երեքշաբթի, 10 ապրիլի 2012
Վարչապետ. «Մեր պարտքն է ստեղծել հայության ուժերը համախմբող պլատֆորմ»
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Մեդիամաքս» լրատվական գործակալության «50 գլոբալ հայերը» նախագծի շնորհանդեսին: Նախագծի նպատակն է ներկայացնել ծագումով Հայաստանից կամ նախկին ԽՍՀՄ-ից այն հայազգի մարդկանց, որոնք ապրում են արտասահմանում, հասել են հաջողությունների, սակայն լայն հասարակությանը հայտնի չեն: Նախագիծը կներկայանցի «մարդկային պատմություններ» ոչ միայն նրանց աշխատանքային հաջողությունների, այլև կենցաղի, ընտանիքների մասին:
Շնորհավորելով նախագծի գործարկման կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Այս նախագիծն «Հայկական աշխարհ» հայեցակարգի ներքո իր մեջ պարունակում է կարող ուժերին համախմբող ներուժ, որի միջոցով մենք կկարողանանք բազմապատկել մեր ազգի կարողությունները: Այսօր աշխարհով մեկ սփռված են տաղանդաշտ բազմաթիվ հայեր, որոնք հասել են մեծ արդյունքների, սակայն հայ հասարակությունն ընհանրապես տեղյակ չէ նրանց մասին, այն պարագայում, երբ նրանք կարող են օգտակար աշխատանք կատարել մեր երկրի ու ժողովրդի համար: Մեր պարտքն է ստեղծել նրանց ուժերը համախմբող պլատֆորմ և այս նախաձեռնությունն ուղղված է այդ խնդրի լուծմանը: Առանց այս գործոնի՝ զարգացում չի կարող լինել և դա պետք է լինի հայ ազգի մրցակցային առավելությունը»:
Վարչապետն ասել է, որ այդ տրամաբանության ներքո է գործունեություն ծավալում նաև Հայաստանի ազգային մրցունակության խորհուրդը, որը հայկական աշխարհի փիլիսոփայությամբ փորձում է համախմբել համայն հայության կարողությունները և դրանով բարձրացնել մեր երկրի մրցունակությունը: «Ազգային մրցունակության խորհրդի անդամներն սփյուռքում հաջողություն հասած մարդիկ են: Խորհրդի աշխատանքներին մասնակցելու համաձայնություն ենք ստացել նաև Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար Արա Դարզիից, ով պատրաստակամություն է հայտնել իրականացնելու հայանպաստ գործունեություն»,- տեղեկացրել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով՝ այսպիսի մարդիկ ողջ աշխարհում շատ կան և այն նախագծերը, որոնք հնարավորություն են տալիս համախմբել նրանց մեկ նպատակի ներքո՝ ունեն մեծ և հեռանկարային նշանակություն:
«50 գլոբալ հայերը» նախագծի առաջին պատմությունը Բոստոնում ապրող բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանի մասին է, ով այժմ աշխատում է CM&Partners ընկերությունում՝ որպես ավագ խորհրդատու: