներկայացվեն հանրության հրապարակային քննարկմանը։ «Մենք նաև մտադիր ենք այդտեղ տեղափոխել մեր գերատեսչություններից մի քանիսը` արտաքին գործերի, էներգետիկայի և բնական պաշարների, տարածքային կառավարման նախարարությունները։ Այնպես որ, առաջին քայլն ենք անում այդ ուղղությամբ, պետք է նոր շենքի ճարտարապետական լուծումները հաստատենք։ Երկու անգամ ավելի շատ տարածք կստանանք և կբարելավենք վիճակը», - եզրափակել է վարչապետը։
Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ կատարել է փոփոխություն, որը թելադրված է Արարատի մարզի Վեդի քաղաքի մշակույթի տան կառուցումը շինարարական արտադրության կազմակերպման կարգին համապատասխան ավարտին հասցնելու անհրաժեշտությամբ։ Արդյունքում ակնկալվում է 2012 թվականին ձեռք բերել շահագործման ենթակա մշակույթի տուն։
Կառավարության որոշմամբ «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի հենակետային վարժարան» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է և միացվել «Կապանի N2 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին։
Ստեղծվում է անշարժ գույքի օտարման իրավական հիմքը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու ՀՀ օրենքների նախագծերին, որոնք թելադրված են կառուցվող շինությունների նկատմամբ իրավունքների գրանցման իրավական հիմքերի ներդրման անհրաժեշտությամբ։ «Փաստորեն հարյուրավոր մեր քաղաքացիներ չարդարացված ռիսկի են դիմել և դրա հետևանքով հիմա խաբված են, չեն կարողանում ոչ բնակարան ստանալ, ոչ էլ իրենց գումարները։ Նաև քրեական գործ է հարուցված, որ հասկանանք` ինչ չարաշահումներ են տեղի ունեցել։ Այս մեխանիզմը փաստորեն կբացառի ապագայում նման երևույթների ի հայտ գալը», - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Գործադիրը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Հարությունյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» և «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է Հայաստանում ներդնել պետբյուջեի հաշվին լսողական սարքերի նոր` հավաստագրերի հիման վրա տրամադրելու համակարգ։ Տիգրան Սարգսյանը ողջունել է պատգամավորի առաջարկությունը և տեղեկացրել, որ գործադիրը պատրաստակամ է խնդիրը լուծել կառավարության որոշմամբ։
ՀՀ կառավարությունը քննության է առել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուզան Առաքելյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է երկրի սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերում սահմանել շահութահարկի գումարի նվազեցման արտոնություն։ Գործադիրը ոչ նպատակահարմար է համարել նախագծի ընդունումը, քանի որ արտոնության տրամադրումը կստեղծի հարկումից խուսափելու լուրջ հնարավորություն։
Օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Միջազգային համագործակցություն
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ՀՀ-ում և ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների տեղակայման համար անշարժ գույքի փոխադարձաբար տրամադրման համաձայնագրին համապատասխան գործադիրը Ռուսաստանի Դաշնությանը սեփականության իրավունքով անհատույց տրամադրել է 3 հա հողատարածք` 495.9 քմ ընդհանուր տարածքով շենքերի և շինությունների հետ միասին (Արզական, ՀՀ կառավարության «Աղվերան» հանգստի բազա), 1.0 հա ընդհանուր մակերեսով հողատարածք` ՌԴ դեսպանի կեցավայրի կառուցման նպատակով (Երևանի Աջափնյակի թաղամասում), Աշտարակ-Երևան խճուղու և «Վահագնի» թաղամասի հարևանությամբ, Երևանի Գրիգոր Լուսավորչի 13 հասցեում գտնվող 156 քմ հողատարածքը` շինության հետ միասին` ՌԴ դեսպանության հյուպատոսական բաժնի համար և 158 քմ հողատարածք հիմնական նախամուտք կառուցելու նպատակով, Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի տուն N 5/2 հասցեում գտնվող շենքերի և շինությունների համալիրը և նշյալ համալիրին պատկանող հողատարածքը։
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության կառավարությունների միջև երկու` ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության, ինչպես նաև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագրերի կնքման առաջարկություններին։ Ակնկալվում է, որ սույն փաստաթղթերը կնպաստեն Պայմանավորվող Կողմերի միջև ներդրումային և գործարար նախաձեռնությունների ակտիվացմանը, տնտեսական կապերի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, համագործակցության ընդլայնմանը։
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության կառավարությունների միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագրերի կնքման առաջարկություններին։ Համաձայնագրերը հնարավորություն կընձեռեն Հայաստանի և այս երկրների միջև զարգացնել երկարատև տնտեսական հարաբերություններ, ստեղծել հայ-վիետնամական և հայ-կորեական տնտեսական հանձնաժողովներ։
Այլ որոշումներ
Գործադիրը հաստատել է ՀՀ մարդու իրավունքերի պաշտպանի աշխատակազմի «Մարդու իրավունքների պաշտպանին միջազգային և դոնոր կազմակերպությունների կողմից հատկացվող ֆինանսական աջակցություն» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների 2012 թ. ծախսման նախահաշիվը։
Կառավարությունը փոխել է Սյունիքի մարզի Սառնակունքի և Վարդանիձորի գյուղական համայնքների հողերի մի մասի նպատակային նշանակությունը` համապատասխանաբար հասարակական կառուցապատման և փոքր հիդրոէլեկտրակայանի շինարարության համար։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը: