ուրբաթ, 23 մարտի 2012
Տիգրան Սարգսյանն ընդունել է Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակությանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Քրիստոս Պոլիզոգոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: «Մենք կարևորում ենք Հանրային խորհրդի աշխատանքները, որը հայ իրականության մեջ նոր ինստիտուտ է և առաջին քայլերն է կատարում: Տեսնում ենք, որ խորհուրդը հասարակությանը հուզող հարցերի քննարկման ոլորտում կարող է զբաղեցնել կարևոր դեր»,- նշել է վարչապետը: Տիգրան Սարգսյանն ասել է, որ այդ տեսակետից Հայաստանի Հանրային խորհրդի միջազգային համագործակցությունը և փորձի փոխանակումը խիստ օգտակար է:
Քրիստոս Պոլիզոգոպուլոսը տեղեկացրել է, որ Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի և Հայաստանի Հանրային խորհրդի միջև ստորագրվելու է համագործակցության հուշագիր, ինչը նոր խթան կհանդիսանա նաև հայ-հունական հարաբերությունների զարգացման գործում: Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահը նշել է, որ Հունաստանը որպես ԵՄ անդամ պետություն պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել բարեկամ Հայաստանին՝ եվրաինտեգրման ճանապարհին:
Զրուցակիներն անդրադարձ են կատարել Հունաստանում առկա տնտեսական, քաղաքական իրավիճակին և առաջիկա ծրագրերին:
Քրիստոս Պոլիզոգոպուլոսը Տիգրան Սարգսյանին է փոխանցել Հունաստանի վարչապետի ջերմ ողջույնները: