ուրբաթ, 16 հունվարի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ելույթը հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման ծրագրի շնորհանդեսին
Հարգարժան տիկնայք և պարոնայք,
Այսօր մենք հավաքվել ենք ոչ միայն կառավարության, այլ ընդհանուր առմամբ, մեր պետության, հասարակության ու նրա բոլոր շերտերի համար անչափ կարևոր մի փաստաթուղթ՝ «Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը» ներկայացնելու, խոսելու համատեղ ուժերով այն կյանքի կոչելու հնարավորությունների, պատրաստակամության ու համագործակցության մասին, վերահաստատելու մեր վճռականությունը՝ այդ արատավոր երևույթի դեմ պայքարում ջանքերը համատեղելու գործում: Կառավարությունը քաջ գիտակցելով երևույթի վտանգավորությունը՝ իր գործունեության ծրագրում առանձնակի կարևորել է պայքարը կոռուպցիայի դեմ, որի նպատակով դեռևս 2001թ. հունվարին վարչապետի որոշմամբ ստեղծվեց ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ծրագրերի հետ կապված աշխատանքները համակարգող հանձնաժողով: Վերջինիս գործունեության արդյունքում նույն թվականին, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, մշակվեց հակակոռուպցիոն ռազմավարության հայեցակարգը՝ հիմք դառնալով արդեն 2003թ. տարեվերջին հաստատված «Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի» համար: Այն քննարկվել է նաև գործադիր իշխանության գործունեության պատասխանատվությունը ստանձնած կոալիցիայի քաղաքական խորհրդում և արժանացել հավանության: Սակայն, կառավարությունը, չսպասելով ծրագրի մշակման ավարտին, դրան զուգահեռ, անցած 3-4 տարիներին որոշակի քայլեր է ձեռնարկել և՛ օրենսդրական դաշտում, և՛ պետական կառավարման համակարգում, որոնք ակնհայտ հակակոռուպցիոն բնույթ են կրում: Մասնավորապես, ներդրվել է քաղաքացիական ծառայության ինստիտուտը, որը կոչված է պաշտպանելու քաղաքացիական ծառայողներին, համակարգի կադրային նշանակումներում առաջնորդվելու ոչ թե նախասիրություններով, կամայականությամբ և այլ մոտեցումներով, այլ քաղաքացիական ծառայողի համար օրենքով սահմանված չափորոշիչներով:
«Գնումների մասին» օրենքի ընդունմամբ որոշակիորեն բարձրացել է պետական միջոցների ծախսման արդյունավետությունը և այժմ խնդիր ունենք ընդլայնելու այն սուբյեկտների շրջանակը, որոնց վրա պետք է տարածվի օրենքի գործադրումը:
Պարզեցվել և նվազագույնի է հասցվել պետական պաշտոնյայի հետ քաղաքացիների և իրավաբանական անձանց շփումը իրավաբանական անձանց պետական գրանցման, լիցենզավորման, նոտարիատի նոր համակարգերի ներդրմամբ:
Ներդրվել է նաև պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտը, մեծ աշխատանք է տարվել պետական կառավարման համակարգի բարեփոխումների ուղղությամբ: Կոռուպցիայի դեմ պայքարին միտված ավելի քան երեք տասնյակ օրենքների ցանկը կարելի է շարունակել, խոսել արդեն ներդրված համակարգերի կատարելագործման մասին, սակայն առավել կարևոր է, թե այսուհետ ի՞նչ քայլերով պետք է ամրապնդենք այդ ամենը և հստակեցնենք, թե ո՞րն է լինելու յուրաքանչյուրիս մասնակցությունը հակակոռուպցիոն պայքարում:
Մինչ այժմ տեղի ունեցած քննարկումներրի արդյունքում ընդունված միջազգային չափորոշիչներով և մեզ մոտ եղած քննարկումների արդյունքում մենք տարանջատեցինք կոռուպցիան երկու մակարդակում` վերևների և ներքևների կոռուպցիա: ԵՎ մինչև այժմ մեզ մոտ կատարված քայլերն ու կատարվող բարեփոխումները միտված են այդ երկու մակարդակներում էլ առկա երևույթի արմատները վերացնելուն: Այս առումով մեծ աշխատանք է կատարված, և ես կոչ կանեի մեր լրատվության միջոցներին, հասարակական կազմակերպություններին` ուշադրություն դարձնել և փորձել վերլուծել այն արդյունքները, որ ստացել ենք վերջին 2-3 տարիների ընթացքում, տեսնել թե ինչպիսի՞ փոփոխություններ տեղի ունեցան, ասենք, նոր տնտեսվարող սուբյեկտի գրանցման գործընթացում երկու տարի առաջվա համեմատ և այսօր ինչպիսի՞ն է իրավիճակը ֆիրմային անունների գրանցման, նոտարիատի, ռեգիստրի հետ կատարվող աշխատանքներում, լիցենզավորման գործընթացում: Մենք հսկայական աշխատանք կատարեցինք լիցենզավորող սուբյեկտները պակասեցնելու, բարդ լիցենզիաները պարզեցնելու, և այսօր մեծ քանակությամբ լիցենզիաներ տրվում են ընդամենը 2-3 օրվա ընթացքում` պարզեցված եղանակով, որտեղ դիմողը շփվում է ընդամենը մեկ հոգու հետ, առանց լրացուցիչ բացատրությունների, առանց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու: Արդյունքները այս գործընթացում տեսանելի են:
Ներկայումս աշխատանքներ են տարվում անցումային տնտեսության երկրների ևրոկովկասյան հակակոռուպցիոն նախաձեռնության հակակոռուպցիոն ցանցի հետ համագործակցության ստեղծման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների հատուկ խմբին /GRECO-ին/ անդամակցման ուղղությամբ: Առաջիկայում հանրության քննարկմանը կներկայացվի Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ ազգային զեկույց:
Ցանկանում եմ ընդգծել կոռուպցիայի դեմ պայքարում հատկապես քաղաքացիական հասարակության բոլոր ինստիտուտների ակտիվ մասնակցության կարևորությունը: Պետք է հաղթահարել թերահավատությունը, որ սովորաբար լինում է տարբեր ծրագրերի նկատամամբ: Մեզ համար անչափ կարևոր է հասարակության ու ԶԼՄ-ների անհանդուրժողական վերաբերմունքը այդ չարիքի նկատմամբ: Մյուս կողմից՝ իշխանությունները իբրև քաղաքական կամքի արտահայտություն, պետք է կարողանան ժամանակին արձագանքել հասարակության կողմից ցուցաբերվող այդ անհանդուրժողականության դրսևորումներին: Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ ԶԼՄ-ներում տարբեր միջոցառումների ժամանակ հաճախակի բարձրացվում են իրոք ուշադրության արժանի հարցեր, որոնք անպատասխան են մնում պետական մարմինների կողմից: Դա վերաբերում է ե՛ւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ե՛ւ նախարարություններին, գերատեսչություններին: Իրոք հարցը հասունացած է լինում, մամուլում դրա մասին փաստացի, հիմնավոր ներկայացումներ են լինում և հաճախակի գերատեսչությունները, նախարարությունները ուղղակի պատասխանելու համար ձևական կողմն ապահովող թուղթ են նախապատրաստում ու ուղարկում իբև պատասխան, բայց իրականում հարցը չի լուծվում: Սա ես համարում եմ մեր հասարակության, պետական կառավարման մարմինների ամենամեծ բացթողումներից մեկը, երբ չենք կարողանում ժամանակին արձագանքել այն երևույթներին, որոնց դեմն ի սկզբանե պարտավոր ենք առնել: Մենք կարևորում ենք հասարակության մասնակցությունը և մեր միջոցառումների ծրագրում էլ այդ գործոնի վրա մեծ շեշտադրում ենք արել ու փորձելու ենք համապատասխան նախարարությունների, պետական կառավարման մարմինների գործունեության ընթացքում մեծ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե ինչպիսի՞ արձագանք են ունենում բարձրացված հարցերը: Դա կդառնա նաև այդ պետական մարմինների աշխատանքի գնահատման չափորոշիչնեչից մեկը: Կան հսկողության բազմաթիվ մեխանիզմներ` դա և կառավարության վերահսկողության ծառայությունն է, և մեր համապատասխան իրավապահ մարմինների գործունեությունը, որտեղ մենք ուղղորդված այդ հարցերի նկատմամբ հսկողություն կսահմանենք: Եթե արատավոր երևույթների նկատմամբ անընդհատ գրում են ու միանգամից դեմը չենք առնում և երկրորդ, երրորդ անգամ են գրում, նշանակում է` այդ նախարարությունում, գերատեսչությունում ինչ- որ բան տեղում չէ:
Ի վերջո մեր խնդիրը պետք է լինի կոռուպցիան ծնող և դրա տարածումը խթանող պատճառների ու պայմանների վերացումը, ժողովրդավարական ինստիտուտների կայացումը, քաղաքացիական հասարակության և իրավական պետության հիմնավոր հաստատումը, պետության մեջ օրենքի գերակայությունը, օրենքի առջև բոլորի հավասարության և պատժի անխուսափելիության սկզբունքի կիրառումը, ազատ տնտեսական մրցակցության ապահովումը, տնտեսության զարգացումն ու աղքատության նվազեցումը:
Այս ամենի ապահովման համար համապատասխան կառույցներ գոյություն ունեն, որոնք այդ ուղղությամբ պայքարում են, աշխատանքեր են իրականացնում, սակայն ցավոք, բոլորս էլ գիտակցում ենք, որ այդ պայքարի արդյունավետությունն այն չէ, ինչ կցանկանայինք տեսնել: Եթե այդպես չլիներ, հետևաբար մերժելի այդ երևույթներն այսչափ չէին խորանա, որ մենք ստիպված լինեինք համազգային, համապետական ծրագիր ունենալ դրանց դեմ պայքարելու համար: Իհարկե, սա բնորոշ չէ միայն Հայաստանի Հանրապետությանը, այս խնդիրն ունեն բոլոր երկրները: Ուղղակի հարցն այն է, թե ի՞նչ խորություն, ի՞նչ տարածում ունի այս հիվանդությունը և ինչպիսի՞ միջոցներ են ձեռնարկվում դրա դեմ պայքարելու, այն կանխարգելելու համար: ԵՎ ամենակարևորը` մենք քաղաքական կամք ունե՞նք այդ երևույթի դեմ պայքարելու: Պետության, քաղաքական ուժերի քաղաքական կամքը դրսևորվելու է օրենքի առջև բոլորիս հավասար լինելու հանգամանքով: Մինչև վերջ կարողանալու՞ ենք այդ կամքը դրսևորել, թե՞ ոչ, այդ հաստատակամությունը մենք ունե՞նք, թե՞ ոչ: Հասարակությունը ամենից շատ դա է գնահատում` հաստատակամության առկայությունը: Արդյունքները միանգամից չենք կարող ստանալ, ակնկալել, որ միանգամից վերացվելու են այդ երևույթները, բայց միտումը, հաստատակամությունը, պատրաստակամությունը հասարակությունը պետք է զգա և գնահատի:
Կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում, արդյունավետ իրավական դաշտի ապահովմանը զուգահեռ, անչափ կարևորվում է ւ պետական կառավարման համակարգի թափանցիկությունն ու այն հասարակության համար մատչելի դարձնելը, դատաիրավական համակարգի բարեփոխումները, ծրագրի իրագործման, դրա ընթացքի վերահսկողության ու մոնիթորինգի գործընթացին քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը:
Կառավարությունը լիահույս է, որ հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի իրագործման ընթացքը կլինի համընդհանուր ուշադրության ներքո, այն կատարելագործելու, բացթողումները լրացնելու, հարկ եղած դեպքում՝ վերափոխելու, յուրաքանչյուր տարի անհրաժեշտ միջոցառումներով համալրելու առաջարկների պակաս չի լինի, որը մենք պատրաստակամ ենք քննարկելու, լսելու ամենասուր և որ կարևորն է՝ կառուցողական քննադատությունները՝ ծրագիրն առավել արդյունավետությամբ իրագործելու մղումով:
Վերջում ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել ծրագրի մշակմանը աջակցություն ցուցաբերած, այդ գործընթացին ակտիվորեն ներգրավված ու անմիջական մասնակցություն ունեցած բոլոր հասարակական ու միջազգային կազմակերպություններին, անհատներին, այդ թվում ՀԲ-ին, ԵԱՀԿ-ին, Հայաստանում ներկայացված դիվանագիտական ներկայացուցչություններին, որոնք մեր մտահոգությունները նաև իրենցը համարելով, շահագրգիռ մոտեցում ցուցաբերեցին ծրագրի մշակումը նախաձեռնելուց ի վեր և այժմ էլ պատրաստակամ են դրա իրագործմանը սատարելու:
Մենք ակնկալում ենք բոլորիդ աջակցությունը, կոչ ենք անում կառավարության հետ համագործակցել այս ծրագիրը կյանքի կոչելու համար: Շնորհակալություն: