երեքշաբթի, 13 մարտի 2012
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են գրականության ոլորտի զարգացման խնդիրները
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ Երևանի նորաբաց «Զանգակ» գրատանը տեղի է ունեցել գրականության բնագավառի զարգացմանը վերաբերող խորհրդակցություն: Վերջինիս մասնակցել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, խոշոր հրատարակչությունների, գրավաճառ ընկերությունների ղեկավարներ և գրականության ոլորտի այլ ներկայացուցիչներ: Խորհրդակցության մասնակիցները նախ շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ գրքի գների աճի վերջին զարգացումներին արձագանքելու համար:
«Մեր գերագույն նպատակն է, որպեսզի Հայաստանի Հանրապետության հասարակությանը կրկին սկսի գիրք կարդալ: Եթե այս խնդիրը կարողանանք լուծել, ապա որպես ազգ կունենանք ապագա: Սկսած դպրոցից, մենք պետք է խրախուսենք ընթերցանությունը, որպեսզի մեր երեխաները կարդալու սեր ունենան, ընդ որում, մենք պետք է թիրախավորենք ազգային գրականությունը: Գրքի ոլորտից առաջացած հարկային եկամուտները անհրաժեշտ է ուղղել այս նպատակի իրականացմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նշել է, որ դա կլինի պետական ուղղակի սուբսիդիա՝ հայապահպանության և հայագիտության զարգացման գործում:
Կառավարության ղեկավարն առաջարկել է մշակել ընթերցանության ազգային հայեցակարգ և ձևավորել հասարակական խորհուրդ, որն էլ կմշակի ոլորտի զարգացմանն ուղղված քայլերն ու գործողությունները:
Շնորհավորելով «Զանգակ» գրատան բացման կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Ուրախ եմ, որ այս իրադարձությունը տեղի է ունենում Եղիշե Չարենցի ծննդյան օրը: Մենք պարտավոր ենք խրախուսել, որպեսզի հայ քաղաքացին իր կյանքը տեսնի գրքերի աշխարհում: Դա հնարավորություն կտա նրանց լինեն մտածող և ճիշտ կողմնորոշվել ժամանակակից աշխարհի փոփոխությունների ներքո: Սա թույլ չի տա մարդուն կորցնել իր արժեքային համակարգը, իսկ այդ արժեքները մենք ստանում ենք ժառանգաբար և դրա փոխանցման լավագույն ձևը գիրքն ու գրականությունն է»:
«Զանգակ» գրատունն ունի նաև թվայնացված գրականություն, դպրոցական էլեկտրոնային գրատախտակների կիրառությունն ապահովելու համար անհրաժեշտ ուսումնական նյութերի թվայնացված տարբերակներ և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ստացված այլ հրատարակչական արտադրանք: Գրատան հայեցակարգը կազմվել է գրավաճառ զարգացած ցանց ունեցող եվրոպական երկրներում գործող առաջատար գրախանութների փորձի համադրմամբ: